Բաժիններ՝

ԱԻՆ-ը ուղղաթիռներ չունի՞

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս պահին հրապարակված պաշտոնական տվյալներով մահացել է 6 մարդ, 18 քաղաքացի անհետ կորած է: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Քաղաքացիները շատ են բարձրացնում այն հարցը, թե ինչո՞ւ հրդեհաշիջման համար ուղղաթիռ չի ներգրավվել:

«Ի վերջո, ուղղաթիռ կա, որ վերևից կարող է ջուր թափել: Մեր մոտ ոչ մի բան էլ չկա, լավատես ազգ ենք, մտածում ենք՝ ոչ մի վատ բան չի լինի, անգամ, եթե լինի էլ, վերջին հույսը Աստվածն է ու վերջ»,- սոցիալական ցանցում գրել է օգտատերերից մեկը: Մյուսն էլ խոսել է հին տեխնիկայի ու այն թարմացնելու կարևորության մասին:

ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից 168.am-ը փորձեց պարզել, թե քանի՞ ուղղաթիռ ունի ԱԻՆ-ը և ինչո՞ւ հրդեհաշիջման աշխատանքներում չեն ներգրավել, վերջինը պատասխանեց. «ԱԻՆ-ը ուղղաթիռներ չունի: Ուղղաթիռներ մեզ տրամադրում է Պաշտպանության նախարարությունը: Բայց, քանի որ փլուզման վտանգն անընդհատ կա, այդ մեծ ծավալի ջուրը եթե բաց թողնեն՝ շենքը կփլուզվի: Դրա համար ուղղաթիռներ ներգրավելը տեղին չէ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ կառավարության հուլիսի 14–ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԻՆ ավտոպարկը կթարմացվի, և 2 ուղղաթիռ արդեն ձեռք ենք բերել։

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Պիտի խնդրենք հակահրդեհային կանոնները խստիվ պահպանել: Հատկապես ուզում եմ ընդգծել, որ ապակե տարաներ թողնելը բնության գրկում ամենավտանգավոր բանն է, որովհետև արևից անդրադարձով հրդեհ է բռնկվում: Մեր հաջորդ խնդիրը այն է, որ ԱԻՆ-ը, նախ, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնի և երկրորդը՝ պատրաստ լինի նաև օպերատիվ արձագանքել եղած դեպքերին:

Մենք նախորդ տարի 2 ուղղաթիռ ենք ձեռք բերել, որոնք հնարավորություն են տալիս հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, և եթե չեմ սխալվում, արդեն փորձարկումներն իրականացրել ենք: Ամեն դեպքում, պարոն Փամբուխչյան, ևս մեկ անգամ կհամոզվեք, որ այդ ուղղաթիռներն իրոք գործունակ են, այսինքն՝ կա պատրաստված անձնակազմ, որն անհրաժեշտության դեպքում նաև պլան ունի, թե որ տեղանքում հրդեհ բռնկվելու պարագայում որտեղից է ջուրը վերցնելու՝ այդ ուղղաթիռները հընթացս ջուրը վերցնում են ջրամբարներից, ջրավազաններից, տեղափոխում են հրդեհի վայր և հրեդեհաշիջում են իրականացնում: Ամեն դեպքում պետք է համոզվել, որ անձնակազմն ու տեխնիկան, որ ունենք, պատրաստ են:

Եվ, իհարկե, հանրային իրազեկումը: Այն մեկ անգամ պետք չէ անել, պարոն Հարությունյան, պետք է կարողանանք լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով անընդհատ այդ ահազանգը հնչեցնել, որովհետև մարդիկ անտառներում էլ են հեռախոսներով: Այնպես անենք, որ հեռախոսների էկրաններին հնարավորինս հաճախ այդ ահազանգը հնչի՝ խնդրանքով, ակնկալիքով, որ հակահրդեհային կանոնները պահպանվեն: Սա էլ է այն դեպքերից, որ մեկ անգամ հայտարարություն անելով կամ Կառավարության նիստում ասելով չէ: Պետք է անընդհատ մարդկանց այդ ուղերձը տրվի՝ որ շատ վտանգավոր վիճակ է, և պետք է ամեն ինչ անենք, որ տեղի չունենան վատ զարգացումներ»: Ա. Փամբուխչյանը վստահեցրել է, որ ԱԻՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը, կատարվում են վարժանքներ, ինչպես նաև շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ համատեղ իրազեկման միջոցառումներ են իրականացվում թե՛ քաղաքացիների, թե՛ տնտեսվարողների շրջանում»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

Տեսանյութեր

Լրահոս