«Այսօր Արցախի փրկությունը պետք է լինի համայն հայության կարևորագույն խնդիրը, հայությունը պետք է արցախակենտրոն լինի». Դավիթ Բաբայան
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակվեց անկախ պետություն, և արդեն 31 տարի Արցախի Հանրապետությունը բազում փորձություններ հաղթահարելով ու պայքարելով՝ փորձում է ամրապնդել իր անկախության հիմքերը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը խոսելով Արցախի 31-ամյա անկախության անցած ճանապարհից և դրա դեմ ծառացած մարտահրավերներից՝ նշեց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է իր ճանապարհը, և նրա պատմությունն ավարտված չէ, և համոզված է՝ չի էլ ավարտվելու։
«Իհարկե, Արցախի Հանրապետությունն անցել է դժվարություններով լի ճանապարհ, ունեցել է բազում կորուստներ, հաղթանակներ, պարտություններ, դժվարություններ։ Այսօր էլ ապրում է ճակատագրական պահեր, իր ամենաճակատագրական ժամանակահատվածն է։ Եվ միայն Արցախի Հանրապետության համար չէ ճակատագրական պահ, ամենաճակատագրական պահն է ողջ հայության և հայոց պետականության համար։ Այսօր Արցախի փրկությունը պետք է լինի համայն հայության կարևորագույն խնդիրը, հայությունը պետք է արցախակենտրոն լինի։ Եվ սա իրականության մեջ ցույց է տալու, թե ի վերջո ով է հայը, ինչ է իրենից ներկայացնում, որովհետև եթե Արցախը կործանվի, չի լինելու նաև հայոց պետականությունը։ Իսկ հայոց պետականության կործանումը չի լինելու նախկինի պես, կործանվելու է և՛ պետությունը, և՛ վերացվելու է ժողովուրդը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ ամբողջ հայության համար գերխնդիրն այսօր պետք է լինի Արցախի փրկությունը, իսկ դրա համար կան բոլոր նախապայմանները, ավելին՝ այդ ամենը բացարձակապես կախված է հայությունից։ Կան բազմաթիվ երկրներ, դաշնակիցներ, եղբայրական, չեզոք կամ թշնամական երկրներ, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է հայ ժողովուրդը ներկայանում։
«Հետևաբար՝ պետք է վերարժևորենք այդ անցած ճանապարհը, մեր արժեքները, որպեսզի կարողանանք դիմակայել, որովհետև իսկապես պատմական ժամանակահատվածում ենք ապրում։
Այստեղ նոր բան չկա, պետք է շարունակենք պայքարել մեր հավերժ թշնամիների դեմ, իսկ այդ հավերժ թշնամիները կոնկրետ երկրներ կամ ժողովուրդներ չեն, դա այն է, ինչ կա մեր մեջ՝ եսասիրությունը, անձնականը հանրայինին վերադասելը, հայրենասիրության պակասը և այլն»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը շնորհավորելով Արցախի անկախության 31-ամյակը, ընդգծեց, որ նախևառաջ մաղթում է, որպեսզի հայ ժողովուրդը լինի իմաստուն, որովհետև իմաստնությունն է ամենակարևոր գրավականը բնականոն զարգացման։
«Իմաստնությունը թույլ է տալիս հաղաթահարել դժվարությունները, գոյատևել, եթե տկար ես, առանց դրա հաղթանակ հնարավոր չէ։ Երբեմն մեր խնդիրները կապված են նրա հետ, որ բացակայում է իմաստնությունն ու հայրենասիրությունը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։