«Եթե ինքներս ոչինչ չենք անելու, մեր հույսը պետք է մնա Վանգան. էլ ո՞ւմ վրա հույս դնենք». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ պետք է միշտ հիշել, որ հզոր երկրներն ինչ անում են, իրենց շահերից ելնելով են անում:
«ԱՄՆ դեսպանի Շուշի չայցելելը ամերիկյան շահերի դաշտից է, ոչ թե հայկական: Ինչքան ամերիկյան ընկերություններ կան, որ այնտեղ ներդրումներ են արել, լոբբինգ են արել, որ հայկական բանաձևերը չանցնեն, դա ի՞նչ էր: Ամերիկան գիտի իր գործիքակազմը: Մենք ենք սխալ հաշվարկների մեջ: Այս ամբողջ շաբաթը փորձում եմ լրահոսին հետևել, և այսպիսի տպավորություն է՝ վայ, ինչ լավ է, էն մեկը մի բան կանի, մյուսը կանի, մեր ոչ մի դիսկուրսում չկա, թե մենք ինչ պետք է անենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ ենք միշտ ուրիշի վրա հույս դնում, նա պատասխանեց. «Որովհետև չունենք պետականություն, չգիտենք՝ պետությունն ինչ է: Մենք էթնոսային խմբի մեջ ենք մնացել, պետք է քաղաքական ազգ դառնանք, որ հասկանանք, որ մտածելակերպից է սկսվում, իսկ մտածելակերպի մեջ պետք է չլինի՝ ուրիշը ինչ կանի, պետք է ասել՝ ես ինչ եմ անում ինձ համար, և ոնց անեմ, որ իմ արածը լավ արդյունք տա, և եթե կա հնարավորություն՝ օգտվել ուրիշի ռեսուրսներից, դա պետք է անեմ: Շատ միջազգային հիմնարկներում, որտեղ աշխատում են հրեաներ, հանկարծ որևէ բան դիպչի իրենց ազգային հարցին, իրենք չեն ամաչում սեղանին դնեն այդ հարցը, բայց երբ հայեր են աշխատում, նույնիսկ ձայն էլ չեն հանում: Սա պետականություն չունենալու հետևանք է:
44-օրյա պատերազմի ընթացքում քանի՞ անգամ եք լսել, որ այստեղ միջազգային կազմակերպություններում, դեսպանատներում աշխատող հայերը մի բան անեն, երբ հարցնում ես, ասում են՝ դե, ներքին ինչ-որ բաներ ենք անում, բայց կարող է՝ ոչ թե ներքին, այլ արտաքին էր պետք անել: Լավ, աշխարհում տարբեր ինստիտուտներում աշխատող հայերն ի՞նչ էին անում:
Կարող է՝ կա ժամանակահատված, որ դա պետք է լուռ անել, բայց տեղեր են գալիս, որ բարձրաձայնումը պետք է հնչի: Նույնիսկ դրա վերաբերյալ մի անգամ գրառում կատարեցի, դեսպանատներից մեկից ինձ վրա նոտա հղեցին, թե՝ այս ի՞նչ է խոսում այս մարդը, հերիք չէ՝ գնացել է Ստեփանակերտ, մի հատ էլ այնտեղից կոչով է դիմում, թե՝ այս ինչ եք անում: Բայց այդ ժամանակ, երբ ադրբեջանցիներն այդ նույն միջազգային դեսպանատներին հասցրին Կիրովաբադ, վայնասունը գցել էին, ԵՄ-ն էլ հայտարարություն արեց: Բա Ստեփանակերտ ինչո՞ւ չբերեցիք»:
Անդրադառնալով ՌԴ-ի հղած բողոքի նոտային՝ նա հետևյալն ասաց. «Մեր թշնամիներն ամեն օր մուրճն ու գերանդին վերցրած՝ մեր գլխին տալիս են, բայց ոնց որ թե ոչ մի արձագանք չկա: Թշնամին մեզ ասում է՝ մորթելու եմ, սպանելու եմ, այդտեղ ոչ մի արձագանք չկա, բայց ՌԴ-ի կողմը տեղի-անտեղի, առանց մանրամասներ իմանալու՝ մանիպուլյատիվ նորություններ են գնում, բնականաբար, դուրը չի գալու: Դա մեզ էլ դուր չի գալու: Մենք մեր հերոսին ունենք, Ռուսաստանում մեզ վրա մատ են թափ տալիս. Խոսքը Նժդեհի մասին է: Կամ՝ լավ, Մոնթե Մելքոնյանը մեր ազգային հերոսն է, ինչո՞ւ է ամերիկյան ինստիտուտը նման քաղաքականություն վարում: Պետք է կարողանանք այդ մարդկանց բացատրել, որ մեր ազգային հերոսներն են: Միայն հայ-ռուսական հարաբերություններն են վա՞տ, հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերությունները շատ լա՞վ են»:
Թևան Պողոսյանը նկատեց՝ եթե Հայաստանի իշխանություններն այսօր չեն պայքարում Արցախի համար, ուրիշնե՞րն են գալու պայքարեն, ի՞նչ տարբերություն՝ ԱՄՆ-ը ինչ նշանակում է արել Մինսկի խմբում.
«Ամեն ինչի մասին խոսում ենք, իսկ որպես պետություն՝ ո՞րն է մեր շահը, ի՞նչ պետք է անենք և ի՞նչ ռեսուրսով: Ունենք-չունենք, մի ռեսուրս ունենք՝ ազգային միասնությունը, այն էլ այնպես ենք փշուր-փշուր արել, որ հիմա չգիտեմ էլ՝ ոնց պետք է հավաքենք: Իսկ եթե դու այս փշրանքների մեջ ես, քեզնով խաղալու են: Ցավալին այն է, որ խաղալուց վերջ չունեն: Երբ ասում են՝ այս էլ կանեն, հետո լավ կլինի, այդպես չէ»:
Նա ընդգծեց, որ Ալիևն իր պլանների մասին բաց տեքստով խոսում է՝ Զանգեզուր, Սևան, Սյունիք, Երասխ, Երևան.
«Իրենց լուծումը դա է: Մարդը ասում է՝ ամբողջ կյանքում, պարտվածի դաջվածքը ձեր ճակատին, պետք է ապրեք, չբազմանաք: Մեր թշնամին այդ իմաստով ազնիվ է մեզ հետ, մեր երեսին ասում է, իսկ մենք լսում ենք ու ասում՝ ա՜, գլուխ է գովում: Թշնամին կանգ չի առնելու: Ի՞նչ է նշանակում՝ խաղաղության դարաշրջան, օկուպացված տարածքները վերադարձնելո՞ւ են, ի՞նչն է այդ խաղաղությունը, որ չեն կրակում, սառնարանս լիքն է, և վե՞րջ: Դրանով երկիր են պահո՞ւմ»:
Դիմելով միջազգային հանրությանը՝ նրանց խորհուրդ տվեց դասեր չտալ.
«Ձեր բոլոր դասերն ավարտվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, դրանից հետո ձեր բոլոր դասերը կարող եք ուրիշներին տալ: Մենք տեսել ենք ձեր վարքագիծը, վերաբերմունքը, արժեքային համակարգի իրական երեսը: Իմ նպատակը միայն պետք է լինի՝ առաջ տանել հայկական շահերը: Եթե Հայաստանը պետք է պինդ ու ամուր լինի նրանով, որ այստեղ պետք է հնչի «առանց թուրքի Հայաստան», որ ես ազգային սերունդ դաստիարակեմ, որը սիրի հայրենիքը և այստեղ մնա, ապրի ու հասկանա՝ ինչի համար է իր կյանքը, ուրեմն՝ պետք է հանգիստ դա օգտագործեմ»:
Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ թշնամու որևէ գործողություն օդից չէ. «Ես վստահ եմ, որ իրենք շատ լավ ուսումնասիրել են, որ բոլոր սիմվոլները կոտրեն: Գալիս է սեպտեմբերի 2-ը, ի՞նչ, այդ օրը հանգիստ մնալու է, ասի՝ հայերով գնացեք ցույցեր արեք, քեֆ արեք, կենաց ասե՞ք: Նույնը սեպտեմբերի 21-ին է լինելու, սեպտեմբերի 27-ը իրենց համար ընդհանրապես հայրենական պատերազմի սկիզբ է: Ամենագլխավոր ճգնաժամը, որով այսօր հայ ազգն ապրում է, բարոյահոգեբանական ճգնաժամն է: Այս ամենը կանգնեցնել հնարավոր է, եթե ամեն մարդ որոշի, թե իր գալիք սերունդների համար ինչ է երազում: Եթե դա չի լինելու, մեր հույսը պետք է մնա Վանգան, որովհետև էլ ո՞ւմ վրա հույս դնենք: Եթե մենք ինքներս չենք անելու, միգուցե ուրիշների շահերի մեջ ինչ-որ բան կստացվի, բայց մեզնով խաղալու են, իսկ թե արդյունքը ո՞նց կստացվի, հարց է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում