«Փաշինյան-Ալիև զույգից մեկը ստում է». Տարասով
Ադրբեջանը վերջին տասնօրյակի ընթացքում հետևողականորեն սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և Արցախի ուղղությամբ:
Վերջին օրերի ընթացքում ՀՀ ՊՆ-ն զբաղված է ադրբեջանական հաղորդագրությունները հերքելով իբրև թե հայկական սադրանքների մասին: Իսկ այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ այսօր առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե:
Ըստ Ստեփանյանի, քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են: Նա Ադրբեջանի գործողությունները համարել է Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույց։
Թուրք-ադրբեջանական կայքերի համաձայն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակին հրամայել է մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը։ Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, բոլոր զինատեսակների, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում գրավված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարները։ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մասնակիցները «մանրամասնորեն վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղում տիրող օպերատիվ իրավիճակն ու տիրող կացությունը»։
Այս հռետորաբանությանը զուգահեռ՝ վերջին շրջանում Թուրքիան ու Ադրբեջանը կրկին ակտիվացրել են զորավարժությունների քաղաքականությունը: Գյանջայում օրերս մեկնարկել էր Ադրբեջանի և Թուրքիայի օդային ուժերի համատեղ զորավարժությունը՝ «TurAz Kartalı-2022», իսկ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հատուկջոկատայինները մասնակցում են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին, թեև այս զորավարժությանը մասնակցում են զինվորականներ այլ երկրներից ևս:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այստեղ բազմաթիվ տարօրինակություններ կան։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս լարվածությունը տեղի է ունենում բրյուսելյան բանակցություններից հետո: Ըստ նրա, Բրյուսելում եղել է քննարկման թեմա, երկար բանակցություններ են ընթացել, ինչը նշանակում է, որ կողմերը քննարկելու բան ունեն, այլապես չէին հանդիպի:
«Նրանք հանդիպել են, հետո հնչել են դրական հայտարարություններ: Ավելին՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն էր Հայաստանում, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք երկու բանակցային պլացդարմ՝ Մոսկվա և Բրյուսել: Իսկ թե ում է ձեռնտու լարվածությունը՝ քննարկման թեմա է:
Հիմա ամենահետաքրքիր թեման այն է, թե ինչո՞ւ ունենք երկու գործընթաց՝ բրյուսելյան և մոսկովյան։ Մոսկվայում սահմանազատման, ապաշրջափակման մասին է խոսքը, իսկ ի՞նչ են քննարկում Բրյուսելում․․․ հասկանալի է, որ զուգահեռաբար այս երկու գործընթացները ոչնչի չեն հանգեցնելու:
Այսինքն՝ կա երկու կենտրոն, և անհասկանալի է՝ ո՞վ է առաջնորդում գործընթացը՝ Բրյուսե՞լը, թե՞ Մոսկվան: Եթե Բրյուսելը և Մոսկվան պայմանավորված լինեին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ՝ կլիներ հասկանալի, բայց մենք գիտենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն տապալվել է ամբողջովին:
Պարզ է, որ արևմտյան համանախագահներnվ ասում են, թե նոյեմբերի 9-ից հետո Մոսկվայի միջնորդությամբ փաստաթղթերը ժամանակավոր են, կրում են շրջանակային բնույթ, և հարկավոր է նոր փաստաթուղթ, կա նաև ԼՂ կարգավիճակի հարցը, հակամարտությունը լուծված չէ:
Լավ, ուրեմն առաջարկեք նոր փաստաթղթի պրոյեկտ: Այստեղ նաև անհասկանալի է, թե ինչու է Ալիևը գնում Բրյուսել:
Հայաստանը, հասկանալի է, գուցե Ղարաբաղյան անկլավի թեման է, այստեղ տրամաբանություն կարելի է գտնել, բայց դա հակասում է Փաշինյան-Ալիև շփումներին, ինչ-որ բլեֆ կա այս ամենում: Կողմերից մեկը ստում է, կա՛մ Ալիևը համաձայն է Ղարաբաղի հայերին ինչ-որ հատուկ կարգավիճակ տրամադրել միջազգային վերահսկողության ներքո, կա՛մ Փաշինյանը հանձնում է ողջ Ղարաբաղն Ադրբեջանին, այս դեպքում Ալիևը նրա հետ պայմանավորվում է: Քանի դեռ չկա պարզաբանում այս ամենի կապակցությամբ, թվում է, որ ռազմական բախումներ կարող են լինել, քանի որ Ալիևը գործում է ուժի դիրքից, նա իրականացնում է դեմարկացիան իր սցենարով»,- նման կարծիք հայտնեց Տարասովը:
Ռուս քաղաքագետը չի գտնում, թե հարցը միջանցքն է: «Եթե միջանցքին ուղղված լինի այս ամենը՝ դա նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտում է, չեմ կարծում, թե Ալիևը փորձի վատթարացնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, դա նրան ձեռնտու չէ: Ներկայումս այլ փուլ է՝ բացվում է ուղիղ միջանցք Մոսկվա-Բաքու-Թեհրան, երկաթուղային հաղորդակցություն, ներկայումս Փաշինյանն ու Ալիևը հրավիրվել են Ուզբեկստան, այստեղ այլ մակարդակի խաղեր են՝ ավելի գլոբալ, և Ղարաբաղյան հակամարտությունն այլևս ակտուալ չէ և կրում է մասնավոր բնույթ:
Ալիևը տվյալ իրավիճակում լուծում է իր տակտիկական խնդիրները և ճնշում է բանեցնում Փաշինյանի նկատմամբ»,- ասաց Տարասովը:
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ շատ են պարադոքսները, և ամենակարևորը, որ կողմերը գաղտնի բանակցություններ են վարում:
Տարասովի կարծիքով՝ Բաքու-Թեհրան-Երևան, Բաքու-Մոսկվա-Երևան, Բաքու-Բրյուսել-Երևան, Բաքու-Երևան-Անկարա եռանկյունիներում հարցականներ կան, և այս իրավիճակում նույնիսկ կանխատեսումներ անելը բարդ է:
«Գուցե կա մի հանգույց, որի մասին մենք չգիտենք: Ալիևը ցանկանում է իր սցենարով: Գուցե կա մասնավոր խնդիր, որի մասին չգիտենք, ու Ալիևը սրանով դա է լուծում: Մոսկվային այս ամենը ձեռնտու չէ, պետք չէ պատերազմ, քանի որ Ռուսաստանն ունի պատերազմ Ուկրաինայում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին՝ Տարասովն ասաց, որ տեսականորեն հնարավոր են շփումներ Փաշինյանի մասնակցությամբ: «Պարզապես պետք է հասկանալ՝ արդյո՞ք Պուտինը տրամադրված է լինելու, քանի որ ՇՀԿ-ում նա գլոբալ հարցեր է քննարկելու, իսկ Կովկասի եռանկյունին այս ամենի մեջ կորցնում է իր կարևորությունը: Արդյոք Պուտինը դրան ուշադրություն կհատկացնի՞ և կխաղարկի՞ այդ քարտը, բարդ է ասել»,- նկատեց Տարասովը: