ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքի վրա

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սոթքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարող տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է:

«Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվության ձեռքբերման իրավունքը ոտնահարելու այս փորձին, որն ուղղված է խոչընդոտելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»,- գրել է Հունանյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 14-ին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, որտեղ այդ պահին իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում հայ և արտասահմանցի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց թվում էին նաև «Արմենպրես»-ի թղթակից Կարեն Խաչատրյանը, լուսանկարիչ Հայկ Մանուկյանն ու օպերատոր Հովհաննես Մկրտչյանը: Կարեն Խաչատրյանը նշեց, որ լրագրողների ուղղությամբ երկու արկ է ընկել: «Տուժածներ չկան»,-նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս