Առանց տանիք մնալու հետևանքը. Տիգրան Սիմոնյանի փշոտ ճանապարհը

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այսօր արդեն Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նրա լիազորությունները համարել է դադարեցված:

Տիգրան Սիմոնյանի երկրորդ հայտնությունը Վերաքննիչ քրեական դատարանում պայմանավորված էր Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ-ն և Տիգրան Սահակյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանը ղեկավարելու հանգամանքներով:

Նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել հրամանագիր, ըստ որի՝ Տիգրան Սիմոնյանը երկրորդ անգամ իր աշխատանքային կարիերայում նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Տիգրան Սիմոնյանը նախագահի հրամանագրով արդեն իսկ մեկ անգամ նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել էին:

168.am անդրադարձել էր Տիգրան Սիմոնյանի առաջին և երկրորդ նշանակումների պատմություններին, նրան, թե ինչպես ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, քրեական իրավունքի մասնագետ Տիգրան Սիմոնյանը որոշեց երկրորդ անգամ մտնել նույն գետը, ու ի՞նչը հատկապես նպաստեց դրան:

Հիմա Գագիկ Ջհանգիրյանն էլ դատական համակարգը չի ղեկավարում, թուրն էլ աջ ու ձախ չի կտրում, և նրա հովանավորյալ Տիգրան Սիմոնյանը, ում վերաբերյալ այս պահին ԲԴԽ-ում կարգապահական վարույթ է քննվում, արդեն երկրորդ անգամ որոշեց շառից ու փորձանքից հեռու՝ վայելել կյանքը:

Տիգրան Սիմոնյանը կալանք դակող դատավոր էր, մեկն այն 6-ից, որոնց Գագիկ Ջհանգիրյանը երկնեց՝ հատկապես քաղաքական հնչեղության գործերով կանխատեսելի վճիռներ ունենալու համար:

Տիգրան Սիմոնյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին, Քաջարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Մանվել Փարամազյանին, ադրբեջանական գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին անազատության մեջ պահող դատավորն է, այն դատավորը, ով «կորել էր» Իգոր Խաչատուրովի վերաբերյալ  վերաքննիչ բողոքի քննության ժամանակ, ով դատական նիստի օր ու ժամ էր նշանակել, բայց չէր ներկայացել իր իսկ նշանակած նիստին, և Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստերի դահլիճում ամենուր նրան էր փնտրում ու չէր գտնում:

Տիգրան Սիմոնյանը, ում վերաբերյալ, ինչպես նշեցինք, ԲԴԽ-ում կարգապահական վարույթ է քննվում, Վերաքննիչ քրեական դատարանի միակ դատավորն է, ով շուրջ 3 տասնյակ դեպքով մարդկանց է կալանավորել առանց ակտերը տալու, և չէր բացառվում, որ նրա լիազորություններն անգամ դադարեցվեին:

168.am-ի տեղեկություններով՝ մինչ աշխատանքից ազատման դիմում գրելը Տիգրան Սիմոնյանը Վճռաբեկ գնալու մտադրություն ուներ, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Մխիթար Պապոյանի նշանակումն ըստ ամենայնի եղել է Տիգրան Սիմոնյանի համար իր պաշտոնավարումը շարունակելու անհնարին պայման:

Տանիք չունենալը Տիգրան Սիմոնյանի համար փաստացի ճակատագրական եղավ:

Տեսանյութեր

Լրահոս