«Սա ուղղակիորեն մեկ անձի պակասավոր մանկությունից առաջ եկած նախանձի և անհագուրդ վրեժի դրսևորումն է». Վահրամ Սահակյան
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի կարծիքով՝ չպետք է սպասել, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կարդարացնեն դատարանի միջոցով։
«Երկար ժամանակ տեսնելով, թե դատարաններն ու նրանցում ծվարած դատավորների մեծ մասն ինչպես են իրենց դրսևորում, և տեսնելով, թե ինչպես են ստրկաբար վախեցած, միշտ ինչ-որ կատարողի դերում հանդես գալիս, անձամբ չեմ կարծում, որ հարցը դրական կլուծվի։ Այն, ինչ կատարվում է վերջին տարիներին, դա ուղղակիորեն մեկ անձի անկատար, փնթի և պակասավոր մանկությունից առաջ եկած նախանձի և անհագուրդ վրեժի դրսևորումն է։ Նա մեր օրերի անորսալի վրիժառուն է։ Բայց այն, ինչ կատարում են դատավորներն ու մյուս պետական ծառայողները, դա վեր է ամեն մարդկայինից։ Ես տարբեր հասարակարգերում երկար եմ ապրել (և ոչ միայն Հայաստանում) ու չեմ տեսել նման իրավիճակ, երբ բոլորը, այդ թվում՝ արհեստավարժ մարդիկ, նման կերպ վարվեն, ի վերջո, դատավորներ են, նրանք իբր փորձ ունեն, կենսագրություն ունեն՝ այդպես խայտառակ կերպով ստորանան։ Չէ՞ որ, ասացի՝ նրանք ինչ-որ կենսագրություն ունեն, բայց իրենց այդ կենսագրությունն այն աստիճանի աղտոտեցին, որ դարձան հանցագործ։
Նրանք հավանաբար մտածում են՝ այս իշխանությունը հարատև է լինելու, բայց պետք է նրանց հիասթափեցնել. հարատև ոչինչ չի լինում։ Բա հետո՞ ինչ են անելու, ի՞նչ են պատասխանելու՝ նույն դատարանում, պատմության առջև, իրենց ընտանիքի, շրջապատի, հայ մարդկանց առջև։ Իրենց երեխաները կիմանան, չէ՞, որ իրենց պապան դավաճաններին ծառայած սողուն է։ Բոլորը կիմանան։
Նրանք իրենց կենսագրության վրա ոչ թե խաչ են քաշել, այլ բռնաբարել են, լլկել են իրենց կենսագրությունը։ Ու ոչ միայն դատավորները։ Երևի հազարի հասնող այլ պետական ծառայողներ։ Պատմության առաջ նրանք մնալու են՝ որպես դավաճանին ծառայած սրիկաներ, իսկ երբ ասում եմ՝ «պատմություն»՝ նկատի չունեմ, որ դա լինելու է տասնամյակներ անց։ Ոչ, իրենց զավակները հաստատ կիմանան, թե պապաներն ու մամաներն ովքեր են եղել, ինչ խմորից են սարքած եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Սահակյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանի կալանավորման մասին։
Ըստ նրա, բոլորին էլ հայտնի է, որ այն երկրները, որոնք եղել են բռնապետական, այդ երկրներում դատարաններ ու դատավորներ գրեթե չեն եղել, քանի որ մարդկանց բռնել են ու նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսել, ու դա ավելի արդար է եղել, քան այն բեմականացումները, որ խաղում են այս ցածրախավ իշխանությունները։
«Ես հիմա գրում եմ Հայոց պատմություն գիրքը, դա 1988-2020 թվականների անկախության պատմությունն է, և առանց անուններ տալու՝ այնտեղ նշվում է, որ մոտավորապես 100 հազարից ավելի մարդ այս պատմության առաջ համարվել կամ համարվելու է դավաճան։ Այսինքն՝ դավաճանին, դավաճանությանը նպաստող, դավաճանությանը ծառայողն ավելի շատ դավաճան է, քան իսկական դավաճանը, որովհետև նրա ձեռքով է ամեն ինչ կատարվում, նրա խղճի վրա է։ Դրա համար ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում, թող չթվա, թե ես սև ու մուգ գույներով եմ ամեն ինչ ներկայացնում, ուղղակի չեմ սիրում պաթետիկ խոսքեր, թե՝ մենք կհաղթենք, արդարությունը հաղթելու է։ Ես նման հիմար բաների չեմ հավատում»,- եզրափակեց Վահրամ Սահակյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԺ «հարց ու պատասխանի հետքերով արդեն ավանդական դարձած ուղիղ եթեր չի մտնի, քանզի դավաճանը նախապատրաստվում է ստի, սրիկայությունների և կեղծիքի նոր ծավալը արտաթորել ամսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովի նիստում: Ուստի ՖԲ ուղիղ եթեր կմտնի հենց այդ օրը»։
Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ կալանավորեցին։