Կարակասում նախագահական պալատի մոտ կրակոցներ են հնչել
Կարակասում նախագահական նստավայրի՝ Միրաֆլորես պալատի մոտ կրակոցներ են հնչել։ Պալատի վերևում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնվել, և ոստիկանությունն ու պալատի անվտանգության աշխատակիցներն անմիջապես կրակ են բացել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
«Անցորդներն ու մոտակա թաղամասերի բնակիչները ապաստան են գտել խանութներում և նրբանցքներում։ Մի քանի կառավարական գործակալություններ հայտարարել են տարհանման մասին, իսկ Միրաֆլորես պալատի մոտ տեղակայվել են զրահապատ մեքենաներ»։
Այդ ամենը տեղի է ունեցել Դելսի Ռոդրիգեսի կողմից Վենեսուելայի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Ավելի ուշ երկրի կառավարությունը հայտարարել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո։
ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։
Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Մադուրոն և նրա կինը մեղադրվում են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորում ղեկավարելու, նարկոահաբեկչության, ԱՄՆ-ի կոկաինի ներմուծման և զենքի հետ կապված դավադրության մեջ։ Մեղադրանքներ են առաջադրել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մադուրոյի որդու նկատմամբ, որն այս պահին ազատության մեջ է։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ-ի հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։
