Բաժիններ՝

Գրենլանդիայի համար ներկայումս սպառնալիք չկա. Դանիայի ԶՈւ արկտիկական ուժերի ղեկավար

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունների խորապատկերում Դանիայի զինված ուժերի արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենը հայտարարել է, որ կղզու համար ներկայումս սպառնալիք չկա։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ հենց այս պահին Գրենլանդիայի համար սպառնալիք չկա»,- նշել է նա։

Դանիայի ռազմական մեկ այլ պաշտոնյա հեռուստաալիքի թղթակցին հայտնել է, որ երկրի զինվորականների գնահատմամբ՝ կղզին համեմատաբար հեշտ է պաշտպանել․ խստաշունչ կլիմայի, լեռնային տեղանքի և ենթակառուցվածքների պակասի պայմաններում Գրենլանդիայի ամբողջ արևելյան ափը գործնականում անառիկ է համարվում։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Դանիայի զինվորական պաշտոնյաները մասնավոր զրույցներում հայտնել են, որ ցամաքում, ծովում և օդում ուսումնական վարժանքներն իրականում կազմակերպվել էին՝ Թրամփին ցույց տալու համար, թե Դանիան որքան լուրջ է վերաբերվում Գրենլանդիայի անվտանգությանը։ Նրանք հուսով են, որ վարժանքները ԱՄՆ նախագահին կմղեն վերանայելու կղզին գրավելու իր որոշումը։

Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունից հետո Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին Atlantic հանդեսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ պայմանավորված են այն հանգամանքով, որ կղզին, ենթադրաբար, շրջապատված է չինական և ռուսական նավերով։ Դրանից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Թրամփին կոչ էր արել դադարեցնել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու սպառնալիքները։

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ երկրի խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեն հունվարի 6-ին անցկացնելու է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների քննարկմանը նվիրված հանդիպում՝ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենի և պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենի մասնակցությամբ։

Հունվարի 4-ին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը X սոցիալական ցանցում հրապարակել էր ամերիկյան դրոշի գույներով ներկված Գրենլանդիայի քարտեզը և զետեղել «Շուտով» մակագրությունը։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը, մեկնաբանելով այդ հրապարակումը, նշել էր, որ այն վկայում է անհարգալից վերաբերմունքի մասին, սակայն խուճապի մատնվելու որևէ պատճառ չկա։

Գրենլանդիան մինչև 1953 թվականը Դանիայի գաղութն էր։ Մնալով հյուսիսեվրոպական այս թագավորության կազմում՝ կղզին 2009 թվականին ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարության և ներքին քաղաքականության ինքնուրույն կազմակերպման հնարավորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս