«Ես որդուս շիրիմին խոստացել եմ, որ մեղավորը պետք է պատժվի». Սիսիանի դիրքերում մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայողի հայր
2022 թվականի հուլիսի 14-ին Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, սակայն դեպքից 8 ամիս անց կատարվածը մնում է չբացահայտված։
Մահացած հայտնաբերված զինծառայողի հայրը՝ Արմեն Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 օր առաջ քննիչն իրեն տեղեկացրել է, որ մինչև ամսվա վերջ այս գործով դատական նիստ է նշանակվելու:
«Մի 2 օր առաջ եմ խոսել քննիչի հետ, հարցրեցի՝ ինչո՞ւ է դատն ուշանում, պատասխանեց՝ մարտի մեջ պետք է լինի դատը, խոսքը դիրքի ավագի մասին է, որը դեպքից հետո կալանավորվել էր:
Մի պահ ես իմացա, որ դիրքի ավագին ազատ են արձակել, տարել են Կապանի դիրքեր՝ ծառայության, հետո դատախազը թե ով բողոքարկել էր, որ անհիմն են ազատ արձակել, նորից հետ են բերել Գորիսի բերդ»,- պատմեց մահացած զինծառայողի հայրը:
Արսեն Մանուկյանի սպանությունը սկզբում որակել էին ինքնասպանություն, սակայն կարճ ժամանակ անց, ինչպես հարազատներն էին հայտնել՝ բացառել էին այդ վարկածը, ուստի հետաքրքրվեցինք, թե մասնավորապես այդ վարկածի վերաբերյալ իրենց ի՞նչ են փոխանցել Քննչական կոմիտեից.
«Հիմա արդեն այլ բան են ասում: Քննիչն ասաց՝ ասում են՝ տղայիս վրա մինչև մահը քերծվածք է եղել, նաև ասաց, իբր տղայիս օրգանիզմում սպիրտ է հայտնաբերվել: Ասում են՝ պետք է դեռ ճշտեն, թե այդ սպիրտը ոնց է հասել դիրքեր և այլն: Ուշագրավ է, որ, թե քերծվածքի, թե օրգանիզմում ալկոհոլ հայտնաբերելու մասին սկզբում որևէ բան չեն ասել, էս վերջերս նոր ասացին:
Սկզբում, որ ինքնասպանություն էին որակել, հարցրեցի՝ ինչի՞ միանգամից ինքնասպանություն որակեցիք, պատասխանեցին՝ քննիչները չեն արել, չաստից սկզբում ոստիկանությանն այդպես են հաղորդել, բայց պետք է քննենք, տեսնենք՝ ինչ է: Քննիչն ասաց՝ մի փոքր բան է մնացել, դա էլ պարզվի, ու վերջ…
Իրենց դիրքի անձնակազմից մի 2-3 հոգի ասել են, որ դիրքի ավագն Արսենի հետ վիճաբանություն ունեցել է, ասել է՝ կապ ունի տղայիս մահվան հետ: Ես փորձել էի առերեսում ունենալ այդ դիրքի ավագի հետ, բայց թույլ չտվեցին, ես այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ չեմ ուզում անմեղ մարդ դատվի այս գործով, բայց նաև պնդում եմ, որ մեղավորը պետք է պատժվի: Արսենը չէր կարող նման քայլի գնալ՝ ինքնասպանություն գործեր, նա 1 տարի 1 ամսվա ծառայող էր և, եթե անգամ նման քայլի էլ գնացած լինի, ուրեմն դրդող է եղել, հենց այնպես հո չէ՞ր դնի իրեն սպանի: Ամեն դեպքում ինձ մոտ լիքը կասկածներ կան…»:
Արմեն Մանուկյանն ասաց, որ դեպքից ավելի քան 8 ամիս է անցել, բայց չի դադարում հավատալ, որ որդու սպանությունը բացահայտվելու է և մեղավորը պատասխանատվության է ենթարկվելու, պայքարելու է այնքան, մինչև բացահայտվի ճշմարտությունը.
«Ես ասել եմ՝ մինչև վերջ պետք է գնամ, հասկանամ՝ էս ի՞նչ կատարվեց իմ երեխու հետ, հո հավի ճուտ չէ՞ր, երեխա պահես, ուղարկես բանակ, սպասես, որ հես ա տուն է գալու, ու հանկարծ այսպես… Ես որդուս շիրիմին խոստացել եմ, որ մինչև վերջ գնալու եմ…»:
Արսեն Մանուկյանը ծնվել էր 2003 թվականի հունիսի 16-ին, ծառայության էր մեկնել 2021 թվականի հունիսի 21-ին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 14-ին մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով:
Դեպքից 2 ամիս անց Քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցել էին, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 522 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում:
«Հաջորդ օրը ձերբակալվել էր ծառայակից Ա․ Զարգարյանը։ Հուլիսի 17-ին քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, որը հուլիսի 18-ին դատարանը բավարարել է։ Նախաքննությունը շարունակվում է, տվյալ անձը մինչ այս պահը կալանավորված է»,- պատասխանել էին ՔԿ-ից։