Բաժիններ՝

Մետրոպոլիտենի պահպանության բաժինն անցել է ուժեղացված հսկողության. ստուգում են բոլոր ուղևորներին

Վերջերս հաճախ են կեղծ ահազանգեր լինում այս կամ այն հասարակական վայրում պայթուցիկ սարքավորումների առկայության մասին: Ամենաշատը կեղծ ահազանգեր ստանում է Երևանի մետրոպոլիտենը:

Վերջին կեղծ ահազանգը եղել է օգոստոսի 16-ին:

Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։

168.am-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք տնօրինությունը մտածում է մետաղորսիչ կամ այլ սարքավորումների ձեռքբերման կամ տեղադրման մասին, որպեսզի ամեն օր նման իրավիճակ չստեղծվի:

Կարդացեք նաև

«Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինը հիմա իրականացնում է ուժեղացված հսկողություն, ու ոստիկանները մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը: Շրջում են նաև Մետրոպոլիտենի կայարաններում. ստուգում են բոլոր ուղևորներին՝ վճարման համակարգի մոտից սկսած»,- մեզ հետ զրույցում նշեց Տաթև Խաչատրյանը:

Հարցին՝ այլ սարքավորումներ ձեռք բերելու, հսկողությունն է՛լ ավելի խստացնելու առումով Մետրոպոլիտենը դիմելո՞ւ է Կառավարությանը, Քաղաքապետարանին, մամուլի խոսնակը հայտնեց, որ այս պահին հստակ որևէ բան չի կարող ասել:

«Միայն կարող եմ ասել, որ պահպանությունը հիմա ուժեղացված ծառայության է անցել, ոստիկանները շրջում են բոլոր կայարաններում»,- եզրափակեց Տաթև Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս