Եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, արդյոք չի վախենում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պատճառով պատժամիջոցների տակ հայտնվելուց: Փաշինյանը հարցին անդրադարձել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում:

«Կարծում եմ` վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել, ինչպես ասացի, կառավարել այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս և փորձել ոչ միայն նկատել այն հնարավորությունները, որոնք բացվում են, այլ նաև աշխատել, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն: Իհարկե, մենք ևս մտահոգված ենք առևտրային, էներգետիկ անվտանգությամբ: Պետք է ասել, որ մեզ մոտ ևս մեծ գնաճ է և այն ուղիղ ազդում է մեր երկրի սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կառավարելի է: Խնդիր կա, բայց մենք չունենք ճգնաժամային իրավիճակ»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ դա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է: «Հատկապես տարվա առաջին կիսամյակում բոլորն ունեին մեծ մտահոգություններ, և մենք ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլ նաև երկկողմ ֆորմատով շատ ինտենսիվ շփվել ենք, բարձրացրել հարցեր: Պետք է ասեմ, որ տպավորված եմ այն օպերատիվությամբ, թե ինչպես են և՛ Վլադիմիր Վլադիմիրին, և՛ Միխայիլ Վլադիմիրին արձագանքում այն հարցերին և խնդրանքներին, որոնք բարձրացվել են հայկական կողմից: Սա շատ կարևոր գործընկերություն է»,-նշել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ վստահ չէ, որ Հայաստանի բոլոր բնակիչները գիտեն այս նյուանսները, չնայած նրան, որ այդ մասին մշտապես խոսում են: Մենք հենց նոր խոսում էինք տարբեր ուղղություններով ցորենի տեղափոխման մասին, բայց պետք է ընդգծեմ, որ շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի, կառավարության կողմից` մեզ հաջողվել է այդ մարտահրավերները կառավարել միասին: Մեզ համար միայնակ շատ դժվար կլիներ զբաղվել դրանով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցի` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների հոսքին: «Բազմաթիվ մարդիկ պարզապես եկել են Հայաստան, քանի որ մարդկանց անհրաժեշտ է ստանալ աշխատավարձեր, որովհետև նրանք փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են Արևմուտքի հետ: Ֆինանսական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք այժմ տեղափոխվել են Հայաստան: Իմ ելույթում ես փորձեցի ներկայացնել մեր տեսակետը: Հույս ունեմ, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես ԵԱՏՄ-ում տեղաշարժ, քանզի ԵԱՏՄ-ն հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տեղի ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, ինչը և այժմ մենք տեսնում ենք իրականում:

Վլադիմիր Վլադիմիրին այդ մասին ասաց, որ ինքը զգուշացրել է ապագա որոշ խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ այն գործարարների համար, որոնք աշխատում են Արևմուտքում, բայց կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակների համար, որպեսզի մեր երկրների տնտեսությունները լինեն ավելի ճկուն: Արդարության համար պետք է ասել, որ հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն նկատվում էր տնտեսական բարձր աճ, բայց մարտին արդեն ի հայտ եկան խնդիրներ և մտահոգություններ:

Իհարկե, մարդիկ, որոնք ժամանեցին Հայաստան, շատ լավ օգնեցին, և մենք շատ ուրախ ենք: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քանի որ կան նաև ոլորտներ, որոնք կարելի է միասին զարգացնել: Այժմ ի հայտ է եկել ռուսական տարածաշրջանների` հայ գործընկերների հետ աշխատելու լավ դինամիկա»,- ասել է նա:

Վերադառնալով պատժամիջոցների մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծեց՝ եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: «Ի՞նչ ենք առաջարկում. մենք առաջարկում ենք համագործակցել գրագետ և օգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ բացվել են և նկատել նաև այն մարտահրավերները, որոնք ոչ միայն առնչվում են Ռուսաստանին, այլ նաև ԵԱՏՄ-ին, մեր համագործակցությանը, որպեսզի կառավարենք և ինչ-որ կերպ չեզոքացնենք այդ մարտահրավերները: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք ժամանել են Հայաստան: Երբ այս տարվա առաջին կիսամյակում քննարկում էինք` մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հետևյալի վրա: Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում և հնարավորությունը, որ կվերադառնան Ռուսաստան՝ Հայաստանից մի քանի անգամ ավելի է, քան այն, որ նրանք աշխատեն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Նախկինում շատ ռուս զբոսաշրջիկներ արձակուրդներին ժամանում էին Հայաստան, այժմ արձակուրդին ժամանում են Ռուսաստան»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ Հայաստանում մեծ խնդիր կա՝ կապված անշարժ գույքի հետ, քանի որ Հայաստանում անշարժ գույքի գները բարձրանում են, վարձով բնակարնների գները ևս աճում են: «Դա խնդիր է, բայց այն ստեղծում է նոր հնարավորություններ: Եթե չեմ սխալվում, այս տարի արդեն շինարարության ոլորտում ունենք 13 տոկոս աճ: Ռուսական բիզնեսը ևս հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու այդ ոլորտում:

Հնարավոր տնտեսական խնդիրների համատեքստում շատ կարևոր է՝ չնայած նրան, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք ՌԴ-ի հետ, միջազգային վարկանիշային գործակալությունները վերահաստատում են Հայաստանի Հանրապետության բարձր վարկանիշը: Ռուսաստանցի գործարարների ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել, որ Հայաստանը հիանալի առաջխաղացում է արձանագրում ազատ տնտեսություն ունեցող պետությունների վարկանիշային աղյուսակում, և այս համատեքստում, մենք ունենք նոր հավակնություններ և հույս ունենք, որ համաշխարհային մասշտաբով վարկանիշային աղյուսակում կհայտնվենք լավագույն տասնյակում: Ունենք շատ լավ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը լինի էլ ավելի բարձր մակարդակի, չնայած նրան, որ Ռուսաստանը մշտապես, վերջին 30 տարիների ընթացքում եղել է Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը: Շատ կարևոր է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել փոխել նաև տնտեսական համագործակցության որակը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս