Ադրբեջանը ՀՀ-ն արևմուտքում ներկայացնում է ռուսամետ, Ռուսաստանում՝ արևմտամետ. Փաշինյան

«Կարծում եմ, որ կա աշխարհաքաղաքական գործոնը՝ որպես այս հարձակումների պատճառ: Դուք տեսնո՞ւմ եք աշխարհաքաղաքական գործոնը»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ նշեց, որ այդ թեմային անդրադարձել է Վլադիվոստոկում  վերջերս ունեցած Արևելյան տնտեսական ֆորումում ունեցած իր ելույթում:

«Այո, կա աշխարհաքաղաքական կոնտեքստ, որովհետև Ադրբեջանը բավական երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը. գնում է Արևմուտք, Արևմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է՝ որպես խիստ ռուսամետ պետություն, և Արևմուտքում, այսպես ասած, փորձում է առաջ մղել Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը՝ Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:

Իսկ Ռուսաստանի հետ հաղորդակցություններում Հայաստանը ներկայացնում է՝ որպես խիստ արևմտամետ պետություն, որը Եվրամիության, ԱՄՆ-ի հետ ինտենսիվ հարաբերություններ ունի, և փորձ է անում ՌԴ-ում ստեղծել ըմբռնում, որ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել՝ պայմանական ասած՝ արևմտամետ քաղաքականության  համար: Եվ փորձ է անում ՌԴ-ում ըմբռնում ստեղծել՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ  չի բացառում, որ և՛ Արևմուտքում, և ՛ ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնց այս գաղափարները դուր են գալիս կամ իրենց մտածածին համահունչ են:

«Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ես հույս ունեմ, համոզված եմ, որ պետական մակարդակում նման ընկալում չկա: Նաև այդ քաղաքականության առումով, եթե նկատել եք, վերջին շրջանում  ինտենսիվացրել ենք մեր շփումները և ՌԴ-ի, և արևմտյան երկրների հետ՝ նրանց բացատրելու, որ այդ խոսույթը բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ: Որովհետև այսպիսի ասացվածք կա, որ կիսաճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան սուտը:

Այն, որ Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ՝ ռազմաքաղաքական, դա փաստ է, չի կարելի հերքել: Այն, որ Հայաստանը ինտենսիվ շփումներ ունի արևմտյան երկրների հետ՝ սերտ համագործակցում ենք ԵՄ երկրների հետ, ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսություն ունենք, դա էլ է փաստ, բայց այն համատեքստը, որը փորձում է ներկայացնել Ադրբեջանը, բացարձակապես կապ չունի իրականության հետ, որովհետև Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, որը հավատարիմ է իր պարտավորություններին»,- հավելեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս