РБК-ն հայտնել է, թե Ռուբեն Վարդանյանն Արցախ տեղափոխվելուց հետո ում է փոխանցելու իր բոլոր ռուսական ակտիվները

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական բոլոր ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։

«Ես ամեն ինչ կտամ գործընկերների ղեկավարությանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին», – РБК-ին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով իր ռուսական ակտիվների մասին հարցին։

Անցյալ տարի Forbes-ը Վարդանյանի կարողությունը գնահատել էր 1 միլիարդ դոլար։

Նախօրեին Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», – ասել է Վարդանյանը։

Կարդացեք նաև

Նա ասել է նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։

Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:

Վարդանյանը նաև համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։

Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝ ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։

Տեսանյութեր

Լրահոս