Ադրբեջանի քաղաքացիները դադարե՞լ են, թե՞ շարունակում են գալ Հայաստան

Տարեսկզբի առաջին 3 ամիսներին Ադրբեջանից, որպես զբոսաշրջիկ, Հայաստան էր եկել 3 քաղաքացի։ Ադրբեջանցիները համարձակվել էին գալ ու նույնիսկ մի քանի օր մնալ Հայաստանում։

Խոսքը զուտ Ադրբեջանի քաղաքացիների մասին է։ Ազգությամբ ադրբեջանցիներ Հայաստանում էլի եղել են ու այսօր էլ հավանաբար կան։ Բայց նրանք ներկայանում են հիմնականում այլ երկրների քաղաքացիների անվան տակ։

Սակայն այն, ինչ տարեսկզբին արձանագրել էր պաշտոնական վիճակագրությունը, վերջին տասնամյակների համար արտառոց դեպք էր։ Ճիշտ է, խոսքն ընդամենը 3 զբոսաշրջիկների մասին էր, բայց դա ոչ մի նշանակություն չուներ։

Ադրբեջանից «զբոսաշրջիկների» մուտքը Հայաստան շատերին էր զայրացրել։ Ու հավանաբար դա է եղել պատճառը, որ պաշտոնապես երկրորդ եռամսյակում «զբոսաշրջային» նոր »հոսքեր» չեն եղել այդ երկրից։

Տարվա առաջին կեսի տվյալներով՝ պաշտոնական վիճակագրությունն այդ երկրից 3 զբոսաշրջիկի մուտք է արձանագրել։  Այսինքն՝ այնքան, ինչքան եղել էր առաջին եռամսյակում։ Չնայած դա բոլորովին չի նշանակում, որ ադրբեջանցիներն ընդհանրապես դադարել են գալ Հայաստան։ Նրանք նախընտրում են դա անել այլ երկրների անվան տակ։

Խոսքն ինչպես Իրանի, այնպես էլ՝ Թուրքիայի մասին է։ Թուրքիայի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց այդ երկրից տարեկան մի քանի հազար զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան։ Նրանց մի մասը մեր հայրենակիցներն են, սակայն քիչ չեն նաև ազգությամբ թուրքերը, նաև ադրբեջանցիները։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին Թուրքիայից Հայաստան է եկել 3341 զբոսաշրջիկ։

Սա գրեթե 3 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Բնականաբար, դրա վրա առկա է Քովիդի ազդեցությունը, բայց հավանաբար որոշակի դեր է խաղացել նաև Հայաստանի իշխանությունների կողմից սկսված մերձեցման քաղաքականությունը թուրքերի հետ։

Իշխանությունները երկրի դռները բացել են նրանց, նաև ադրբեջանցիների առաջ ու արդեն էստի համեցեք են կանչում։ Պատրաստվում են բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հասկանալի է, որ երրորդ երկրներից մեկն էլ լինելու է Ադրբեջանը։

Վերջերս էլ Հայաստանի 3 վայրում սահմանային անցակետեր են դրել՝ ադրբեջանցիներին սպասարկելու համար։

Այդքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե թուրքական ու ադրբեջանական հոսքերը Հայաստան մինչև ուր կարող են հասնել։

Այս տարի Թուրքիայից զբոսաշրջիկների հոսքն ակտիվ է եղել հատկապես երկրորդ եռամսյակում։

Առաջին եռամսյակում եկել էր՝ 1244, երկրորդում՝ 2097 զբոսաշրջիկ, 853-ով կամ 68 տոկոսով ավելի շատ։

Թուրքիան, որպես այդպիսին, այս պահին մեծ կշիռ չունի Հայաստանի զբոսաշրջային հոսքերի մեջ, թեև ակտիվություն այդ երկրից նկատվում է։

Ազգությամբ ադրբեջանցիները Հայաստան են գալիս ոչ միայն Թուրքիայից, այլև Իրանից, նաև աշխատելու նպատակով։

Տարվա առաջին կեսին Իրանից եկել է ավելի քան 48 հազար զբոսաշրջիկ։

Տարբերությունը նախորդ տարվա համեմատ 81 տոկոսով ավելի է։ Թե նրանց ո՞ր մասն է եղել ազգությամբ Ադրբեջանից, վիճակագրությունը չի առանձնացնում։ Թեև պարզ է, որ հոսքերի ավելացումն ավելացնում է նաև նրանց թիվը։

Այս տարի ընդհանրապես զբոսաշրջության ակտիվություն կա։ Նաև այլ երկրների պարագայում։

Տարվա առաջին կեսին, որպես զբոսաշրջիկ, Հայաստան է եկել 588,7 հազար քաղաքացի։ Անցած տարվա նույն ժամանակ եկել էր 243 հազար։ Տարբերությունը 2,4 անգամով ավելի է։

Ակնհայտ է, որ հոսքը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է, բայց նույնիսկ 2,4 անգամ աճից հետո դեռևս չի հասել նախկին մակարդակներին։

2019թ. առաջին կեսին Հայաստան էր եկել 770 հազար զբոսաշրջիկ՝ 181 հազարով ավելի շատ, քան եկել է այս տարի։

Այս տարվա զբոսաշրջային հոսքերը դեռ 23 տոկոսով զիջում են 2019թ. մակարդակը։

Հոսքերը չեն հասել նաև 2018թ. մակարդակին։ Այն ժամանակ էլ Հայաստան էր այցելել 704 հազար զբոսաշրջիկ։ Տարբերությունն այս տարվա հետ 116 հազար է։ 2018թ. առաջին կեսին այդքանով ավելի շատ մարդ էր եկել Հայաստան զբոսաշրջության նպատակով, քան եկել է այս տարի։

Այս տարվա զբոսաշրջային հոսքերն ավելի քիչ են նաև 2017թ. համեմատ։ Այն ժամանակ էլ տարվա առաջին կեսին Հայաստան էր այցելել 649 հազար զբոսաշրջիկ. 61 հազարով ավելի շատ, քան այս տարի։

Ահա այսպիսին է եղել վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջային հոսքերի փոփոխությունը։ 2020-2021թթ. անկումից հետո, այս տարի դրանք մասամբ վերականգնվել են, բայց դեռ հեռու են նախորդ շրջանին հասնելուց։

Ենթադրվում է, որ այդ շրջանի համեմատ տարբերությունները կպահպանվեն նաև տարեկան կտրվածքով, որքան էլ այս տարի որոշակի նպաստավոր պայմաններ են ստեղծվել Հայաստան զբոսաշրջային հոսքերի ակտիվացման համար։ Խնդիրը կապված է հատկապես Ռուսաստանի տնտեսության ու քաղաքացիների տեղաշարժի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ, ինչը հայաստանյան ուղղությունը նախընտրելիներից մեկն է դարձրել ռուս զբոսաշրջիկների համար։ Թերևս, նաև դրանով է պայմանավորված այն ակտիվությունը, որը կա այդ երկրից։

Իհարկե, վերջին տարիներին Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի հիմնական զբոսաշրջային գործընկերը և այս տարի էլ շարունակում է մնալ այդպիսին։

Տարվա առաջին կեսին այդ երկրից այցելել է 251 հազար զբոսաշրջիկ, ինչը 2,6 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս