«Ֆիլմում կադրեր կան, որոնք, ինքս էլ երբ նայում եմ՝ մարմնովս դող է անցնում». Վահրամ Սահակյան
Սեպտեմբերի 24-ին և 25-ին տեղի կունենա թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի «Պատվախաղ» ներկայացման և ֆիլմի պրեմիերան: Վահրամ Սահակյանը ֆիլմը պատրաստել է 6-7 ամսվա ընթացքում, այն 35 րոպե տևողություն ունի և որոշել է ներկայացման վերջին հատվածում այն ցուցադրել:
«Քանի որ ես և դերասան Սերգեյ Գրիգորյանն այնպիսի ներկայացում չենք պատրաստել, որ հանդիսատեսի հետ շփում լինի, այս ներկայացման մեջ կինոխցիկ է դրված, որով ուրիշ տեղերից հետևում են՝ տեսնեն՝ այս երկրում ինչ է կատարվում: Այստեղ դրված է պատվի հարցը: Ֆիլմը ֆենթըզի է, փլատակների տակից դուրս է գալիս ճակատին կրակած մեկը ու սկսում է՝ հին պատմիչները հին աշխարհում ասում էին՝ քաջարի հայերը, և այլն, ու այդ ժամանակ հայոց հողը էլ այս տիպին չի դիմանում: Հողն ասում է՝ դու հիմա՞ր ես, դու այս ի՞նչ կենդանի ես, ես հայոց հողն եմ, դու ինչո՞ւ ես ինձ հանձնում ու հետո դուրս գալիս ու այդպես ասում՝ սարսափը պատեց օսմանյան զորքին, մենք մեզ պարտված չենք ճանաչում: Ո՞նց պարտված չեք ճանաչում, իսկ դու մտածե՞լ ես, թե ում է հետաքրքիր այս աշխարհում, թե դու քեզ ինչ ես ճանաչում: Այդ ամենը քո հիվանդ հոգու վախերի արդյունքն են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Վահրամ Սահակյանի խոսքով՝ ֆիլմն այն մասին է, որ հայի այդ տեսակը մյուս հայերին տանում է կործանման, իսկ հայոց հողը նրան ուզում է սթափեցնել, հիշեցնել իրական անցյալը:
«Այդ կերպարի անունն է Հայկազուն Խիզախունց, որին հողն ասում է՝ դու 2016թ. քառօրյա պատերազմից հետո, երբ թշնամուն հետ շպրտեցինք, մտել էիր լայվ ու ասում էիր՝ այ, դրանք, 800 հեկտար հող են կորցրել, բայց մենք հետ ենք բերելու… ես չեմ կարող ամբողջ ֆիլմը պատմել, այնտեղ այնքան տխուր կադրեր կան, որ ես էլ երբ նայում եմ՝ մարմնովս դող է անցնում, օրինակ՝ քաղաքում մարդկանց դեմքերը պատերազմից առաջ և պատերազմից հետո, կա 90-ականների պատերազմը, ծանր կյանքը, որի վերաբերյալ այսօրվա հայն ասում է՝ սխալվել ենք, ի՞նչ թշնամի, փոխանակ լեզու գտնեք հարևանների հետ, գնացել՝ բզել եք, դրա համար էլ այստեղ այսպիսի սով էր: Ու այդտեղ ես նրան ասում եմ՝ դու հիմա, որ գնալու ես տուն, քո ընտանիքին չես գտնելու, որովհետև այդ թշնամին արդեն այնտեղ է: Զարմանում է՝ ո՞նց այնտեղ է: Պատասխանում եմ՝ այո, ինչո՞ւ ես զարմանում, դու չէի՞ր ասում՝ ընկերանանք: Ու այստեղ կոնֆլիկտն է սկսվում»,- ասաց նա:
«Պատվախաղ» ներկայացման վերջին հատվածում ցուցադրվելիք ֆիլմի անվանումն է՝ «Երկխոսություն դժոխքի եզրին»:
Վահրամ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ մենք հիմա դժոխքի եզրի՞ն ենք, թե՞ դժոխքի մեջ:
«Մենք տարտարոսում ենք, շատ վատ տեղում ենք: Ես երբեք չէի սպասի, որ մենք կհայտնվենք մի այսպիսի իրադրության մեջ: Արդեն սովորական է դարձել, որ թշնամական պետությունից մտնում են, նշաններ են ցույց տալիս, ստորացնում են: Ես ունեմ ընկերներ, որոնք անցած տարի ինձ հարցնում էին՝ ձեզ մոտ Եվրամիությո՞ւն է, բա ո՞նց են 1000 հոգով մտել, գյուղեր են տանում: Ես ամաչում էի պատասխանել: Մի հիմար բան կա, որ ասում են՝ հայրենասիրական դաստիարակություն. Չկա հայրենասիրական դաստիարակություն: Այդ երգե՞րն են հայրենասիրական դաստիարակություն՝ մեր հողերը հետ կբերեն, սուլթանը-մուլթանը, սարսափը պատեց օսմանյան զորքին: Սովորական հայրենասիրությունն արվեստն է ծնում և մարդու պապը, այսինքն՝ եթե պապդ, հայրդ տանը չստեղծեց այդ մթնոլորտը, որտեղ հայրենիքը մեծացող երեխայի համար ամեն ինչից կարևոր լինի, իր համար ձեթն է կարևոր լինելու:
Եթե տանը տեսնում է, որ ամբողջ օրն իրենք խոսում են՝ այսինչը թանկացավ, այնինչն էժանացավ, այսինչին «գցեցինք», հետո, երբ թշնամին մտնում ու ժեստ է ցույց տալիս, դա արդեն այդ երեխայի համար երկրորդական խնդիր է, նրա համար կարևորն իրենց բակի բանջարեղեն ծախողից կարողանա մի բան վերցնի, տաքսուն քիչ վճարի: Հիմնականում, մարդիկ այսօր ահավոր ծանր վիճակում են, ես երբեք չեմ ասում՝ բա լա՞վ էր, որ դուք ինչ-որ ժամանակ այսինչ բանն եք արել: Բայց երբ տեսնում եմ, որ մարդիկ այս վիճակում են, փորձում եմ իմ հնարավորության չափով, իմ ներկայացումով այնպես անել, որ ոչ թե ինքը մտածի, որ սխալվել է, այլ մտածի՝ եթե ես հիմա կռվում եմ գազարի, կարտոֆիլի ու մսի համար, ես մի տեղ պետք է նստեմ՝ ուտեմ, չէ՞, այդ միսը, բա հողը հենց դա է: Ես՝ լինելով Վահրամ Սահակյան, որ այդքան վիրավորական խոսքեր է հնչեցրել ժամանակին տեղի ու անտեղի, հիմնականում՝ անտեղի, բայց ես հիմա ուրիշ կերպ եմ փորձում մոտենալ: Ես ինչո՞ւ այդ մարդուն մի բան ասեմ, եթե կարող եմ գոնե 50 հոգուց 3-4-ին այնպես անել, որ սկսեն փոխվել»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում