
Էրդողանը արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններին և նշել, որ համաձայն չէ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ արևմտյան երկրների մոտեցումներին։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան հավատարիմ է հավասարակշռված քաղաքականությանը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, և այդպես էլ կշարունակի։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ զինադադարի օգտին: Սակայն ներկայիս գործընթացները վկայում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ ովքեր լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանին, սխալվում են:
«Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի դիրքորոշման սխալ լինելու մասին: Որովհետև Արևմուտքի քայլերում կան գործողություններ, որոնք հիմնված են կողմերին սադրելու վրա։ Հայտարարում են ռազմական օգնության մասին, սակայն, փաստորեն, որքան հնացած զենք ու մետաղի ջարդոն կա Արեւմուտքում, ուղարկվում է Ուկրաինա»,- հայտարարել է նա:
Էրդողանը նշել է, որ քանի դեռ կա ռազմական գործողություններ հրահրելու քաղաքականություն, խաղաղության նախաձեռնությունների արդյունավետությունը նվազագույնի է հասնում։