Սեդա Սաֆարյանի ՍԴ-ական ֆալստարտը
Երեկ Ազգային ժողովում (ԱԺ) միայն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության ներկայությամբ իրեն էր ներկայացնում Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի՝ կառավարության թեկնածուն՝ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Իր ելույթի սկզբում ինքն իրեն գովքն անելով՝ որպես իրավաբան և մարդ, կարևորելով իր բնավորության համառությունը՝ Սեդա Սաֆարյանն անդրադարձավ իրեն հոգեհարազատ թեմաների:
«Հատկանշական է, որ իրավունքի գերակայության և սոցիալական արդարության ներկայիս պատճառներից մեկն իրավաբանական կրթության ոլորտում վատագույն ավանդույթների ներմուծումն է՝ կաշառակերություն, հովանավորչություն, բացասական սելեկցիա, ինչը խիստ բացասաբար է անդրադարձել նոր սերնդի բազմաթիվ իրավաբանների իրավաընկալման և արժեքաբանության վրա»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Ապա ներկայացրեց կենսագրական տվյալներ՝ չմոռանալով նշել, թե ներդրում է ունեցել Հայաստանում իրավունքի զարգացման գործում:
«Պրակտիկ մասնագիտական գործունեությունս ուղեկցվել է մեծ մաքառումներով, իրավունքը պաշտպանելու համար տրված կռիվներով, որը հիմնականում եղել է օրվա իշխանության ձևավորման բնույթով՝ որպես հետևանք, իրավունքի և օրինականության նկատմամբ վերջիններիս անհարգալից վերաբերմունքով, իրավունքի և օրենքի գերակայության համար ստեղծված արհեստական արգելքներով»,- ՔՊ-ականների առջև իր մասին հայտարարեց Սեդա Սաֆարյանը:
Ըստ նրա՝ քաղաքական իշխանության անիրավակարգ բնույթը ծնել էր մի զուգահեռ իրականություն, վարքագծի չգրված օրենքներ, որոնք ազդել են օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ձևավորման օրինականության, կառուցակարգային դիմադրողականության և մտածողության վրա:
Նա նշեց նաև, որ շատ է կարևորում, թե օրվա իշխանությունն ինչպիսին է ցանկացել տեսնել երկրի իրավական համակարգը:
«Եվ կարծում եմ, որ բոլոր նախկին իշխանություններն այս համակարգը հարմարեցրել են իրենց քաղաքական շահերին»,- նշեց Սեդա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ 2018թ.-ից է, որ Հայաստանում հետապնդվել է սահմանադրական ժողովրդավարություն դառնալու նպատակ:
Այնուհետև Սեդա Սաֆարյանը բողոքեց, որ 1996 և 1999թթ. անցել է դատավորների պիտանելիության ցուցակ, 100-ից 100 է հավաքել, բայց ոչ մի առաջխաղացում չի ունեցել, ասաց, որ անձնական փորձով է տեսել՝ ինչպես է տեղի ունենում իրավունքի և կուսակցական քաղաքականության սերտաճում: Հետո սկսեց գնահատականներ տալ, թե իր փոխարեն դատավորներ նշանակվեցին մասնագիտական ճանապարհով աչքի չընկածները, որոնց մի մասի իրականացրած արդարադատության արդյունքում, ըստ նրա, Հայաստանը դասվեց քաղաքական բանտարկյալներ ունեցող երկրների շարքում:
Բնականաբար, Սեդա Սաֆարյանի քաղաքական գնահատականներով լի ելույթի մեխը Մարտի 1-ի թեման էր:
«Պետությունը հասարակական չեզոք արբիտր լինելու փոխարեն՝ դարձավ դարձավ շահառու կողմ՝ դրանից բխող սարսափելի հետևանքներով: Այս փաստագրումները ես անում եմ, որպեսզի վերահաստատեմ, որ անցյալին վերադարձ չի լինելու, և այս իրողությունը պետք է բոլորս ճանաչենք թե այս դահլիճում, թե դրանից դուրս, ճանաչենք՝ որպես ժողովրդի անբեկանելի սահմանադրական կամք»,- առանձնակի ոգևորությամբ ասաց Սեդա Սաֆարյանը:
Հաջորդիվ Սեդա Սաֆարյանն այնպիսի հայտարարություն արեց, որը թերևս հաղորդում էր հանցագործության մասին, և կամ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հայտարարությամբ, կամ ՍԴ ապագա դատավորին պատասխանատվության ենթարկեն զրպարտության համար:
«Ես նաև կոնկրետ փաստերով և կոնկրետ անձանցով պայմանավորված՝ ունեմ ձևավորված համոզմունք, որ 1998-99թթ. սկսած՝ դատավորների կողմից կատարվել են քաղաքական չեզոքության բազմակի խախտումներ, կոռուպցիոն դրսևորումներ, ոչ արհեստավարժ մոտեցումներ»,- ասաց Սեդա Սաֆարյանը՝ չմոռանալով վկայակոչել արդարադատության գործող նախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ դատական իշխանության վերաբերյալ աղմկահարույց ու տխրահռչակ զեկույցը:
Մարդը փաստացի նշում է կոնկրետ տարեթվեր, ասում, որ ունի փաստեր, թե այդ թվականներին որ դատավորն ու ինչքան կաշառք է ստացել, կոռուպցիոն ինչ դրսևորումների մեջ է թաթախված եղել և քանի անգամ ու ինչ գործերով է խախտել քաղաքական չեզոքությունը:
Այլ թեմա է, իհարկե, քաղաքական չեզոքությունից խոսող Սեդա Սաֆարյանի ընդհանուր առմամբ մոտ 32 րոպե տևողությամբ երկու ելույթների քաղաքական ձևակերպումների «գոհարները»:
Սեդա Սաֆարյանը շատ երկար խոսեց նախկին իշխանությունների մասին, տվեց բազմաթիվ գնահատականներ թե դատական, և թե քաղաքական իշխանության հասցեին, ապա կրկին խոսեց Մարտի 1-ից, պարծեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մարտի 1-ի գործով իր հաղթանակներից, այն հանգամանքից, որ իր գործերով, օրինակ, Վճռաբեկ դատարանում կայացվել են նախադեպային որոշումներ, և միայն իր 24 րոպեից ավելի ելույթից 6 րոպե նվիրեց Սահմանադրական դատարանին, սահմանադրական արդարադատությանն ու գործիքակազմին՝ իհարկե, իր նախընտրելի ոճի մեջ:
Սեդա Սաֆարյանը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է:
Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ասում է՝
Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
Ցանկացած իրավաբան, պատգամավոր, իրավունքի և քաղաքականության հետ քիչ թե շատ առնչվող ցանկացած անձ կարող է լսել կամ կարդալ Սեդա Սաֆարյանի վերը բերված ելույթի վերաբերելի հատվածները և ինքնուրույն եզրահանգման գալ՝ արդյո՞ք Սեդա Սաֆարյանն օրենք չի խախտել և կարող է դառնալ ՍԴ դատավոր:
Սեդա Սաֆարյանը չբավարարվեց, սակայն, ընդհանուր քաղաքական գնահատականներ տալով, ևս մեկ ելույթ ունեցավ, որում արդեն կոնկրետ անդրադարձավ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին:
«Ես այս մարդկանց հետ, մեր ընդդիմադիր գործընկերների հետ տարիներով առնչվել եմ և երևի ամենալավը գիտեմ, թե իրենք որ քրեական գործերով և ինչ են արել, ինչպես են արել, ուր են հասցրել մարդկանց»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Վերջինս նկատեց՝ մի տարի և 10 ամիս ինքն այդ մեծ գործով (ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործը.- Գ.Ս.) դա տեսել է, երբ մի տարի 10 ամիս նույն բանն են ասել:
«5-7 հոգով նույն բանն են ասում, հետո նորից մի «կռուգ» էլ են գնում, որ այդ օրվա նիստը չկայանա, առաջընթաց չունենանք: Ես դրան անդրադարձա, որովհետև այն մարդիկ, ովքեր ինձ հետ Սահմանադրությունից պետք է խոսեին, դատարանի դահլիճում չէին կարողանում մի տարի 8 ամիս Սահմանադրության 3-4 հոդվածի վերլուծությամբ միայն զբաղվեին ու առաջ չգնային»,- ասաց ՍԴ ապագա դատավորը:
Սեդա Սաֆարյանը իշխող ՔՊ-ականներին ասաց, թե գիտի՝ ինչո՞ւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն եկել ու իրեն հարցեր չեն տալիս:
«Որովհետև հարցը կտան, բա պատասխանը ի՞նչ կստանան, այ էդ գիտեն իրենք՝ ինչ կստանան, դրա համար չեն եկել»,- հայտարարեց նա:
Իհարկե, ինքն իրեն որպես փայլուն ու բազմափորձ իրավաբան ներկայացնող Սեդա Սաֆարյանը մոռացավ հիշեցնել, որ չլինեին իր ասած, իր օպոնենտների՝ մեկ տարի 8 ամիս տևած սահմանադրական վերլուծությունները, ինքը դեռ մինչ օրս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում 300.1 հոդվածով հարուցված շինծու գործով կողմ կլիներ, և հենց այդ վերլուծություններն էին, որ, ի վերջո, այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն հասցրեցին: Այլ հարց է, որ Սեդա Սաֆարյանի համար միգուցե անձնական ողբերգություն է այդ հոդվածի չեղարկումը Քրեական օրենսգրքում:
Բայց վերադառնանք բուն խնդրին:
Սեդա Սաֆարյանին հիշեցնենք, որ ՍԴ-ում, բացի անհատական գանգատներից և ՀՀ նախագահի ու ՄԻՊ-ի դիմումներից, քննվում են նաև ԱԺ պատգամավորների 1/5-ի դիմումների հիման վրա ՍԴ մուտքագրված դիմումները: Եվ երբ Սեդա Սաֆարյանն իր ելույթի մի ստվար հատված նվիրում է կոնկրետ ընդդիմադիր պատգամավորներին վարկաբեկելու փորձերին, ո՞նց է պատկերացնում՝ ինչպե՞ս է ՍԴ-ում քննելու նրանց կողմից բերված դիմումը: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում ներկայացնեն այս կամ այն հոդվածի սահմանադրականության հարցով, Սեդա Սաֆարյանը պետք է ինքնաբացարկ հայտնի:
Ինչևէ, իր երկրորդ ելույթի ավարտին Սեդա Սաֆարյանը փորձեց արդարացումներ գտնել իր բացահայտ քաղաքական բովանդակության ելույթների համար:
«Դատավորները պարտավոր են դրսևորել մասնագիտական սկզբունքայնություն և քաղաքացիական խիզախություն, պահպանելով անգամ պաշտոնական սահմանափակումները՝ ըստ անհրաժեշտության պետք է բարձրացնեն իրենց մասնագիտական ձայնը հանրությանը հուզող իրավական հիմնախնդիրների վերաբերյալ»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Ժամեր անց Սեդա Սաֆարյանը, իհարկե, ընտրվեց ՍԴ դատավոր 107 պատգամավորներից միայն ՔՊ-ականների 65 ձայներով, իսկ Սեդա Սաֆարյան-Վահե Գրիգորյան տանդեմն, ինչ խոսք, իրավական գրագիտության, սահմանադրական արդարադատության նոր բարձունքներ կնվաճի ՍԴ-ում: Մեզ մնում է միայն փաստել՝ Նիկոլ Փաշինյանի պլանի իրագործումը՝ ՍԴ-ի հետ կապված, հասցվում է իր տրամաբանական ավարտին: