Աֆղանստանը Ռուսաստանին առաջարկել է ներդրումներ անել նավթագազային ոլորտում
Քաբուլը խնդիր չի տեսնում այն բանի համար, որպեսզի ռուսաստանյան ընկերություններն աշխատեն Աֆղանստանում, կարելի է ներդրումներ անել նավթագազային ոլորտում, ցեմենտի արտադրության, լիթիումի արդյունահանման մեջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նուրիդդին Ազիզին:
Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ը ժամանակին Աֆղանստանում իրականացրել է ավելի քան 140 խոշոր ենթակառուցվածքային նախագծեր: Ուստի Ռուսաստանը լավ կողմնորոշվում է Աֆղանստանի շուկայում, գիտի մեր երկիրը, հավելել է նախարարը:
«Ռուսաստանյան ընկերություններն իրենց հերթին անցկացրել են օգտակար հանածոների հետախուզում, եւ այժմ դրանց հետազոտություններն օգտագործվում են մեր հանքարդյունահանման արդյունաբերության եւ նավթի նախարարության կողմից: Այդ փաստաթղթերն ունի նաեւ ռուսական կողմը: Այլ խոսքով՝ ռուսական բիզնեսի համար խնդիր չէ Աֆղանստանում ներդրումներ անելը, քանի որ փորձ արդեն կա, պայմաններ՝ նույնպես:
Մենք խոչընդոտներ չենք տեսնում Աֆղանստանում ռուսական ընկերությունների աշխատանքի համար: Եվ ցանկանում ենք, որպեսզի այդպես շարունակվի նաեւ հետագայում»,-ասել է Ազիզին: Նա հավելել է, որ ռուսական ընկերությունները կարող են «ներդրումներ անել ցեմենտի ճյուղում»:
«Դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Ընկերությունները կարող են ներդրումներ անել նաեւ ուրիշ ենթակառուցվածքային նախագծերում: Մենք նաեւ հնարավորություն ունենք, որպեսզի ռուսական ընկերությունները ներդրումներ անեն նավթի ու գազի արդյունաբերության մեջ, հանքային պաշարների ոլորտում: Մենք շատ լավ եւ որակյալ լիթիում ունենք»,-ամփոփել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: