«Վիճակը նորմալ է, բայց մշտապես պետք է զգոն լինենք, թուրքն էլի իր սև գործը կանի». Սահմանամերձ Արփունք գյուղի բնակիչ

Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղի բնակիչ Գրիգոր Ավետիսյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ պահին Վարդենիսում և հարակից հատվածներում իրավիճակը հանգիստ է, կրակոցների ձայներ դեռևս չկան։

«Ինքս սահմանամերձ գյուղում եմ ապրում, այստեղ նորմալ է, բայց Սոթքում ավերածությունները շատ են, խաղաղ բնակիչների տներն է ավերել թշնամին, տեղի զորամասին են խփել։ Հիմա մարդիկ փորձում են աստիճանաբար անցնել իրենց առօրյա գործերին։

Ես մի բան գիտեմ՝ մշտապես պետք է զգոն լինենք, թուրքն էլի իր սև գործը կանի, նրանց վրա հույս դնենք, թե վերջ, արդեն խաղա՞ղ ենք ապրելու, չէ, այդպես մտածելը սխալ է, ուղղակի պետք է ազգովի համախմբվենք։ Բոլորս հայ ենք ու բոլորս պետք է զինվորի կողքին լինենք»,- նշեց Արփունքի բնակիչը։

Ըստ նրա, այս պահին եղբոր տղան ծառայության մեջ է, եթե նա մի պահ մտածի, որ իր թիկունքի գյուղերում մարդիկ չկան, կմտածի՝ վերջ, ինքը մեն մենակ է մնացել թշնամու դիմաց, բայց երբ նա և առհասարակ զինվորները գիտեն, որ իրենց թիկունքում գյուղերն են, խաղաղ բնակիչները, իրենց ընտանիքները, առանց վարանելու առաջ կգնան։

Կարդացեք նաև

«Հիմա եթե մարդիկ գյուղերից փախնեն, այդ զինվորներն ո՞ւմ պաշտպանեն, դրա համար բոլոր բնակիչներն իրենց գյուղերում են։ Հիմա որտեղ որ կրակոցներ են եղել, անասուններին տանելու եմ այդ հատվածներից 1-2 կմ հեռավորության վրա արածեցնեմ, որ զինվորը ինձ տեսնելով, մտածի՝ իր պաշտպանության կարիքը զգացող բազմաթիվ մարդիկ են իր թիկունքում, բա սարի վրա դիրքերում կանգնած զինվորը իր թիկունքում մարդ չտեսնի՞։ Այսինքն՝ մենք մեր զինվորին չպետք է հիասթափեցնենք, ինքը մեզանով է հույսով»,- նշեց մեր զրուցակիցը։

Սահմանամերձ գյուղի բնակիչը զրույցն ավարտելով՝ ժողովրդին ևս մեկ անգամ համախմբման կոչ արեց՝ ընդգծելով, եթե որևէ մեկը չկա, ում շուրջ կարող են համախմբվել, ապա կարող են համախմբվել զինվորի շուրջ, քանի որ թշնամու այս հարաբերական լռությունը դեռևս չի նշանակում, որ վաղը Հայաստանն ու հայ ժողովուրդը խաղաղ են ապրելու։

«Մենք հանուն մեր հողի, հայրենիքի՝ միշտ ամեն ինչի պետք է պատրաստ լինենք»,- եզրափակեց Գրիգոր Ավետիսյանը։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բաքուն էլ երեկ իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է միակողմանիորեն Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին փոխանցել 100 հայ զինծառայողի դի։

Տեսանյութեր

Լրահոս