Բաժիններ՝

Օդանավակայանից կամ Բագրատաշենի անցակետից զբոսաշրջիկը պետք է տեսնի միայն սիրուն միջավայր, մինչդեռ մեր ճանապարհներին անթիվ անհասկանալի շինություններ կան. Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2022 թվականի առաջին վեց ամսում Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ, ինչը գրեթե 50 տոկոսով գերազանցել է 2021 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (243 076 մարդ)։

Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստան այցելողների թվով առաջատար դիրքում Ռուսաստանն է։ 2022թ. հունվար-հունիսին Հայաստան ժամանածների 42.6 տոկոսը (251 035 մարդ) այդ երկրի քաղաքացիներ են։ Վրաստանից Հայաստան է ժամանել 62 874 մարդ, Իրանից` 48 122, ԱՄՆ-ից՝ 13 017, Գերմանիայից` 8 554։
6-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղից այս տարի Հայաստան է ժամանել 7 687 մարդ։ 7-րդ և 8-րդ տեղերում Ուկրաինան ու Բելառուսն են` 7 663 և 7 553 այցելուներով։ Հնդկաստանը 9-րդ տեղում է (6 047 այցելու)։ Առաջին տասնյակը եզրափակում է Ղազախստանը (5 069 այցելու)։

Հարևան Վրաստանում Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հուլիսին Վրաստանը միջազգային այցելուներից ստացել է 476,1 մլն դոլարի եկամուտ։ Ընդհանուր հաշվով, այս տարվա 7 ամսում երկիրը զբոսաշրջությունից ավելի քան 1,6 մլրդ դոլարի եկամուտ է ստացել։

Զբոսաշրջությունը զարգացնելու, հնարավորությունների և առկա խնդիրների մասին 168.am-ը զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Զբոսավար Կարինե Փանոսյանը զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Վրաստանի ոլորտների միջև՝ ասաց.

Կարդացեք նաև

«Վրաստանի ու Հայաստանի միջև ահռելի տարբերություն կա՝ տուրիզմի կառուցման, մարտավարության, դրանում արվող ներդրումների առումով։ Ինչպես նաև, Վրաստանում ծով կա։ Ծովի հաշվին իրենց երկիր այցելող զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում նաև հայերը։ Մենք ծովին համարժեք առաջարկ չունենք, բայց դա չի նշանակում, որ մրցունակ չենք, կամ չենք կարող լինել։ Մեր երկիր այցելող զբոսաշրջիկը շատ տպավորված է հեռանում, բայց խնդիրն այն է, որ մենք պետք է ուղղենք այդ զբոսաշրջիկին մեր երկիր։ Այստեղ ամենամեծ բացը դրսում արվող Հայաստանի գովազդն է։ Հայաստանը լավ չի ներկայացվում աշխարհին՝ գովազդը թույլ է, վատ է արվում, մինչդեռ հարևան Վրաստանը դրա վրա ահռելի միջոցներ է ծախսում, ուստի երկիրն աշխարհին ներկայանում է հիանալի գովազդային նյութերով։ Փոխարենը խնդիրներ ենք «առաջարկում» արդեն՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար աղբի մեծ քանակի առկայություն ամենուր, ոչ ներկայանալի, թափթփված բնակավայրեր, ենթակառուցվածքների անհարմարություն․․․ շատ գործ ունենք անելու, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհի առաջատար տուրիստական երկիր, թեև մեր ունեցած ռեսուրսներն ու ժառանգությունը՝ հուշարձանները, բնությունը, արվեստն ու արհեստները, ֆանտաստիկ խոհանոցը, մարդկանց ջերմությունը դեռևս կարողանում են հյուրերի վրա դրական տպավորություն թողնել»,- ասաց զբոսավար Կարինե Փանոսյանը:

Կարինե Փանոսյանը մի քանի անգամ շեշտեց ճանապարհների անբարեկարգ վիճակը, ցուցանակների բացակայության հարցը.

«Անելիք շատ ունենք: Պետք է մաքրել Հայաստանը։ Չենք կարող հավերժ հույսներս դնել ճկուն զբոսավարի մտքի  կամ հայկական հյուրասիրության հաշվին բացերը փակելու վրա»:

Համայնքների տնտեսական զարգացման մասնագետ Արթուր Ոսկանյանն էլ ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպվում   Հայաստան այցելող անկախ ճանապարհորդների ու տուրիստական ընկերությունների միջոցով այցելուների հանգիստը և շրջագայությունը: Տուրիստական ընկերությունները հատուկ ծրագիր ունեն, իսկ անկախ ճանապարհորդները Հայաստանի գեղատեսիլ վայրերում շրջագայում են ոչ իրենց մշակած ծրագրերով:  «Մարդ կա՝ պատմությունը որոշ չափով իմանալով է գալիս, չեն այցելում, օրինակ, Պատմության, Էրեբունու թանգարաններ, Մեծամորի թանգարան:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների դիտարկումներին, թե, օրինակ, Երևանը փոշոտ է, կանաչապատ տարածքները՝ շատ քիչ, Արթուր Ոսկանյանն ընդունեց, որ դա լուրջ խնդիր է. «Այսօր գլոբալ խնդիր է և՛ կանաչապատման պակասը, և՛ էկոլոգիան»:

Համայնքների տնտեսական զարգացման մասնագետն անդրադարձավ նաև ՀՀ քաղաքացիների համար սեփական երկրում հանգստանալու, այսինքն՝ ներգնա տուրիզմի խնդրին: Հայաստանի տարբեր բնակավայրերում առկա հյուրանոցների բարձր գինը մարդկանց ստիպում է գնալ Վրաստան.

«Վրաստան ասելով՝ հիմնականում նկատի ունեն Աջարիա, Բաթում: Բաթումում առաջարկը շատ մեծ է. կան շատ թանկ տեղեր ու շատ մատչելի: Այն մարդիկ, ովքեր էժան տեղեր են նախընտրում՝ գնում են ծովի համար, օրը 2-5 լարի վճարում, ապրում  դոմիկում, սնվում են՝  խանութից  մթերք գնելով և կերակուր պատրաստելով: Այսինքն, սպասարկման մասին մենք չենք խոսում: Քիչ թե շատ սպասարկում ապահովելու դեպքում՝ 3 աստղից բարձր, կա սենյակում կոնդիցիոներ, գալիս հավաքում են, ներառված է նաև նախաճաշ, գներն այնքան էլ էժան չեն: Հիմա ով Հայաստանում է ուզում հանգստանալ՝ կան մասնավոր տներ, ու Ծաղկաձորի փոխարեն կարող են գնալ այլ վայրեր: Ինչո՞ւ է գնում Ծաղկաձոր, որ հրապարակի՞: Մաքուր օդ շնչելու համար թող գնան Լոռի, Տավուշ, Գորիս, Սյունիք: Մասնավոր հյուրատներ շատ կան»,- նշեց Արթուր Ոսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս