Ագահությունը
«Զգո՛ւյշ եղեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ․ 12:15):
Արդյոք կա՞ մի այնպիսի բարոյախոս կամ քարոզիչ, որը մեկից ավելի անգամ բացատրած չլինի, որ «ոսկին ու հարստությունը չեն կարող երջանկություն բերել»։ Այս ճշմարտությունը շատ հաճախ է կրկնվել, և ամեն ոք գիտի, որ մարդ, ինչքան էլ լիացած լինի ունեցվածքով, մի օր՝ գուցե հենց վաղը կամ նույնիսկ, թերևս, մեկ րոպե անց ստիպված է լինելու իր ողջ հարստությունն էլ հանդիսավորապես թողնելու գերեզմանի մուտքի մոտ։
Իմ այս քարոզով չէի ցանկանա դեմ արտահայտվել հարստությանը կամ դրամին, ինչպես անում են ոմանք։ Այլ ընդհակառակը, կկամենայի ավելի շեշտադրել այն, որ դրամն ինքնին արժեք է ներկայացնում իրենից և խտացած աշխարհն է՝ մեր ձեռքի մեջ, ու դրամի միջոցով է, որ ոչ միայն հասնում ենք մեր կարիքների բավարարմանը, այլև գոհացում ենք տալիս նվիրական ու սուրբ պետքերին։ Եվ հետևաբար դրամ բաղձալն ու փափագելը օրինավոր, անհրաժեշտ հանգամանք է և, պիտի ասեի՝ անմեղ երևույթ։
Հիսուս երբեք հարուստներին չարգելեց հարստություն ունենալ։ Մարդն ինչո՞ւ պետք է հանցավոր համարվի դրամ ձեռք բերելու կամ ունեցած հարստությունն ավելացնելու պատճառով, չէ՞ որ հարստությունը մարդու իմաստության պսակն է։
Եթե մենք՝ քարոզիչներս, անխոհեմություն ցուցաբերեինք՝ ժողովրդին քարոզելով, որ զգույշ լինեն իրենց հարստությունն ավելացնելու հարցում, ապա այդպիսով վաճառականներին իրավունք կտայինք կիրակի օրը նմանատիպ քարոզ լսելուց հետո հեգնանքով ու արհամարհանքով արտահայտվել քարոզի և քարոզչի վերաբերյալ ու հենց հաջորդ օրն իսկ նախկին եռանդով լծվել իրենց ունեցվածքն ավելացնելու գործին։
Այդ դեպքում, ուրեմն, ինչ-որ սխալ բան կա քարոզի մեջ, որը բնավ չի ազդում ունկնդիրների վրա և բացարձակապես տպավորիչ չէ։ Մարդը ենթակա է բնության օրենքներին, ուստի պետք է բարգավաճի և զարգանա իր ապրելու, գոյության շրջանակի մեջ։ Երբ կրոնը արգելք է դառնում բարգավաճումի սույն ձգտումին, այդպիսով հարվածում է այն բոլոր ձեռնարկներին, որոնք սահմանված են մարդկային բարօրության համար, և այդ դեպքում կրոնը սպանում է աշխատանքի ու առաջադիմության ոգին։
Հիսուս միայն ագահությա՛նն է դեմ արտահայտվում, իսկ ագահությունը հարստության հետ առնչություն չունի, քանի որ աղքատներ կան, որ հայտնի են իրենց մոլեռանդ ագահությամբ։ Ագահությունն այն մոլությունն է, որով տարված մարդը պաշտելու աստիճանի սիրում է դրամը՝ մոռանալով ընտանիքի, Աստծու, կրոնի, աղքատների մասին։
Ագահ մարդը դրամ է սիրում այն համոզմունքով, որ կյանքն ու երջանկությունը կախված են դրամից, և ոչ թե Աստծուց, ու հետևաբար այդպիսի մարդը պաշտում է դրամն իբրև կուռք, և քանի որ նրա վստահության ու հավատքի միակ առարկան դրամն է, նա դիմում է այդ դրամին՝ ասելով․ «Դու իմ ապավենն ես»։ Պողոս առաքյալն իրավամբ ագահությունը կռապաշտություն է համարում (տե՛ս Եփես․ 5:5)։
Ա․
Դժբախտաբար այս մոլությունը կարծվածից ավելի հասարակ է։ Ոմանց մեջ այդ մոլությունը խառնվածքի հետևանք է, ուրիշների պարագայում՝ ստացած կրթության հետևանք։ Խառնվածքի հետևանքով առաջացած ագահությունը գլուխ է բարձրացնում արդեն երիտասարդության հասակից։
Տեսե՛ք, մի երիտասարդ, որը տակավին անտեղյակ է կյանքի դժվարություններին ու վաղվա օրվա հոգսերին, սակայն ամեն դեպքում ջանք է թափում հնարավորինս խնայելու իր միջոցները․ նա խնայում է ամեն բանի վրա՝ իր զգեստների, գրքերի, զվարճությունների։
Նա, անշուշտ, սիրում է հաճույքն ու զվարճությունները այն նույն չափով, որչափ որևէ մեկ այլ անհատ կսիրեր, սակայն բնազդաբար նախընտրում է բոլոր այն հաճույքներն ու զվարճությունները, որոնք որևէ ծախս չեն պահանջում, և համառորեն խորշում է ծախսատար բոլոր զվարճանքներից։
Հակառակ այն բանին, որ մեր այս երիտասարդի մյուս կարողություններն առանձնապես աչքի չեն ընկնում, սակայն երբ խնդիրը դրամական հարցերին է վերաբերում, նա հազվագյուտ իմացականություն է ցուցաբերում, և այդժամ նրա ծնողներն էլ ցանկանում են իրենց զավակի մեջ տեսնել գործնական մարդու կոչումը, սակայն պետք է ասել, որ այդ երիտասարդն իրականում մի նորաբույս ագահ է։
Տեսե՛ք․երբ նա հասունության տարիքին հասնի, մոլությունն էլ նրա հետ կհասունանա։ Գուցե նա դյուրին կյանք ունենա, գուցե հարստության էլ տիրացած լինի, սակայն ոչ ոք, նույնիսկ նրա շուրջը եղողները չեն իմանա, թե նա ինչ ունի։ Այդպիսի մարդն ամեն բան գաղտնի է պահում, իր գաղտնիքը ոչ ոքի չի ուզում հայտնել, միայն պնդում է, որ ինքը հարուստ չէ և դառնապես գանգատվում է կյանքի դժվարությունից՝ ամենքին հայտնելով, թե իր գործերը շատ վատ են, թե տարին շատ անհաջող էր։ Նա անշուշտ այդ նույն բաները պիտի ասեր նաև հաջորդ տարիներին։
Այդպիսի մարդն այնքան է նվազեցնում տան ծախսերը, որ կարելի է կարծել՝ կարիքի ու նեղության մեջ հայտնված մի մարդ է նա։ Սակայն նա չի նեղվում այդ հանգամանքից, այլ ընդհակառակը, փառաբանում է իր ժլատությունն ու սակավապետությունը։
Նույնիսկ ծանր հիվանդության պարագայում հայտարարում է, որ չի հավատում ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ դեղերին, և զգուշանում է որևէ ծախս անել բժշկին դիմելու կամ դեղորայք ձեռք բերելու համար։ Բնավ չի ցանկանում հետաքրքրվել իր այն ազգականներով, որոնք թշվառության մեջ են։ Այլ դեռ խստորեն ամբաստանում է նրանց կանխահոգություն չունենալու և խնայողություն չանելու համար։
Սրանից զատ պետք է ասել, որ նա բացեիբաց ամբարիշտ էլ չէ, այլ, ընդհակառակը, պահպանողական է ու կրոնին բարեկամ, սակայն այդուամենայնիվ հաճախ շեշտում է, որ մեր եկեղեցիներին չափից դուրս նվիրատվություններ են անում, որ շռայլություններ ու անպետք ծախսեր և նույնիսկ զեղծարարություններ են լինում, և այդ ամենի պատճառով էլ մերժում է որևէ մասնակցություն ունենալ Եկեղեցու կարիքների համար հատկացվող ծախսերին։
Կան նաև այնպիսի ագահներ, որոնց ագահությունը, ըստ մեր այս նկարագրածի, իրենց խառնվածքի հետևանքով չէ, այլ նրանց ստացած կրթությունն է այդպես պարտադրում։ Պողոս առաքյալն ասում է, որ ինքն սովորել է գոհ լինել ամեն ինչից։ Գոհունակությունից զատ ուսանելու ենթակա առաքինություններ են նաև վեհանձնությունը և առատաձեռնությունը։
Շատ քիչ ծնողներ կան, որոնք ունակ են իրենց զավակներին սովորեցնելու վերոնշյալ առաքինությունները։ Երբ ծնողներն իրենց երեխային դրամ են տալիս, հանձնարարում են պահել այն կամ առավելագույնը այն հատկացնել ուտելիքի, խաղալիքի կամ հաճույք պատճառող որևէ բանի։ Հազվադեպ ենք հանդիպում ծնողների, որոնք իրենց զավակներին դրամ տալով՝ նրանց կբացատրեին, թե ինչպիսի՜ մեծ ուրախություն է այդ դրամը գթասիրտ կամ օգտակար գործի ծառայեցնելը։
Մանուկները մեծանում են՝ անգիտակ լինելով այն ուրախությանը, որը կարող է ստեղծվել գթության որևէ արարք գործելիս, և այդպիսով նրանք ագահ են դառնում։ Ագահությամբ «կրթված» մարդիկ ծայրահեղ առատաձեռն են այն դեպքերում, երբ խնդիրն իրենց է վերաբերում։ Նրանք ունեն իրենց շքեղազարդ, վայելուչ տունը, լեցուն սեղանը, ամեն բան, ինչ նորույթ է տվյալ ժամանակահատվածում։
Ագահությունը երևում է այն ժամանակ, երբ պետք է տալ։ Օ՜հ, տալը նրանց ուժերից վեր է։ Թերևս կարծեք, թե նրանք պարզապես եսասերներ են, սակայն ո՛չ․․․Նրանցից որևէ ծառայություն մատուցել խնդրեք, և նրանք սիրով կանեն։ Խնդրեցեք այցելել թշվառներին ու աղքատներին կամ անդամակցել այլևայլ հանձնախմբերի, և նրանք ջերմորեն ու հապճեպ կկատարեն ձեր բոլոր խնդրանքները։
Սակայն կա մի ծառայություն, որը նրանցից պետք չէ սպասել․ դա դրամական ծառայությունն է։ Նրանք իրենց պարտական են համարում կատարելու ցանկացած զոհողություն, բացի դրամական զոհողությունից, և եթե այդպիսի մարդկանց դիմեք դրամ խնդրելու համար, մեծապես կզայրացնեք նրանց և վատ մարդու համբավ կթողնեք։
Ես ճանաչում եմ ընտիր անձնավորությունների, որոնք բոլոր պարագաներում հանդարտ ու խաղաղ լինելով՝ հանկարծ մոլեգնում ու կատաղում են, երբ իրենցից դրամ են խնդրում բարենպատակ որևէ ձեռնարկի համար։ Կրկնում եմ, որ, դժբախտաբար, այդպիսի ագահությունը շատ սովորական է դարձել, ու թող յուրաքանչյուր ոք ինքն իրեն հարցնի՝ արդյո՞ք ինքը վարակված է այդ ախտով, թե՞ ոչ։
Բ․
Նկատելի է, որ մարդ երբևէ չի ցանկանում խոստովանել իր ագահությունը, այլ հրաժարվում է ընդունել, որ ինքն այդպիսի մոլության կրող է։ Շատ ճիշտ է խոստովանահոր այն բացահայտումը, թե շատերը խոստովանում են իրենց բոլոր մեղքերը՝ բացի ագահությունից: Ձեզնից շատերը թերևս հանդիպած լինեն անձանց, որոնք խոստովանում են, որ իրենք բարկասիրտ, վրեժխնդիր ու ոխակալ են, սակայն երբևէ հանդիպե՞լ եք մի մարդու, որն ինքն իրեն կամբաստանի ագահության համար: Չեմ կարծում, որ հանդիպած լինեք:
Թերևս նույնիսկ հանդիպեք այնպիսի ագահ մարդկանց, որոնք հուզումնալից շեշտադրությամբ ճառախոսում են ուրիշների ագահության դեմ՝ առանց գիտակցելու, որ իրենք իրենց խնայամոլությամբ արդեն իսկ դասվել են ագահների շարքը և իրենց ագահության մասին առասպելներ են հյուսվում:
Ագահի աչքերը բանալու մեկ եղանակ կա, այն է՝ հարցին մտերմաբար մոտենալ, համարձակորեն ասել նրան այն ամենը, ինչն ամենքն էլ գիտեն, սակայն ինչը որ, դժբախտաբար, ինքն իր մասին չգիտի: Հարկ է շոշափելի փաստերով ցույց տալ, որ նա այդ ամոթալի մոլության գերին է դարձել:
