Բաժիններ՝

«Վահան Քերոբյանն ասաց՝ ոչ թե խաղողը հանձնի գինու գործարան, այլ դու հանձնվի՝ աշխատի․ քո հողն էլ ծախի օլիգարխներին»․ արմավիրցի խաղողագործ

Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այցելել է Արմավիրի մարզ, հետևել խաղողի մթերումների ընթացքին, քննարկել առկա խնդիրները։

«Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ հանդիպել ենք Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքների խաղողագործների հետ, որոնց մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման ծավալները և վճարման ժամկետները։

Այցելել ենք նաև Պռոշյանի կոնյակի գործարան,Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Նոր Ամասիայի խաղողի մթերման կայան և ՄԱՊ ընկերություն, շրջել ենք արտադրամասերով և զրուցել խաղողի մթերման ընթացիկ աշխատանքների շուրջ»,- գրել է նախարարը։

Կարդացեք նաև

Թե ի՞նչ է քննարկել նախարարը խաղողագործների հետ և ի՞նչ լուծումներ է առաջարկել, 168.am-ը պարզեց Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի բնակիչներից։

Գյուղացիներից Տոնական Կարապետյանը նախարարի հետ հանդիպել է Ամասիա համայնքում, բարձրացրել իրենց հուզող հարցերը, որ 1 կիլոգրամ խաղողը 120 դրամով մթերելու դեպքում գյուղացին վնասներ է կրելու, փոխարենը՝ Վահան Քերոբյանը, որպես լուծում, գործնական առաջարկ է արել․

«Վահան Քերոբյանն ասում է՝ խաղող մի՛ մշակեք, տվեք չգիտեմ՝ ում, գնացեք գործարանում աշխատեք, տարեկան 4 միլիոն, խաղողից այդքան չի լինի։ Քերոբյանին ասացի՝ հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, կգցեմ ամբողջ խաղողները կքանդեմ, որովհետև 120 դրամն անգամ ինքնարժեքը չի, մոտավորապես 150 դրամ է 1 կիլոգրամ խաղողը նստում մշակողի վրա։ Ասի՝ բերեք նստենք հաշվենք, բոլորը կքանդեն այգիները ու երկիրը կկանգնի կատաստրոֆայի առաջ։ Հայաստանի գյուղատնտեսության եկամտաբեր ճյուղը խաղողն ու ծիրանն են, եթե դա չլինի, Հայաստանի գյուղատնտեսությունը դառնում է 0, իսկ երկրին պահողը հողն է։

Ասացի՝ ուղարկում եք 300.000-400.000 դրամով գործարանում աշխատելու, ձեր նախարարներից մեկին ուղարկի, թող գա ինձ մոտ ջուր անի, ես եռակի ավելի փող կտամ, խառնվեցին իրար՝ չէ, չի լինի։ Բա եթե մի մարդ սիրում է հողի հետ աշխատել, ասում ես՝ գնա տանկ քշի, կարելի՞ է նման բան ասել, նորմալ նախարարն էդպիսի բան կասի՞։

Ասում էր՝ ոչ թե խաղողը բեր հանձնի գինու գործարան, այլ դու արի հանձնվի գինու գործարան, դու արի գինու գործարանում աշխատի։ Քո հողն էլ ծախի մենաշնորհ ունեցող օլիգարխներին»։

Բացահայտ նման առաջարկ արե՞ց նախարարը, հարցրեցինք Քարակերտի բնակչին․

«Այո՛, այո՛, ինչի բացահայտը ո՞րն է։ Ինձ չի առաջարկել, իմ կողքին կանգնած մարդուն է առաջարկել, բոլորն էլ ներկա են եղել, լսել են»։

Վահան Քերոբյանի նման առաջարկի մասին օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում բարձրաձայնել էին նաև Արարատի մարզի բնակիչները, ուստի Քարակերտի բնակչին հարցրեցինք՝ հողերը վաճառելու վերաբերյալ նախարարի առաջարկը պետական ծրագի՞ր է, թե՞ գյուղացուն օգնելու յուրօրինակ քայլ․

«Անկեղծ, չեմ կարող դրա պատասխանը տալ, բայց, եթե իրենք շատ լավ գիտեն, որ խաղողի 1 կիլոն գյուղացու վրա նստում է 140-150 դրամ։ Եթե 2-3 տարի առաջ բանվորն աշխատում էր 3-4 հազարով, էսօր 7-8 հազար է, եթե 3-4 տարի առաջ մի պարկ սելիտրան արժեր 5000, էսօր 22.000 դրամ է, եթե 2-3 տարի առաջ սալյարկեն՝ դիզվառելիքը, արժեր 6000-7000, էսօր 13.000 արժի և այդպես 100 օրինակ կարող եմ բերել։ Այսինքն, եթե 2-3 տարի առաջ խաղողը մթերում էին 150 դրամով, էս պայմանների համեմատությամբ՝ մինիմումը պետք է լինի 300, որպեսզի գյուղացին կարողանա ապրի։ Գործարանատերերը նախարարի, գյուղացիների աչքի առաջ 120 դրամ գին են սահմանում, այստեղ շուկայական հարաբերություններ չկան, այստեղ խելագարություն է։ Սա ծրագիր է, որ գյուղացին հողը թողնի․․․ այսինքն՝ ծրագի՞ր է, թե՞ տհասություն, չգիտեմ»։

Հարցին՝ նախարարի այցից հետո ի՞նչ տրամադրություներ են համայնքում՝ խաղողագործների մոտ, մեր զրուցակիցը հեգնանքով ասաց․

«Բոլորն ուրախանում են, ասում են՝ կեցցե Էկոնոմիկայի նախարարությունը, կեցցե՛ Գյուղնախարարությունը, որ չկա, ո՞նց պետք է լինի։ Եթե մարդ ամբողջ տարին տանջվում աշխատում է, բայց տարին պարտքով է փակում, բանկը գալիս ասում է՝ ինձ չի՛ հետաքրքրում՝ խաղողն ընդունել են, չեն ընդունել։ Էն վիճակին են հասցնում, որ էլ չես մտածում գնի մասին, այլ ասես՝ ջհանդամ, գոնե 120 դրամով հանձնեմ՝ մի բան ստանամ, մինուսը շատ չլինի։ Պռոշյանը 120 դրամով պայմանագիր է կապել։ Ամբողջ Հոկտեմբերյանը նախարարի փայլուն գաղափարից խառնված է իրար, նախ գաղափար պետք է լինի, որ ասենք՝ փայլո՞ւն է, թե՞ անփայլ, գաղափար չկա։ Ներվերս էլ հերիք չի՛ անում էս անմակարդակ վերաբերմունքից։ Խաղողն էս տարի մնալու է ձյան տակ»։

 

Տեսանյութեր

Լրահոս