Վարչապետն ասաց՝ ինչ թուղթ բերել են, ինչքան ուզել են, տվել եմ, իսկ նախկինում դրա 5-10 % հնարավորությունը չի եղել. Խաչատուր Սուքիասյան
Ես տեղյակ չեմ, որ թիմի հետ հանդիպումներ եղած լինեն: Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, որ կեղծ լուրերը բավականին շատ են՝ անկախ նրանից, թե ինչին է դա վերաբերում: Նույն պատերազմի ժամանակ տարբեր սուտ լուրեր, լկտի ստեր՝ էլ էս տարածքն են գրավել, էլ էն: Լավ, մեղք չի՞ էս ժողովուրդը: Պատկերացրեք՝ ինչ սթրեսի մեջ են:
Այս մասին Ազգային ժողովում, ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյո՞ք ՔՊ-ի ներսում եղել են քննարկումներ՝ կապված Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հետ, ասաց ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Լավ, չե՞ն պատկերացնում, որ մեր զավակներն են էնտեղ զոհվում, մեր բալիկները, մեր հայ երեխեքն են, մեր հայ զինվորը: Զինվորը հերոս է, զինվորն իր երկրի պաշտպանությունը, սահմաններն է ապահովում: Ու ես խոնարհվում եմ բոլոր նահատակների առջև: Դրանք մեր հերոսներն են: Ու ցանկացած հայ մարդ պետք է մտածի՝ ո՞նց անի, մեր երկիրն ուժեղացնի, մնացած ամեն ինչը սրիկայություն եմ համարում»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:
Վերջինս ասաց՝ երբ ընդդիմությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հեռացում, ՀՀ ժողովուրդը գնաց ու ձայն տվեց:
«Որովհետև ՀՀ ժողովուրդը նույնպես գիտակցում է, որ միշտ պատերազմելով, սթրեսների մեջ, անկանոն ապրելով՝ հնարավոր չէ: Մենք պետք է զարգանանք, հզորանանք և բարեկեցություն ապահովենք բոլորին, կրթություն ապահովենք, առողջապահություն, հզոր բանակ ունենանք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Ըստ նրա՝ շատերին թվում է, թե հզոր բանակը պատերազմելու համար է, այնինչ զենք ձեռք են բերում, որ զսպես մնացածին:
«Ո՞ր իշխանությունը կուզի՝ ինքը ձախողում ունենա, թույլ լինի… Վարչապետն ասաց՝ ինչ թուղթ բերել են, ինչքան ուզել են, տվել եմ: Իսկ նախկինում դրա 5-10 տոկոս հնարավորությունը չի եղել»,- նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում