«Բերձորի այլընտրանքային ճանապարհը և՛ լավ, և՛ վատ կողմեր ունի՝ պետք է ուշադրություն դարձնենք լավ կողմերին». Կոռնիձորի գյուղապետ

Օգոստոսի 25-ից Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը, Ներքին Սուսն  ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանում Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

168.am-ի հետ զրույցում Կոռնիձոր գյուղի ղեկավար Արշակ Կարապետյանը խոսելով Կոռնիձորով անցնող այլընտրանքային ճանապարհի մասին՝ նշեց, որ այս պահին ճանապարհն ակտիվ գործում է։

«Խոսակցությունները, թե ձմռանն այդ ճանապարհը կարող է փակվել, այդպես չէ, նորմալ ասֆալտապատ ճանապարհ է, ամառ-ձմեռ կաշխատի։

Ճանապարհն այս պահին գյուղից 4-5 կմ հեռու է, երբ ճանապարհի մյուս հատվածի շինարարությունն ավարտեն, այն արդեն կանցնի գյուղի միջով, հուսանք, մինչև գարուն շինարարությունը կավարտեն։ Այս 4 կիլոմետրանոց ճանապարհը տեսնելու համար պետք է սարի վրա բարձրանանք, նոր տեսնենք։

Կարդացեք նաև

Այդ ճանապարհն օգտագործելով, եթե կարողանանք գյուղի համար որոշակի աշխուժություն ապահովել՝ շատ լավ կլինի։ Չգիտեմ, մենք ուզում ենք լավը մտածել, որ լավ լինի»,- նշեց Արշակ Կարապետյանը։

Ըստ Կոռնիձորի գյուղապետի,  այս պահին շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ գյուղի հատվածով ճանապարհի կառուցման համար։

«Բերձորի այլընտրանքային ճանապարհը և՛ լավ, և՛ վատ կողմեր ունի, վատի մասին չխոսեմ, մենք պետք է ուշադրություն դարձնենք լավ կողմերին, բնական է, դրա մասին էլ խոսում ենք։ Հետևաբար՝ այդ լավ կողմերը պետք է օգտագործենք, կոնկրետ մեր գյուղի մասով ասեմ՝ այն աշխուժացնելու համար, ի վերջո, մեր գյուղով Արցախը Հայաստանին կապող ճանապարհներից մեկն է անցնում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ճանապարհի անվտանգությանը, Կոռնիձոր գյուղի ղեկավարը նկատեց.

«Փառք Աստծո, անվտագային խնդիրներ կոնկրետ մեր գյուղի մասով չկա։ Մինչև այժմ էլ մեր գյուղի սահմանի հետ կապված խնդիրներ չենք ունեցել»։

Տեսանյութեր

Լրահոս