Տեսակցել ենք բոլոր նրանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի կողմից. պահվող անձինք Կարմիր խաչի նամակների, տեսագրված ուղերձների տեսքով և հեռախոսով հարազատների հետ կապ են հաստատել. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի վերջին հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերեվարված անձանց։ 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մեր պրակտիկայի համաձայն, սա պարբերական այցելություններից էր, և տեսակցել ենք բոլոր նրանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Հնարավորություն է տրվել բոլոր պահվող  անձանց իրենց հարազատների հետ փոխանակել լուրեր՝ Կարմիր խաչի նամակների, տեսագրված ուղերձների տեսքով, հեռախոսազանգերի հնարավորություն նույնպես տրվել է»,- նշեց Զառա Ամատունին։

Ըստ մեր զրուցակցի, երբ Կարմիր խաչը պարզում է անձի գտնվելու վայրը, առաջին հերթին այդ մասին տեղյակ է պահում տվյալ անձի ընտանիքին։

«Դեպք, որ տվյալ անձի գտվելու վայրի մասին մենք իմանանք, իսկ ընտանիքը՝ ոչ, հնարավոր չէ։ Սովորաբար մենք անձի վերաբերյալ տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո այդ տեղեկությունը հաղորդում ենք նրա ընտանիքին, որից հետո այդ կապը պահում ենք։ Ընտանիքները ևս բավականին ակտիվ կերպով մեզ հետ կապի մեջ են»,- հավելեց Զ. Ամատունին։

Կարդացեք նաև

Հետաքրքրվեցինք նաև, թե Կարմիր Խաչն ի՞նչ կարող է անել Արցախի օկուպացված տարածքներում անհետ կորած և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները վերսկսելու համար։

«Մեր դերն այստեղ մարդասիրական միջնորդի դերն է, որոշումները կայացվում են կողմերի միջև, մենք կարող ենք միայն աջակցել, որպեսզի այդ որոշումների հիման վրա գործընթացը սկսեն։ Եթե կողմերը որոշում են կայացնում աշխատանքները սկսելու մասին, մենք այնտեղ ենք լինում, որպեսզի աշխատանքներն ընթանան։ Ինչը և կատարվել է նախորդ տարվա ընթացքում։ Նշեմ, որ մենք այդ ամբողջ ընթացքում միջնորդել ենք 360-ից ավելի որոնողական աշխատանքների ընթացքում»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, Արցախում անհետ կորած և զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ չեն կատարվում, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ իր կողմից օկուպացված տարածքներում կատարվեն այդ աշխատանքները։

168.am-ին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասել էր, որ հայկական կողմը ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ է վարում առաջիկայում որոնողական աշխատանքները վերսկսելու համար։ Սակայն դեռևս որևէ դրական ազդակ չկա։

Տեսանյութեր

Լրահոս