Արցախում ռազմական լարվածության ֆոնին՝ 3 բարձրաստիճան հեռախոսազանգ

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում պատերազմից հետո լարվածության ամենավտանգավոր փուլի ֆոնին Արցախի անվտանգության համար պատասխանատու Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները շփումներ են ունենում հայկական ու ադրբեջանական կողմերի հետ:

Նախօրեին կայացել էին Միրզոյան-Լավրով, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, որը տառացիորեն կրկնում էր ռուսական պաշտոնական Կրեմլինի տարածած հաղորդագրությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր և պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

Միրզոյան-Լավրով զրույցում, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:

Բացի այդ, նախօրեին հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները և քննարկել «տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»։

Վերջին անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները միմյանց զանգահարել էին մարտի 25-ին և քննարկել Հայաստանի մեղադրանքներն Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու մասին: Այս հեռախոսազրույցի թեման ևս կանխատեսելի է ու ակնհայտորեն վերաբերում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:

Սակայն այս շփումները փաստորեն չհանդարտեցրին իրավիճակն Արցախում: Արցախի Պաշտպանության բանակն առավոտից տարածել է մի քանի մամուլի հաղորդագրություն, որը նկարագրում է ստեղծված իրավիճակը.

«Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերն օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը՝ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են»:

Ավելի ուշ նաև հաղորդվեց, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Իսկ Ժամը 15:00-ի սահմաններում, ըստ ՊԲ-ի, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող:

«Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ»,- նշել էին ՊԲ-ից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հռետորաբանությունը սկսեց հատկապես սրվել հուլիսի կեսերից, երբ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները խոստացել էին «մինչև հունիս ապահովել Ղարաբաղից հայկական զինվորականների դուրսբերումը», սակայն մինչ օրս պայմանավորվածությունը չի կատարվել։

Ըստ նրա` եթե «Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող բացահայտ ասի այս մասին», և «Բաքուն կիմանա` ինչ անել այդ դեպքում»։

Սրան անմիջապես հաջորդեցին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցները և անդրադարձերը, որոնցից առաջինում նա նշել էր, որ պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին, հրադադարի հաստատումից և ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է: Այսինքն, ըստ նրա, Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մեկ այլ անդրադարձով խոսել էր հայ-ադրբեջանական հարաբերությունները ԼՂ հակամարտությունից տարանջատելու հարցից:

Եվ վերջինն այսօր Արմեն Գրիգորյանն անդրադառնալով թեմային, թե ԼՂ նախագահը երեկ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով իրենց պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթևեկությունը կազմակերպել այլ երթուղով, ասել է. «ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետևյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար՝ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:

Իսկ ինչ վերաբերում է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին, որը, ենթադրվում է, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն, Արմեն Գրիգորյանն ասել է, որ այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: «Նման համաձայնեցված պլան գոյություն չունի: Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանը և համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- նշել է նա: Բանակցային իրավիճակից ու Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև բանակցությունների բովանդակությունից հայտնի չէ ոչինչ, սակայն ՊԲ-ի այսօրվա հաղորդագրություններից նաև պարզ է դառնում, որ իրավիճակը չի հանդարտվում: Հասկանալի չէ նաև, թե ինչ խնդիր են լուծել հայ-ռուսական ու ռուս-ադրբեջանական հեռավար զրույցները:

Այստեղ հարկ է նաև շեշտել, որ այս ամենը տեղի է ունենում օգոստոսի 5-ին Սոչիում սպասվող Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի բանակցություններին ընդառաջ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Պուտինն ու Էրդողանը քննարկելու են ինչպես ուկրաինական, այնպես էլ՝ տարածաշրջանային այլ թեմաներ՝ ենթադրաբար նաև Արցախյան հիմնահարցը:

Տեսանյութեր

Լրահոս