Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. Լուիս Բունյուելը և նրա սյուրռեալ աշխարհը
«Դուք պետք է սկսեք կորցնել Ձեր հիշողությունը, թեկուզ կտորներ և պատառներ դրանից, որպեսզի հասկանաք, որ հիշողությունն է այն, ինչը լիարժեք է դարձնում մեր կյանքը: Կյանքն առանց հիշողության ընդհանրապես կյանք չէ… Մեր հիշողությունը մեր համախմբվածությունն է, մեր պատճառը, մեր զգացումը, նույնիսկ մեր գործողությունը: Առանց դրա մենք ոչինչ ենք»,- վստահ էր աշխարհահռչակ սյուրռեալիստ կինոռեժիսոր Լուիս Բունյուելը: Շատերը, վստահաբար, մեծն Բունյուելի հետ իրենց ծանոթությունը սկսում են «Անդալուզյան շուն» կարճամետրաժ ֆիլմով, որը վերջինս նկարահանել է երիտասարդության իր ընկերոջ՝ նկարիչ Սալվադոր Դալիի հետ: Ընկերները ֆիլմը նկարահանելու մեկ մղում են ունեցել՝ ստեղծել մի բան, որը անհասկանալի կլինի բոլորի համար: Նպատակն իրագործվել է, համաշխարհային կինոհանրույթի հետաքրքրություն Բունյուել ֆենոմենի նկատմամբ՝ առաջացել, ինչին հաջորդել են ռեժիսորի այնպիսի կուլտային ֆիլմեր, ինչպիսիք են «Բուրժուազիայի համեստ հմայքը», «Ցերեկային գեղեցկուհին», «Վիրիդիանան», «Ցանկության այս անորոշ առարկան» և այլ կինոժապավեններ: 168.am-ն այս շաբաթ իր ընթերցողին ներկայացնում է 5 ֆիլմ համաշխարհային կինեմատոգրաֆի ամենախարիզմատիկ աթեիստի աշխատանքներից, որոնք Ձեր մտքի համար կդառնան արկածային ճամփորդություն իրականի և սյուռի զուգահեռներում:
«Վիրիդիանա»
1961 թվականին Իսպանիայում նկարհանաված «Վիրիդիանա» ֆիլմը պատմում է համանուն հերոսուհու մասին, ով նախքան միանձնուհի դառնալը հյուընկալվում է իր հարուստ հորեղբոր տանը, ով զգացմունքներ ունի իր զարմուհու նկատմամբ:
«Վիրիդիանան» մեծ աղմուկ է բարձրացրել Իսպանիայում: Ֆիլմը, որը հետագայում Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու», պրեմիերայից հետո Իսպանիայի տուրիզմի և ինֆորմացիայի նախարարի կողմից արգելվել է:
Մեքսիկայում ֆիլմը դիտելուց հետո Վիտտորիո դե Սիկան սարսափահար դուրս է եկել դահլիճից: Նա տաքսիով սրճարան է գնացել Բունյուելի կնոջ՝ Ժաննայի հետ և ճանապարհին հարցրել է՝ արդյո՞ք Բունյուելը հրեշ է և ծեծում է նրան, ինչին Ժաննան պատասխանել է. «Եթե պետք է սարդին սպանել, նա ինձ է կանչում»:
«Ցանկության այս անորոշ առարկան»
Վարպետ Լուիս Բունյուելի դրաման տարեց տղամարդու մասին է, ով սիրահարվում է մի երիտասարդ աղջկա: Վերջինս գիտակցում է իր իշխանության ուժը և ծաղրում է նրան: Ֆիլմում երիտասարդ կնոջը երկու դերասանուհիներ են մարմանվորել՝ Կարոլ Բուկեն և Անխելա Մոլինան:
Ֆիլմի մասին Բունյուելն ինքը ասել է.
«Բացահայտելով կնոջ մարմնին տիրելու անհնարինությունը՝ ամբողջ ֆիլմի ընթացքում ես ցանկանում էի ստեղծել ոտնձգությունների և անվտանգության պակասի մթնոլորտ, որը հուզում է բոլորիս, որտեղ էլ որ ապրենք»:
«Բուրժուազիայի համեստ հմայքը»
«Բուրժուազիայի համեստ հմայքը» հայ կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գլաստյանի սիրելի ֆիլմերից մեկն է: Վերջինիս կինոնկարի մասին ասել է. «Լուիս Բունյուելի կինոնկարն իրենից ներկայացնում է բուրժուական անարժեք կյանքի ծաղրական, սյուրռեալիստական էսքիզը: Ֆիլմում երազը և իրականությունը միահյուսված են խենթ իրադարձությունների խճանկարում»:
Պրեմիերայից մեկ տարի անց ֆիլմը նոմինացվել է «Օսկարի»: Այդ ժամանակ Բունյուելն արդեն Մեքսիկայում էր և աշխատում էր այլ ֆիլմի վրա: Նրան ծանոթ չորս մեքսիկացի լրագրողներ հանդիպել են ռեժիսորին «Էլ Պաուլար» սրճարանում և հարցրել՝ արդյո՞ք հույս ունի ստանալ «Օսկարի» արձանիկը, ինչին Բունյուելը պատասխանել է. «Իհարկե, ես համոզված եմ: Ես արդեն վճարել եմ 25 հազար դոլար, ինչն ինձնից խնդրել էին: Ամերիկացիները շատ թերություններ ունեն, բայց նրանք խոսքի մարիդկ են»:
Մեքսիկացիները հավատացել են: Չորս օր անց մեքսիկական թերթերը գրում էին, որ Բունյուելը գնել է «Օսկարը»:
«Կործանիչ հրեշտակ»
Շքեղ ընթրիքից հետո հյուրերը հանկարծ հայտնաբերում են, որ ինչ-որ առեղծվածային պատճառով չեն կարող դուրս գալ ճաշասենյակից։
Ֆիլմը նկարահանվել է Մեքսիկայում: Բունյուելը ցանկանում էր ֆիլմը նկարահանել Փարիզում կամ Լոնդոնում, եվրոպացի դերասաններով ու հագուստի և աքսեսուարների շքեղությամբ:
Մեքսիկայում կարծում էին, որ դերասանները լավ չեն խաղում: «Ես այդպես չեմ կարծում: Իհարկե, նրանք առաջնակարգ դերասաններ չեն, բայց, ընդհնաուր առմամբ, նրանք պատշաճ տեսք ունեն»,- քննադատություններին պատասխանել է Բունյուելը:
«Սիմոն անապատականը»
Ֆիլմ-առակի գլխավոր հերոսը հոգևոր որոնումների մեջ է, ով դիմադրում է սատանայի գայթակղություններին։ Սիմոնի այս պայքարը շարունակվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
«Սիմոն անապատականը» Բունյուելի վերջին մեքսիկական ֆիլմն է: Ռեժիսորը ֆիլմը նկարելու մասին սկսել է մտածել այն ժամանակվանից, երբ Լորկան տվել է նրան ընթերցելու «Ոսկյա լեգենդ» գիրքը:
Անի Գաբուզյան