Իշխանամերձ շրջանակներից հաստատում են՝ սեպտեմբերի 27-ին ՊԲ-ն պահպանությունից պաշտպանության անցած չի եղել
168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք էր սկսել՝ ցույց տալու համար, որ կարևոր ուղղություններում Պաշտպանության բանակը (ՊԲ) պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին: Ավելի կոնկրետ՝ պատերազմի սկսվելու պահին զինվորները զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ին տված հարցազրույցում հաստատել է բաց աղբյուրների հիման վրա մեր ուսումնասիրությունները:
«Պատերազմը հո այդ նույն րոպեին չսկսվե՞ց, մենք նախօրոք իմացել ենք, չէ՞, որ պատերազմ է սկսվելու՝ ինչքան գիտեմ, սեպտեմբերի 25-ին: Ամեն մեկը պիտի ասի՝ ամսի 25-ին այդ մասին իմանալուց հետո ինչ է արել: Եթե իրանք առաջին պատրաստության բերեին (զորքը։- Մ.Պ), մեր կազարմեքում, զորավաններում էդքան մարդ չէր մնա, բոլորը կլինեին արդեն առաջին գծում»,- նշել է նա:
Հակադարձմանը՝ եթե Արցախի պաշտպանության բանա՞կը այդպես աներ, իշխանական գեներալը դրական պատասխան է տվել:
«Իհարկե ՊԲ-ն, Հայաստանի վրա պատերա՞զմ է եղել: Խոսքը ՊԲ-ի մասին է»,- շեշտել է ՔՊ-ական պատգամավորը՝ չանդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից պահպանությունից պաշտպանության անցնելու հրաման եղել է:
Այս համատեքստում, սակայն, Գագիկ Մելքոնյանը, ըստ էության, չի հերքել տարածված տեղեկությունները և 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հաստատումն այն մասին, որ ՊԲ հրամանատարի պարտականությունները կատարող Ջալալ Հարությունյանը պատերազմի սկսվելուց հետո է շտապել իր աշխատավայր, այսինքն, պատերազմի առաջին րոպեներին Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարն իր տեղում չի եղել:
«Ես տեղյակ չեմ: Քննիչ հանձնաժողովը կպարզի՝ որ հրամանատարը որտեղ է եղել, որ հրամանատարը որտեղ կերուխումի մեջ է եղել, որ հրամանատարը ծնունդ է նշել: Ես չգիտեմ՝ ով է նշել ծնունդ, բայց տենց բաներ էլ կարան լինեն: Այդ ամեն ինչը ի հայտ կգա»,- շեշտել է իշխանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ սեպտեմբերին սկսվելու են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի լսումները, և վստահեցնելով, որ հնարավոր է՝ դրանք բաց լինեն՝ օնլայն, որ ժողովուրդը կարողանա հետևել: Այս մասով, սակայն, վերջնական որոշում դեռ չկա:
«Որոշվում է հիմա՝ բա՞ց, թե՞ կիսաբաց անել»,- լրացրել է Մելքոնյանը:
Հավելենք, որ ՊԲ-ի՝ պատերազմին ամբողջովին պատրաստ չլինելու կամ կարևոր տեղերում պատրաստ չլինելու մասին մեր ուսումնասիրությունների արդյունքները դարձյալ առաջ 24TV-ին տված հարցազրույցում հաստատել էր ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում ռազմական փորձագետ աշխատող գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, հաստատել է բաց աղբյուրների հիման վրա մեր ուսումնասիրությունները:
Մասնավորապես, նա խոսել է Ջրականի ուղղության մասին:
«9-րդ պաշտպանական շրջանը սեպտեմբերի 27-ին ենթարկվել է թշնամու շատ հզոր խմբավորման հարվածի. 20-22.000 զորք հարձակվել է միայն 9-րդ պաշտպանականի վրա, որը մոտավոր ունեցել է 1500 հոգի անձնակազմ: Ընդ որում, թշնամին հարձակվել է ոչ թե ամբողջ 9-րդ պաշտպանականի վրա, այլ աջաթևյան 2 գումարտակների՝ Արաքսի ափից հաշվեք 2 գումարտակ: 2 գումարտակը մոտավորապես անում է 500-700 մարդ: 500 մարդ դիմակայել է մոտ 22.000 մարդու: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ճակատը չի ճեղքվել: Ճակատում ընդամենը եղել է 1-1.5 կմ նահանջ: Հակառակորդն էս տեղամասում, էս բնագծում մինչև 80 խոցված տանկ է թողել: Դիրքեր ենք ունեցել, որոնք ենթարկվել են հարձակման՝ 20-25 դիրք, ամեն դիրքում եղել է 6-7 զինվոր, իսկ ամեն դիրքի վրա 10 տանկ է եկել: Այսինքն, զինվորի քանակից շատ տանկ է եկել: Բայց երկու անգամ գումարտակի հրամանատարները վիրավորված, տեղային հակագրոհ են արել, ինչ-որ դիրքեր հետ են բերել, բայց չեն կարողացել երկար պահել: Եվ միայն 8-րդ օրն են այս 2 գումարտակները հետ քաշվել, որովհետև չեն համալրվել: Ավելի ճիշտ, կանոնավոր զորք չի եղել, եկել է մոբիլիզացված զորքը, իսկ մոբիլիզացված պահեստազորայիները չեն կռվել զինվորի հետ նույն էֆեկտիվությամբ, ինչ զինվորը: Սկսենք նրանից, որ 9-րդ պաշտպանական շրջանը պահպանությունից պաշտպանության անցած չի եղել սեպտեմբերի 27-ի օրով: Սա մի մեծ հարց է, որը պիտի քննվի, սա առանձին քննարկման հարց է»,- ասել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 9-րդ ՊՇ-ի 300 զոհվածների մեջ 40-ը սպա է: Այսինքն, զոհված զորքի 10 տոկոսից ավելին սպաներ են:
Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, հաստատում է նաև իր նախկին ղեկավարի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պնդումը, որ իշխանություններն ուժ չեն կուտակել հարավային հատվածում հակառակորդի մխրճումը, ճեղքվածքը փակելու համար. հրամանատարը, զինվորը մեղավոր չէ:
Հարց է՝ ՀՀ իշխանությունները «կպատժեն» Ջալալ Հարությունյանի՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նաև ՊԲ-ի պատշաճ պատրաստ չլինելու մեջ մեղավոր կճանաչվի միայն ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ պատճառաբանմամբ, որ համապատասխան հրաման չի եղել, իսկ ՊԲ-ն ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման կարգավիճակում է եղել, ըստ էության: Սպասենք:
Իշխանությունները դեռ վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ հիշում են գեներալ-գնդապետի հաստատած «Իսկանդերի» ձախողված պլանը։ Իր վերջին հարցազրույցում Գագիկ Մելքոնյանը հերթական անգամ հիշել է այդ մասին՝ միաժամանակ նշելով, որ Օնիկ Գասպարյանը հաստատել է այդ պլանը, բայց դրա տակ բազմաթիվ ստորագրություններ կան:
Այստեղ ևս դեռ շատ բաներ անհասկանալի է, որը մասնագիտական խորը բացատրություն է պահանջում, մի բան հստակ է՝ այն Նիկոլ Փաշինյանից թաքուն չի կիրառվել: