Բաժիններ՝

Մինչեւ տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներում. Bloomberg

Աշխարհի 101 երկրներում զանգվածային անկարգությունների առաջացման ռիսկն աճում է 2022 թվականի երրորդ եռամսյակում: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր մոտ առկա զեկույցը:

Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ 198 երկրներից 101-ում արձանագրվել է հասարակական հուզումների առաջացման ռիսկերի մեծացում, ինչն ամենաբարձր եռամսյակային աճն է 2016 թվականին համապատասխան հաշվարկներ սկսելու պահից: Միեւնույն ժամանակ 42 պետություններում ռիսկը նվազել է:

Ինչպես նշում է Bloomberg-ը, անկարգությունների համար նախադրյալներն աճում են Եվրամիության երկրներում էներգակիրների գների բարձրացման ֆոնին:

Զարգացող երկրներում հասարակական դժգոհությունը բացատրվում է սննդամթերքի թանկացմամբ եւ գլոբալ պարենային ճգնաժամի հետ կապված անհանգստություններով:

Նաեւ ընդգծվում է, որ առաջիկա ամիսներին ռիսկերը կաճեն: Սպասվում է, որ աշնան եւ ձմռան շրջաններում Եվրոպայի երկրներում կսաստկանա Էներգետիկ ճգնաժամը եւ կթանկանա ապրուստի արժեքը:

Երաշտը եւ ջրի պակասը շատ երկրներում կհանգեցնեն պարենի գների աճի, ինչը կարող է տեղային բողոքներ հարուցել առավել տուժած շրջաններում: Հասարակական հուզումների առաջացման՝ մեծացած ռիսկով երկրների ցանկ են մտել, մասնավորապես, Գերմանիան, Կիպրոսը, Նորվեգիան, Լեհաստանը եւ Ուկրաինան:

2023 թվականին ռիսկերի աճ է կանխատեսվում, բացի այլ երկրներից, Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ Շվեյցարիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս