Հաջորդը լինելու է մեր հարվածելու հերթը. Ուժեղ Արցախ ունենալու համար այսօր հիմքերն ավելի ամուր են, քան 1991 թվականին

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունում նշվեց Արցախի անկախության 31-ամյակը։ Հայաստանից վարչապետի, նախագահի, փոխվարչապետների, ԱԺ նախագահի մակարդակով որևէ ներկայացվածություն չեղավ Արցախում։

Արցախի հերոս Շահեն Մեղրյանը և Արցախյան շարժման գործիչ, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը կանգնած են եղել Արցախի անկախության հռչակման հիմքերում։ Արցախյան շարժման առաջին օրվանից  մասնակցել են ազատագրական պայքարին։

Որքանո՞վ է արժևորվում այն անկախությունը, որին հասնելու համար իրենց կյանքը տվեցին Շահեն Մեղրյանը և բազմաթիվ այլ հերոսներ, անկախություն, որի ամրապնդման համար երկարատև ու համառ աշխատանք կատարեցին Լևոն Մելիք-Շահնազարյանը և նրա նման այլ հայ մտավորականներ։

168.am-ի հետ զրույցում Լ. Մելիք-Շահնազարյանի որդին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով Արցախի անկախության և այսօր ստեղծված  իրավիճակի մասին, նկատեց՝ իր համար իսկապես շատ կարևոր էր, որ սեպտեմբերի 2-ին՝ բուն տոնի օրն ըստ էության ժողովրդի մեջ ինչ-որ կերպ վերականգնված էր պայքարի ոգին։

Կարդացեք նաև

«Եթե համեմատենք նախորդ տարվա տոնակատարության հետ, երբ իսկապես ամբողջությամբ կոտրված էր և կարծես թե կորսվածի գաղափարն էր՝ Արցախի, այս անգամ մարդիկ մտածում են վերականգնելու հնարավորությունների մասին, այսինքն՝ տեսնենք, թե ինչ վիճակի ենք հասել ու ինչ արդյունքներ կարող ենք ունենալ։

Անկեղծ, ինքս էլ շատ լավատես եմ, որովհետև գիտեմ, որ մեր պատմության ընթացքում շատ ավելի բարդ օրեր են եղել, շատ ավելի դժվար կացության մեջ ենք եղել, մենք որպես ժողովուրդ՝ ավելի լուրջ կորուստների առաջ ենք կանգնած եղել։ Արցախն իր անկախության հռչակումից 1,5 տարի անց, կարելի է  ասել, որ մնացել էր Ստեփանակերտը և Հադրութը, իրարից կտրված, ամբողջը կորսված, բայց կար պայքարի ոգի և մինչև վերջ պայքարելու կամք։ Կարծում եմ՝ այդ կամքն է, որ պետք է վերականգնենք մեր հանրության մեջ, անկախ ամեն ինչից, թե ինչ իշխանություններ կլինեն, ինչպիսին կլինեն, ամեն դեպքում թելադրողը ժողովրդի կամքն է լինում։ Եթե ժողովուրդը ոտքի է կանգնում, պայքարում է և այդ որոշումը կայացնում է իր համար, ապա արդյունքներն էլ իրեն երկար սպասել չեն տալիս»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա պատմեց, որ  1991 թվականին հայրը՝ Լ. Մելիք-Շահնազարյանը, ավելի ծանր վիճակում էր՝  Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավորներին պետք է կարողանային տեղեկացնել, որ սեպտեմբերի 2-ին նիստ է լինելու, և պետք է նրանք մասնակցեն, ըստ էության 2-3 օրվա ոտքի ճանապարհ են անցել։

«Շահեն Մեղրյանն էլ, այսպես ասած, որպեսզի բոլոր իրավիճակներին պատրաստ լիներ, պատգամավորների հետ այնքան փաստաթղթեր է ուղարկել, որոնք, ի դեպ, պահպանվում են մեր ընտանեկան արխիվում,  եթե տեքստը երկար լինի՝ օգտագործեք այս թուղթը, եթե կարճ՝ մյուսը թուղթը։ Այսինքն՝ այս վիճակն է եղել Արցախի անկախությունը ճանաչելուց։ Այո, հիմա կորուստներ կան, բայց փառք Աստծո, մենք Արցախում ունենք պետականություն, ունենք անկախության սերունդ, բանակ, պետական համակարգեր, վատ վիճակում, խոցված, բայց այդ ամենը կա։ Այսինքն՝ ուժեղ Արցախ ունենալու համար այսօր հիմքերն ավելի ամուր են, քան 1991 թվականին էր»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Արցախի ազատամարտի ժամանակ, երբ Շահեն Մեղրյանը մի քանի գյուղ էր ազատագրում, ասում էր, որ այդ ամենն իրենց բարոյական պատասխանն է  թշնամուն, այսօր, երբ Արցախի 75 տոկոսը կորսված է, ե՞րբ է թշնամին ստանալու այդ բարոյական պատասխանը։

Հերոսի որդու՝ Զինավոր Մեղրյանի խոսքով՝ այսօր հայ ժողովրդի ներքին հոգեբանական վիճակը շատ նման է նրան, որ նավաբեկության ժամանակ խեղդվող մարդկանց մի մասն իջնում է ջրի հատակը, իսկ հետո ոտքերով հրում ու վերև է բարձրանում։

«Հիմա մենք գրեթե հասել ենք հատակին, և արդեն ժամանակն է, որպեսզի կազմակերպվենք ու փորձենք մեզ վեր բարձրացնենք։ Բոլոր ժամանակներում, Արցախյան պայքարի բոլոր փուլերում հիմնական վճռական կամ ճակատագրական պահերը որոշել են կոնկրետ անձինք։ Վստահ եմ, որ թե՛ անկախության սերնդի, թե՛ ավագ սերնդի մեջ կան այն վճռականները, որոնք անպայման ղեկը վերցնելու են իրենց ձեռքը։ Կարծում եմ՝ հենց այդ գիտակցումը եկավ, որ արդեն ժամանակն է ջրի հատակից վերև բարձրանալու, այդ մարդիկ հայտնվելու են։ Ըստ իս ուշ չի լինելու, որովհետև մենք արդեն հատակին ենք, ու վեր բարձրանալու ժամանակն է, երբեք ուշ չի լինի»,- նշեց Զինավոր Մեղրյանը։

Այսօր հայությունն ունի՞ գաղափարախոսություն, առհասարակ ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ այդ գաղափարախոսությունը կա, և դրա հիմքում հայկականության, հայկական արժեքների պահպանությունն է և այդ արժեքների հիման վրա լավ ապագա ստեղծելն է։

Զինավոր Մեղրյանն էլ հավելեց, որ ազգային արժեհամակարգն անընդհատ հարվածներ է ստանում, նույնիսկ, երբ մարդուն են հարվածում, նա մի պահ շոկի մեջ է ընկնում, կարող է նույնիսկ ընկնի և վեր կենա, բայց դրանից մարդը չի մահանում ու չի դադարում մարդ լինել:

«Նույնը հիմա մեզ մոտ է, մեր ազգային արժեհամակարգին այս պահին հատկապես շատ ակտիվ հարվածներ են հասցնում, և հարված հասցնողները պայմանական ասեն՝ ուժեղ «մարզիկներ» են։ Այդ առաջին հարվածներն այս մի քանի տարվա մեջ ընդունեցինք, հիմա մեզ մոտ որոշակի հարված ընդունելու, լավը վատից տարբերելու իմունիտետ ձևավորվել է։ Կարծում եմ՝ հաջորդը լինելու է մե՛ր հարվածելու հերթը, երբ մենք հարվածենք, մեր ազգային արժեհամակարգը կգա իր ուրույն, իսկական ու հիմնական տեղը՝ դրանում կասկած չունեմ»,- եզրափակեց Զինավոր Մեղրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս