Բաժիններ՝

Կինո և գրականություն. Ֆեդերիկո Ֆելինի

Հատված իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի «Կինոարարում» գրքից:

«Կինո և գրականություն. այս համադրումը սովորաբար ծնունդ է առնում վեճերի, առաջնություն հետամտելու եռուզեռի, ինչ-ինչ կեղծ փոխկապվածություն հաստատելու ձգտման մեջ: Արվեստի յուրաքանչյուր գործ ապրում է հեղինակի հղացած ու հաղորդած չափումներում. այն ուրիշ լեզվի դարձնել, թարգմանել՝ կնշանակի ջնջել, ժխտել այն: Երբ կինեմատոգրաֆը դիմում է որևէ գրական ստեղծագործության, արդյունքը միշտ էլ լինում է էկրանավորումը, որը լավագույն դեպքում կրում է իլյուստրատիվ բնույթ և պահպանում է բնագրի զուտ արտաքին նմանությունը, մնում են սյուժեն, իրավիճակը, գործող անձինք, մի խոսքով, փաստերի զուգորդումների և վիճակների ամբողջ շարք, որ առավել լայն ընդգրկումով և շատ ավելի մեծ շռայլությամբ, համոզչությամբ ու անմիջականությամբ մարդուն կարող են ընձեռել ամենօրյա իրականությունն ուսումնասիրելու նրա ունակությունն ու լրագրերի ընթերցումը:

Էկրանը մեր առջև բացում է իր աշխարհները, անում իր պատմությունները, պատկերման մեթոդով ներկայացնում իր պերսոնաժներին: Նրա արտահայտչամիջոցները երազների պես պայմանական-ներազդու են: Մի՞թե նման պատկերներով քեզ չի դյութում, վախեցնում, հիացնում, վշտացնում, ոգեշնչում երազը: Իմ կարծիքով, խոսքը, երկխոսությունը կինոյում ավելի շատ անհրաժեշտ են ինֆորմացիայի համար, որ հնարավոր լինի գիտակցաբար հետևել սյուժեի զարգացմանը, ու նաև այն բանի համար, որ այդ սյուժեն ճշմարտանման դարձնի մեր առօրյա իրականության տեսանկյունից: Սակայն հենց այդօրինակ գործառնությունը, որի հետևանքով կինոյի պատկերները սկսվում են արտացոլել, այսպես կոչված, սովորական իրականությունը, զրկում է դրանք, թեկուզև մասնակիորեն, ռեալության մթնոլորտից, որ այնքան հատուկ է երազներին, սրանց տեսողական լեզվին: Այո, համր ֆիլմն օժտված է այն խորհրդավոր հմայքով և ներազդու ուժով, որոնց շնորհիվ հնչուն ֆիլմից ավելի ճշմարտացի է դառնում հենց այն պատճառով, որ համր կինոն ավելի մոտ է երազների պատկերներին, որոնք միշտ էլ առավել կենդանի և իրական են, քան այն ամենը, ինչ տեսնում ենք հարթմնի և կարող ենք շոշափել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս