Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության նախապայման են. Ղարիբաշվիլի

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ են, այլև նախապայման ողջ տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության, կայունության և զարգացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարեկամության» կամրջի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

««Բարեկամության» կամուրջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում։ Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված, ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով, 160 մետր երկարությամբ քառաշերտ կամուրջը հազվագյուտ նախագիծ է տարածաշրջանում»,- ասաց Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետի խոսքով` «Բարեկամության» կամրջի գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը սահմանին կրկնապատկվելու է, բարելավվելու է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների ու հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի խորացմանը։

«Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում` որպես Արևելք-Արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս։ Ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում»։

Տեսանյութեր

Լրահոս