Ինչո՞ւ են ուզում թոշակները կես-կես բարձրացնել

Տարվա ավարտին դեռ մի քանի ամիս կա, բայց կառավարությունը շտապեց հայտարարել, որ պատրաստվում են հաջորդ տարվանից բարձրացնել կենսաթոշակները։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ հասկանալ. սկսել են հայտարարություններով կերակրել թոշակառուներին՝ մինչև կբարձրացնեն կամ չեն բարձրացնի թոշակները։

Արդեն այժմվանից տարբեր առիթներով պտտում են այդ թեման և առաջիկայում դեռ շատ են պտտելու։ Չնայած ակնհայտ է, որ գործ ունենք իշխանությունների հերթական նախաձեռնության հետ, որն ավելի շատ իմիտացիա է պարունակում, քան մարդիկ զգալու են դրա իրական արդյունքը։

Խոսում են թոշակները մինչև 6 հազար դրամով բարձրացնելու մասին։ Այն էլ 2 փուլով։

Թե դա ի՞նչ է ենթադրում, չեն ասում։ Խուսափում են մանրամասնել, ինչն էլ կասկածների տեղիք է տալիս։

Այդ կասկածների հիմքը դրեց Նիկոլ Փաշինյանը, երբ կառավարության հերթական նիստերից մեկում հայտարարեց թոշակները բարձրացնելու մասին՝ իրեն «զրկելով» դրա վերաբերյալ մանրամասներ հայտնելու գայթակղությունից։ Նման բան կառավարության ղեկավարից գրեթե անհնարին էր սպասել. նա երբեմն անգամ չի կարողանում իրեն զսպել՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց, ուր մնաց թե՝ թոշակների բարձրացումն է։

Հետո կասկածները խորացրեց սոցիալական հարցերի նախարարը՝ հայտարարելով, որ թոշակները բարձրանալու են մինչև 6 հազար դրամով և 2 փուլով։

Ե՞րբ է տրվելու առաջին փուլի մեկնարկը, ե՞րբ երկրորդինը՝ հայտնի չէ։

Նման բան մինչև հիմա Հայաստանում չի եղել։ Դեռ հերթական բարձրացումը չկատարած, երբեք չի հայտարարվել հաջորդ բարձրացման մասին։ Առավել ևս առկա այսքան անորոշությունների ու անկայունության պայմաններում, երբ հայտնի չէ, թե առաջիկայում ինչ է սպասվում մեզ։

Թեև պարզ է, թե ինչո՞ւ են որոշել այդպես վարվել՝ մի կողմից՝ փող են տնտեսում թոշակառուների վրա, մյուս կողմից՝ իմիտացիա են ստեղծում, թե պատրաստվում են մինչև 6 հազար դրամով թոշակ բարձրացնել։ Այնինչ՝ իրականում 6 հազար դրամ ասվածը խիստ հարաբերական է։

Հունվարի 1-ից կենսաթոշակները շատ ավելի քիչ են բարձրանալու, քան հայտարարվող մինչև 6 հազար դրամն է։

Լավագույն դեպքում դա կարող է լինել 3 կամ 4 հազար դրամի չափով։ Մնացածը կբարձրացնեն հետագայում, հավանաբար տարվա երկրորդ կեսին։

Այլ բան, եթե հայտարարվող մինչև 6 հազար դրամ բարձրացումն ամբողջությամբ արվի տարվա սկզբից, այլ բան, եթե բարձրացման մի մասը տեղափոխվում է տարվա երկրորդ կես։ Այդքան գումար առնվազն 6 ամիս խնայելու են՝ թոշակառուների հաշվին։ Իրենց պարգևատրելու հարցում չափից դուրս առատաձեռն են, խնայողությունների մասին չեն մտածում։ Բայց երբ հարցը հասնում է թոշակառուներին կամ սոցիալական մյուս խոցելի խմբերին, ահա այսպիսի խորամանկությունների են դիմում, կես-կես են բարձրացնում, որպեսզի քիչ փող ծախսեն ու քիչ վճարեն։

Տպավորություն են ստեղծում, թե մյուս տարվանից կենսաթոշակը մինչև 6 հազար դրամով բարձրացնում են, այնինչ՝ դա լինելու է ոչ թե տարվա սկզբից, այլ տարվա, ասենք՝ երկրորդ կեսից։ Տարվա սկզբից թոշակների շատ ավելի քիչ բարձրացում է սպասվում, քան հայտարարվող մինչև 6 հազար դրամն է։

Դեռ հարց է, թե 6 հազար դրամը քանի թոշակառուի կարող է վերաբերել։

Կասկած չկա, որ այդպիսիք շատ քիչ են լինելու։ Շատ քչերն են կարողանալու օգտվել այդ «հաճույքից»։ Բայց դա չի խանգարի, որպեսզի հայտարարեն, թե թոշակները 6 հազար դրամով բարձրացրել են։ Թեև մեծամասնության դեպքում դա էլ չի լինելու։

Թե ի՞նչ է փոխելու այդ մի քանի հազար դրամը թոշակառուի կյանքում, դժվար չէ պատկերացնել։ Վերջին 2 տարիների բարձր գնաճի հետևանքով մարդկանց ծախսերն անհամեմատ ավելի են աճել, քան կենսաթոշակի հայտարարվող բարձրացումն է։ Սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների դեպքում ունենք շատ ավելի բարձր գնաճային երևույթներ։ Երեք-չորս, հետո ևս 2 կամ 3 հազար դրամը արդյո՞ք ծածկելու է թոշակառուների այն հավելյալ ծախսերը, որոնք առաջացել են վերջին 2 տարիների թանկացումների հետևանքով։ Իհարկե, չի ծածկելու։ Բայց դա այն է, որը իշխանությունը պատրաստվում է տալ թոշակառուին՝ ի պատասխան արձանագրվող բարձր գնաճի։

Թոշակը նախատեսում են բարձրացնել մի քանի հազար դրամով, իսկ իրենց հարյուր հազարներով պարգևավճար են տալիս։ Ասում են՝ պետք չէ թոշակների բարձրացումը խառնել պաշտոնյաների պարգևավճարների հետ։ Թոշակառուները շատ են, պաշտոնյաները՝ քիչ։ Թոշակները բարձրացնելու համար շատ գումար է պետք, պաշտոնյաների պարգևավճարների համար՝ ոչ այդքան շատ։ Ու դրա համար էլ իրենց հարյուր-հազարներով պարգևավճար են տալիս, իսկ թոշակները պատրաստվում են բարձրացնել մի քանի հազար դրամով, այն էլ ոչ միանգամից, որպեսզի հնարավորինս քիչ փող ծախսեն և տնտեսեն թոշակառուների հաշվին՝ իրենց լի ու բոլ պարգևատրումներ բաժանելու համար։

Եթե պաշտոնյաները քիչ են, իսկ թոշակառուները՝ շատ, դա չի նշանակում, թե կարելի է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել կամ հարյուր-հազարավոր դրամների պարգևավճարներ են տալիս, իսկ թոշակները չբարձրացնել կամ ձևական բարձրացնել, որովհետև բյուջեն այդքան փող չունի։ Չունի, թող բոլորին համաչափ բարձրացնեն՝ 5 տոկոսով, 10 տոկոսով, 20 տոկոսով, և ոչ թե՝ մեկին 100 տոկոսով, մյուսին՝ 5 կամ 10 տոկոսով։

Որտե՞ղ է սրա սոցիալական արդարությունը։ Չնայած իշխանությունները վաղուց են մոռացել սոցիալական արդարության մասին։ Դա մինչև իշխանության գալն էր, իշխանության գալուց հետո էլ ի՞նչ սոցիալական արդարություն։

Ասում էին՝ եկել են ժողովրդին ծառայելու ու պատրաստ են նույնիսկ անվճար ծառայել։ Բայց մի գեղեցիկ օր պարզվեց, որ ժողովրդից թաքուն բյուջեից փողեր են ստանում, իսկ թոշակը չեն բարձրացնում, որովհետև փող չկա։

Իրենք չեն կարողանում հարյուր-հազարավոր դրամ աշխատավարձերով ապրել, թոշակառուներին թողել են 40 հազար դրամի հույսին՝ այսպիսի համատարած թանկացումների պայմաններում։

Նախկինում էլ Հայաստանում թոշակները հաճախ չէին բարձրանում, բայց գոնե այսպիսի բարձր գնաճ չունեինք, երբեմն նաև գնանկում էր արձանագրվում։

Վերջին 2 տարում թոշակ չի բարձրացել, իսկ գները թռիչքաձև աճել են։ Այնպես չէ, որ հաջորդ տարի էլ չեն աճելու։ Գնաճը նահանջելու հույսեր չի տալիս, և կանխատեսվում է, որ այն դեռ շարունակելու է գտնվել բարձր դիրքում։ Ու այդ պայմաններում դեռ հարց է՝ մի քանի հազար դրամ թոշակի ավելացումը, որը պիտի լինի հաջորդ տարի, ծածկելու է գալի՞ք, թե՞ նախկինից եկած գնաճի ազդեցությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս