
Որոնք են սոյայի օգտագործման օգուտները

Սննդարար նյութերով հարուստ սպիտակուցներ, մանրաթելեր, կալցիում և B-վիտամիններ, սոյայի կանոնավոր օգտագործումն օգտակար է ոսկրերի ամրության և սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու համար, ասում են դիետոլոգներ Լորեն Մանաքերը և Թոբի Ամիդորը:
Քանի որ մարդիկ ծերանում են, նրանց մոտ աճում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, ինչը հանգեցնում է ոսկրերի փխրունության, ասել է Մանաքերը: Նա առաջարկել է ավելի շատ սոյա ուտել՝ կոտրվածքներից պաշտպանվելու համար: Նրա խոսքով՝ սոյայի մթերքները պարունակում են իզոֆլավոններ՝ բուսական ծագման միացություններ, որոնք համարվում են ֆիտոէստրոգենի տեսակ և բարենպաստ ազդեցություն ունեն առողջության վրա ընդհանրապես և հատկապես ոսկրային զանգվածի ամրապնդման վրա։ Այս մթերքն անփոխարինելի է նաև նիհարել ցանկացողների համար։
«Սոյան սպիտակուցի հարուստ աղբյուր է, որը կարևոր է վերականգնման և մկանների կառուցման համար: Սպիտակուցը հագեցնում է, օգնում է ավելի երկար պահել հագեցվածության զգացումը և հաղթահարել ածխաջրերի հանդեպ ցանկությունը»,– shantnews—ի փոխանցմամբ՝ բացատրել է նա:
Բժիշկ, դիետոլոգ Թոբի Ամիդորն ասել է, որ սոյայի սպիտակուցով հարուստ սննդակարգը ոչ միայն կօգնի նիհարել, այլև կօգնի նվազեցնել խոլեստերինը և բարելավել արյան շրջանառությունը, ինչը նշանակում է, որ այս մթերքն անփոխարինելի է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։
Բացի այդ, ըստ մասնագետների, սոյան կօգնի նվազեցնել օրգանիզմում քրոնիկ բորբոքային պրոցեսի զարգացման ռիսկը։ Այն կարող է սկսվել թերսնման, ծխելու, ալկոհոլի չարաշահման պատճառով, իսկ դրա հետևանքներն են հիպերտոնիան, սրտի կաթվածը, թրոմբոզը և ինսուլտը։