
Հունաստանի ինքնիշխանությունն իր կղզիների նկատմամբ վիճարկման ենթակա չէ. Պետդեպն ի պատասխան Էրդողանի

ԱՄՆ Պետդեպարտամենտը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից հնչող մեղադրանքները, թե իբր Հունաստանը օկուպացրել է Էգեյան ծովի կղզիները, հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանությունը իր կղզիների նկատմամբ վիճելի չէ։ Այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակաարդյունավետ են այն հայտարարությունները, որոնք կարող են մեծացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև։
«Միացյալ Նահանգները շարունակում է խրախուսել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման և վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասին աշխատելը: Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն։ Այս կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը չի վիճարկվում։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի մեծացնել լարվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։