Բաժիններ՝

Թրամփը կարող է փորձել Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնել մինչև հուլիսը․ Politico

Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու գաղափարը կարող է իրականություն դառնալ արդեն 2026 թվականին. Վաշինգտոնն այս գործընթացի ավարտը կհարմարեցնի կամ հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության 250-ամյակին, կամ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին։ Այս մասին են վկայում փորձագետները և Politico-ի աղբյուրները։ Դանիային պատկանող և 56,000 բնակիչ ունեցող այս տարածաշրջանում այս խնդիրը լուծելու համար Թրամփը կփորձի կազմակերպել «քաղաքական ազդեցության արշավ՝ գոյություն ունեցող հավասարակշռությունը փոխելու համար», նշել է Eurasia Group վերլուծական կենտրոնի եվրոպական բաժնի տնօրեն Մուջթաբա Ռահմանը։ Այս միջոցները կարող են ներառել տեղացի քաղաքական գործիչների կաշառում՝ ռազմական և քաղաքացիական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Փորձագետը հավելել է, որ ռիսկը «իրական է և լուրջ»։

The Economist-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը պատրաստում է «ազատ ասոցացման համաձայնագրի» նախագիծ (Compacts of Free Association, COFA), որն անմիջապես կառաջարկի Գրենլանդիային։ ԱՄՆ-ն նմանատիպ պայմանագրեր ունի Խաղաղ օվկիանոսի փոքր պետությունների հետ։ Դրանք ենթադրում են ամերիկյան զինված ուժերին գործողությունների ազատություն տրամադրել մասնակից երկրներում՝ փոխարենը երաշխավորելով անմաքս առևտուր։ Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփի պաշտոնյաներն արդեն փորձել են ուղիղ բանակցություններ վարել Գրենլանդիայի իշխանությունների հետ, սակայն առայժմ մերժում են ստացել։

Դանիայի թագավորությունն իր հերթին ընդգծում է, որ Գրենլանդիայում արդեն իսկ տեղակայված է ամերիկյան ռազմաբազա և Կոպենհագենի հետ կնքված պայմանագիրը չի սահմանափակում կղզում ԱՄՆ զորքերի քանակը։

Կիրակի օրը Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Գրենլանդիան «անհրաժեշտ է» Վաշինգտոնին և խոսքը ԱՄՆ «ազգային անվտանգության» ապահովման մասին է, քանի որ, նրա խոսքով, տարածաշրջանն այժմ «բառացիորեն ողողված է ռուսական և չինական նավերով»։

Ինչպես հայտնում են Bloomberg-ի իրազեկ աղբյուրները, Դանիայի կառավարությունը լրջորեն անհանգստացած է Թրամփի հարձակողական հայտարարություններից՝ դրանք չհամարելով պարզապես հռետորաբանություն կամ բանակցություններ վարելու մարտավարություն։ «Ես հավատում եմ, որ նա (Թրամփը) լուրջ է խոսում և դա, իհարկե, անընդունելի է», — երկուշաբթի օրը հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

Նա ընդգծել է, որ Գրենլանդիայի նկատմամբ նման ճնշումը անթույլատրելի է և որ դանիական այս տարածաշրջանը «ցանկանում է ինքնուրույն որոշել իր ապագան»՝ առանց այլ ուժերի միջամտության։ «Եթե ԱՄՆ-ն որոշի հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի վրա, ապա ամեն ինչ կդադարի, ներառյալ [ՆԱՏՕ-ի] գործունեությունը, ինչը նշանակում է նաև այն անվտանգությունը, որն ապահովված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր», – հայտարարել է Դանիայի կառավարության ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս