Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել. հայկական կողմը ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ է վարում՝ դրական ազդակ դեռ չկա. Հունան Թադևոսյան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ հայկական կողմը սկսեց պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ խոչընդոտում էր այդ աշխատանքների իրականացումը։

Չնայած դրան, հայկական կողմը հայտարարված հրադադարից ի վեր դժվարությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտանաբերել է 1711 աճյուն և մասունքներ, որոնք հանձնվել են դատաբժշկական փորձաքննության։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքները վերսկսել իր օկուպացիայի տակ անցած Արցախի տարածքներում։

«Այս պահի դրությամբ որոնողական աշխատանքները կանգնեցված են, երկար ժամանակ որոնողական աշխատանքներ չենք իրականացնում, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս։ Այս պահին բանակցություններ են ընթանում՝ հայկական կողմը ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ է վարում առաջիկայում որոնողական աշխատանքները վերսկսելու համար։ Սակայն այս պահին դեռևս որևէ դրական ազդակ չկա»,- նշեց Հունան Թադևոսյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքներն արգելելու որևէ պատճառաբանություն  Ադրբեջանը չի նշում։

«Ինչպես նախկինում, երբ որոնումներն ընթացքի մեջ էին, և ժամանակ առ ժամանակ Ադրբեջանն այս աշխատանքները կանգնեցնում էր առանց որևէ պատճառի, հիմա էլ նույնն է անում։ Նույնիսկ ենթադրությունների մակարդակում չկա որևէ կարծիք, որ կոնկրետ այս կամ այն խնդրի պատճառով չեն թողնում։

Որոնողական աշխատանքների ընթացքում եղել են դեպքեր, երբ իրենք մեզ փոխանցել են մեր զինվորների ամբողջական մարմիներ, մասունքներ, հայկական կողմն էլ իրենց է փոխանցել ադրբեջանցի զինվորների դիեր, այսինքն՝ դիերի փոխանակում է եղել»,- եզրափակեց Հունան Թադևոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս