Հենց այս ամենի երաշխավորման համար էլ 31 տարի առաջ այս օրը հռչակվեց Արցախի անկախությունը․ Արման Թաթոյան
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Հենց այս ամենի երաշխավորման համար էլ 31 տարի առաջ այս օրը հռչակվեց Արցախի անկախությունը։
Ես մշտապես փաստերով ապացուցել եմ, որ Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի նկատմամբ վարել և հիմա էլ շարունակում է իրական ցեղասպան քաղաքականություն, որը դրսևորվում է պետական բարձր մակարդակով հովանավորվող ատելությամբ, ինստիտուցիոնալ թշնամանքով, խրախուսվող ու անպատիժ հանցանքներով, որոնք ուղղված են նաև ողջ աշխարհի հայության դեմ:
Սա հենց պահանջում է Ադրբեջանից անկախ պետականության առկայություն` որպես Արցախի բնիկ ժողովրդի` հայերի պաշտպանության երաշխիք:
Հանուն մեր հերոսների արյան, վաղվա պաշտպանված օրվա, մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։
Մենք պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։
Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա»: