
Դեյվիդ Գրինսփունը կարևոր է համարում հասկանալ, թե ինչ փոփոխությունների միջով է անցնում Երկիր մոլորակը

Ամերիկացի աստղակենսաբան Դեյվիդ Գրինսփունը կարևոր է համարում հասկանալ, թե Երկիր մոլորակը ներկայումս ինչ փոփոխությունների միջով է անցնում։ STARMUS փառատոնի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ Գրինսփունը նշեց, որ մարդկությունը շատ տարօրինակ ժամանակներում է ապրում։
«Ակնհայտորեն տեսնում ենք, որ տիեզերքն է փոփոխվում և փոփոխվում է նաև տիեզերքում գտնվող մեր մոլորակը՝ շատ անկանխատեսելի ձևերով։ Մեզ համար կարևոր է հասկանալ,թե մեր մոլորակը ինչպիսի փոփոխություն միջով է անցնում,մասնավորապես՝ կլիմայի փոփոխության առումով և հետևել այլ մոլորակների փոփոխությանը, օրինակ՝ Մարսի և Վեներայի։ Տեսնում ենք, որ նրանք շատ տարբեր կլիմաներ ունեն, բայց ինչ-որ չափով շատ նման են մեր մոլորակի կլիմային։
Բացի դրանից, ունենք տարբեր մոլորակների ուղեծրերով պտտվող արբանյակներ, որոնք նույնպես պատկերացում են տալիս մեր մոլորակի վրա հավանական փոփոխությունների մասին»,- ասաց Գրինսփունը։
Ամերիկացի աստղակենսաբանը անհրաժեշտ է համարում բացահայտել տիեզերքում տեղի ունեցող փոփոխությունների պատճառը, որը, ըստ իրեն, թույլ կտա կանխատեսել Երկիր մոլորակում հավանական փոփոխությունները և դրանց կառավարման ձևերը։