Այդ ի՞նչ ծանր աշխատանք է կատարում բանկը, որ 100.000 դոլարանոց գործարքում պետք է 1000-2000 դոլարի չափով միայն միջնորդավճար պահի․ Հակոբ Բաղդասարյանը՝ բանկերի գերշահույթների մասին

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում եղել է անշարժ գույքի հետ կապված 96 535 գործարք, որը վերջին 12 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` գործարքներն ավելացել են մոտ 5.9 տոկոսով. արձանագրումները Կադաստրի պետական կոմիտեինն են:

«Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը ռիսկային է համարում անշարժ գույքի շուկայում ռեկորդային ակտիվությունը:

Գործարարը տնտեսական ակտիվությունը պայմանավորում է հիմնականում արտաքին ազդակներով՝ արտերկրից այցելությունների աճ, ֆինանսական ներհոսք և այլն: Ըստ նրա՝ երբ դրանք նվազեն, տնտեսությունը բախվելու է էական դժվարությունների:

«Բնականոն հունով զարգացման դինամիկա չունենք, որ այդ ակտիվությունն օրինաչափ լինի,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա, ապա մանրամասնեց,-  Ես մեր պետության զարգացման հիմքը տեսնում եմ առողջ աշխատող ձեռնարկությունների քանակի կրկնապատկման, եռապատկման մեջ: Իսկ այս ավելացումը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, որն ամեն ամիս, հնարավոր է, ավարտվի, և, բնականաբար, օրգանիզմն էլ սովորելով այդ դինամիկային՝ իր հետևանքները կրի: Շատ գործարարներ այդ ակտիվության տակ հասկանում են դրական միտում և որոշակի քայլեր են կատարում, բայց որ պահին սկսի գնանկումը, շատերը կկանգնեն փաստի առաջ:

Կառուցապատման ոլորտում՝ անկախ դոլարի արժեզրկումից, դրամի արժևորումից, ունենք գնաճ, ինչն անոմալիա է. երկու կարևոր գործոն հակադիր ձևով բացասաբար ազդում են տնտեսության վրա»:

Անդրադառնալով առհասարակ շուկայի միտումներին՝ անշարժ գույքի ընկերության նախագահը շեշտեց ոլորտին առնչվող մի շարք փոփոխությունների մասին, որոնք բացասաբար են ազդել՝ անկանխիկ գործարքներ, բանկային պահումներ:

«Բանկերում նայեք՝ մարդիկ քանիժամանոց հերթեր են կանգնում ամենահասարակ գործարքի համար: Եվ յուրաքանչյուր գործարքում նվազագույնը 0.5-3 տոկոս կորուստ է տեղի ունենում, ինչը սարսափելի ցուցանիշ է:

Վերցրեք բանկերի 4-5 ամսվա կամ վերջին ամիսների հաշվեկշիռների հաշվետվությունը, կնկատեք՝ ինչ կարգի աճ են արձանագրել: Պետական ամբողջ օրենսդրությունը կարծես աշխատում է, որպեսզի բանկերն ապահովեն շահույթներ, գերշահույթներ և գերշահույթների գերշահույթներ: Այդ ի՞նչ ծանր աշխատանք է կատարում բանկը, որ 100.000 դոլարանոց գործարքում պետք է 1000-2000 դոլարի չափով միայն միջնորդավճար պահի, այդ հինգ րոպեն ինչպիսի՞ թանկ աշխատանք է. ընդամենը գումարը մուտք ու ելք է կատարում և փոխանցում:

Երկրում ազգաբնակչության 30 տոկոսից ավելին աղքատ է, քարտերի օգտագործման տեխնոլոգիաներին չի տիրապետում, 50-60 տոկոսն արգելանքների հետ կապված խնդիրներ ունի. մինչև անկանխկին անցնելը՝ պետք է հարկադիր կատարման ծառայության մեջ պատասխանատվության ինստիտուտ դնեին՝ անհարկի, ոչ համաչափ արգելանք դնելու համար: Նախադեպեր ունենք, երբ 12.000 դրամի համար 100.000 դոլարանոց գույքն արգելանքի տակ է. ինչպե՞ս հասկանալ դա»,- նշեց գործարարը:

Հանրապետության անշարժ գույքի շուկայում 1 տարվա գնային տատանումներն ամփոփելով՝ Հակոբ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ առքուվաճառքի դեպքում արձանագրվել է միջինացված 10-12 տոկոսի թանկացում, իսկ վարձավճարների դեպքում՝ մոտ 30 տոկոսի թանկացում:

Նա հավելեց, որ շուկայի հետագա միտումները պետք է դիտարկել եկամտահարկի վերադարձելիության չեղարկումների, գույքահարկի ազդեցության և այլ ներքին ու արտաքին գործոնների համատեքստում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս