Ո՞րը կլինի SWIFT-ի այլընտրանքը տարածաշրջանում
Թեհրանն ու Մոսկվան աշխատում են միասնական վճարային համակարգի վրա. ծրագրում են ստեղծել SWIFT միջբանկային վճարային համակարգի անալոգը երկկողմ հաշվարկների համար: Տեղեկությունն օրերս հարցազրույցներից մեկում փոխանցել էր Իրանի արտաքին գործերի տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին:
Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը ԵԱՏՄ տարածաշրջանում նոր վճարային համակարգերի ստեղծման հավանականությունը անակնկալ երևույթ չի համարում՝ նկատելով, որ դեռ 2014 թ.-ից, երբ ՌԴ-ի նկատմամբ մեկնարկել էին արևմտյան պատժամիջոցների գործընթացը, պարզ էր, որ այս տարածաշրջանում ստեղծվելու են նմանատիպ համակարգեր:
«Չի բացառվում, որ այդ համակարգը միակը չլինի: Հիշեցնեմ, որ հատկապես վերջին շրջանում նույն SWIFT-ին այլընտրանքային համակարգ է դիտվում, օրինակ, չինական CIPS համակարգը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում Չինաստանի միջազգային վճարային համակարգը (Cross-border Interbank Payment System / China International Payments System, CIPS) դիտարկում են այլընտրանք SWIFT-ին՝ դրան միացած բանկերի համար:
Անդրադառնալով Հայաստանի համար այս համակարգերի նշանակությանը՝ Լիլիա Ամիրխանյանը նկատեց. «Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ՝ մի կողմից, մյուս կողմից՝ որպես ՌԴ առևտային գործընկեր, և երրորդ կողմից՝ որպես Իրանի հետ տնտեսական և քաղաքան հարաբերություններ ունեցող բարեկամ երկիր, պարզապես չի կարող ունենալ այլնտրանք՝ չմասնակցելու նման վճարային համակարգերին:
Այսինքն, լինելով սերտ առևտրատնտեսական հարաբերություններում՝ մենք պետք է դիտարկենք, որ այդ վճարային համակարգերին միանալու անհրաժեշտություն կա, և դա բավական խթանիչ, դրական ազդեցություններ կունենա ՀՀ տնտեսության համար»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի`Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության սկսելուց հետո Արևմուտքը մի շարք պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի նկատմամբ, այդ թվում՝ որոշ ռուսական բանկեր անջատելով SWIFT միջբանկային համակարգից։ 2012 թվականին Եվրամիությունն արգելեց SWIFT-ին սպասարկել իրանական ընկերություններին և անհատներին, որոնք պատժամիջոցների էին ենթարկվել Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված: Ցուցակում ներառվել են Կենտրոնական բանկը և այլ խոշոր բանկեր ևս։