Այդուհանդերձ մի՛ ակնկալեք, որ կկարողանաք բոլորովին հաջողել ձեր այդ ձեռնարկը: Գուցե դուք նրան ձեր դեմ հանեք և թերևս նույնիսկ նա խզի իր հարաբերությունները ձեզ հետ: Բայց մի՛ ընկրկեք, դուք կատարե՛ք ձեր պարտականությունը, վստա՛հ եղեք, որ նա երբևէ չի մոռանա ձեզ, քանի որ ձեր հասցրած վերքը միշտ բաց կմնա նրա սրտում:
Ճշմարիտ քրիստոնյան նա է միայն, ով կարողանում է զերծ մնալ ագահությունից: Այս պահին ևեթ յուրաքանչյուր ոք թող հարցնի ինքն իրեն՝ արդյո՞ք ինքը կարող է իրապես ճշմարիտ քրիստոնյա համարվել: Ուրեմն քաջություն ունենանք՝ ինքներս մեզ քննելու, և այս պահին իսկ հարցնենք. «Այս մոլությունն իսկապես ի՞մն է, իսկապե՞ս ագահ եմ ես»:
«Ագահ» բառը բավականին կոպիտ է հնչում, և ես հույս ունեմ, որ այն ինձ չի պատշաճում: Սակայն կան մարդիկ, որոնք, անտարակույս, ագահ են: Պետք է քննել սեփական անձը և քաջություն ունենալ ճշմարտությունը երևան հանելու: Քննի՛ր, թե դու պատրա՞ստ ես: Կան ձեռնարկներ, որ ես սիրում եմ և որոնց հաջողության համար միշտ սրտագին մաղթանքներ եմ հնչեցնում: Սակայն արդյո՞ք այդ ձեռնարկներն իմ հաշվեցույցի մեջ նույնքան տեղ ունեն, որքան սրտիս մեջ….
Այո՛, անկասկած. փա՜ռք Աստծու, երբեմն այդ գործերի հաջողության համար ես դրամ եմ տալիս: Օրինակ՝ կիրակի օրերին եկեղեցու գանձանակի ու մատուցված սկուտեղի մեջ անպայմանորեն իմ լուման եմ գցում և բնավ չեմ անտեսում նաև ինձ մեկնված՝ որբերի ձեռքերը…
Սակայն իրականում իմ տվածն ի՞նչ է, ճշգրիտ հաշվարկ արե՞լ եմ ու կարո՞ղ եմ գոնե մոտավորապես ասել, թե տարեկան իմ նվիրատվությունների համագումարն ինչքան է: Եթե այդ հաշվարկը չեմ արել, իմ գործերի համար, սակայն, հաշվարկ արե՞լ եմ, որպեսզի ինձ համար շահույթ ապահովեմ: Եվ եթե կամենամ համեմատել իմ նվիրատվությունների համագումարը հաճույքներիս բավարարման համար արված մսխումներիս հետ, պիտի կարողանա՞մ առանց կարմրելու արդարացնել ինքս ինձ:
Վերջապես, ես ինչպիսի՞ զգացողություն եմ ունենում, երբ գալիս է առատաձեռնություն ցուցաբերելու պահը: Ո՞րն է իմ առաջին տպավորությունը, երբ ինձ հայտնում են օգնության որևէ հանձնախմբի այցելելու մասին: Ի՞նչ ընդունելություն եմ ցույց տալիս այդ հանձնախմբերի ներկայացուցիչներին: Ի սրտե տալի՞ս եմ խնդրվող կամ ակնկալվող գումարը:
Հիսուս ասել է, որ «երանելի է մանավանդ տալը, քան վերցնելը» (Գործք. 20:35): Ես երբևէ փորձե՞լ եմ այդ «տալու» երջանկությունը: Օգնության նպատակով դրամ տալու ժամանակ սրտնեղությո՞ւն եմ ցուցաբերում, թե՞ բարեհոժարություն:
Այս բոլոր հարցումները շա՜տ պարզ են: Եթե գիտակցաբար այս հարցումներն ուղղենք ինքներս մեզ, ապա դրանք մեզ կօգնեն՝ լուծելու ագահության վերաբերյալ հարցադրումը: Արդ, ագա՞հ եմ ես, թե՞ ոչ:
Գ․
Այդ հարցն ամեն գնով հարկ է լուծել, քանի որ այդ հարցի խորքում հոգու փրկության հարցն է: Մեր մոլություններից շատերը մեր կրած դառնությունների հետևանքով են և ժամանակի ընթացքում հանդարտվում են:
Ագահության համար, սակայն, չի կարելի նույնն ասել: Եթե ուշադրություն չդարձնենք դրամի հանդեպ սիրուն և չպայքարենք այդ մոլության դեմ, ապա այն տարեցտարի կմեծանա ու երկաթյա շղթաների պես կծանրանա մեզ վրա, հետզհետե կտիրի մեր հոգուն, կխոցի և կավերի մեր բոլոր առաքինություններն ու նույնիսկ մեր բոլոր ազնիվ ձգտումները: Եվ վերջում՝ ծերության մեջ արդեն, այդ մոլությունը մեր մտքում մի տեսակ խելագարության նշաններ է առաջացնում՝ որպես շղթայակապ գերության հետևանք:
Իսկապես, որքան այդ մոլությունը տիրում է հոգուն, այնքան ավելի է ցամաքում սիրտը: Նկատելի է, որ ագահ մարդն այնքան չի տխրում իր սիրելիին կորցնելու ժամանակ, որքան սգում է հարստության կորստի դեպքում: Ագահի հոգին իր կուռքն ունի, իսկ Աստված չի կարող թագավորել այնտեղ, ուր կուռքերն են «իշխում»: Պետք է կա՛մ խորտակել կուռքը, կա՛մ վանել Աստծուն, և ագահն անմտորեն վանում է Աստծուն:
Թեև ագահ մարդը գիտի առերես պահպանել բարեպաշտական սովորությունները, սակայն նա իրականում կռապաշտ է: Նա միայն բարեպաշտության կեղևն է պահում, բայց կեղևի տակ եղող հյութը չորացած է, և ծառն էլ կյանք չունի:
Մարդու մեջ խիղճը գերազանցապես կրոնական կարողություն է: Ագահն իր բռնակալ մոլությամբ այդ կարողությունը խոշտանգում է, թեև սկզբում փորձում է «համաձայնության գալ» նրա հետ: Սակայն խիղճը նմանատիպ ոչ մի «համաձայնություն» չի ճանաչում, այն ուժգնորեն բողոքում է, և երբ նրա բողոքներն անլսելի են մնում, այլևս լռում է: Իսկ երբ խիղճը լռում է, նշանում է, որ ագահ մարդու մեջ հոգևոր կյանք այլևս չկա:
Դրանից հետո ագահ մարդը որևէ կերպ չի մերժում Աստծուն, քանի որ Աստված նրանից ոչինչ չի խնդրում: Այդուհետ ագահի սիրտը կարող է հանգիստ քնել մինչև հավիտենական արթնացումի օրը:
Երբ սիրտը զորանում է, իսկ խիղճը՝ լռության մատնվում, ագահը դառնում է կատարելապես անզգամ, անխիղճ, կարծրասիրտ մեկը, որ միայն իր անձի մասին է մտածում և հոշոտող գայլի նման լափում է ամեն բան:
Պետք է հոգին ազատել այդ ողբալի վիճակից: Մարդ իր կոչումն ունի. նա Աստծու որդին է և նախասահմանված է երկնքի համար: Ագահությունն այդ կոչման իրականացման մեծագույն արգելքն է: Ագահության երկրաքարշ շղթաները փշրելու մեկ միջոց կա. մարդ, փոխանակ իր հարստությունն ուսերի վրա առնելու, պետք է ոտքի կոխան դարձնի այն:
Որքան ժամանակ այդ հարստությունը նրա ուսերին է, նա պիտի կքած լինի՝ անկարող լինելով գլուխը վեր բարձրացնել երկնքի անպատում շնորհները վայելելու համար: Եթե մարդ կարողանա ոտքի տակ նետել իր հարստությունը, այդժամ այդ հարստությունը նրան կբարձրացնի մինչև երկինք, մինչև կատարելություն:
Միով բանիվ՝ մենք դրամին գերի լինելու փոխարեն դրամը մեզ գերի դարձնենք և այդպիսով խորտակած կլինենք ագահության շղթաները: Արդ, խորտակե՛ք այդ շղթաները վեհանձնության և առատաձեռնության զորությամբ, ո՜վ դուք, որ տառապում եք ագահության վերքերի պատճառով: Խորտակե՛ք այդ շղթաները, որպեսզի ձեր հոգին երկրի վրա Աստծու որդիներին հատուկ փառավոր ազատությունը վայելելուց հետո վեր սլանա դեպի երկնքի կատարյալ ազատությունը:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը