Բաժիններ՝

Ներգնա տուրիզմի տեսանկյունից Հայաստանը համարվում է թանկ երկիր, բայց վերջին տարիներին Հայաստան այցելություններն ավելացել են. տուրմենեջեր

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականին Հայաստան է ժամանել մոտ 2 մլն զբոսաշրջիկ։ 2020-ին՝ մոտ 360 հազար, իսկ 2021-ին՝ 870 հազար։ Իհարկե, Հայաստան այցելությունների ցածր թիվը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակային սահմանափակումներով, 44-օրյա պատերազմով։

Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային հոսքերը մեր երկիր այս տարի ավելացել են գրեթե 3 անգամ։ Աճի այս բարձր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է նաև նախորդ տարիների շատ ցածր ցուցանիշով: Այս տարի զբոսաշրջության աճի վրա մեծ ազդեցություն ունի նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Հայաստան այցելողների մեծ մասն իրականում ոչ թե եկել է տուրիզմի նպատակով, այլ հարկադրված, բայց դա, իհարկե, Հայաստանի զբոսաշրջային ցուցանիշների վրա ազդեցություն թողել է:

Թուրքիայից այս տարի 3,5 անգամով ավելի շատ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան նախորդ տարի։ Այս տարվա առաջին եռամսյակում այդ երկրից եկել է 1244 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 356 զբոսաշրջիկի փոխարեն։

Ներգնա և ներքին տուրիզմի վերջին տարիների ցուցանիշների և ոլորտի խնդիրների մասին 168.am-ը զրուցել է հայկական տուրիստական կազմակերպություններից մեկի ներգնա տուրմենեջեր Լուսինե Ազիզյանի հետ:

Կարդացեք նաև

«Միանշանակ Հայաստան այցելություններն ավելացել են վերջին մի քանի տարիներին: Այս տարի արդեն, մեր գործակալության տվյալներով, գերազանցել ենք 2019-ի ցուցանիշները, այն դեպքում, որ 2019-ը համարվել է ամենամեծ տուրիստական հոսքեր գրանցած տարի: Հիմնականում այցելուները ՌԴ-ից են, ԱՄՆ-ից, Վրաստանից, Արաբական էմիրություններից և եվրոպական այն երկրներից, որտեղից կան ուղիղ չվերթեր դեպի Հայաստան»,- նշեց Լուսինե Ազիզյանը:

Նրա խոսքով, Հայաստան այցելող զբոսաշրջիկներին գրավում է մեր երկրի բնությունը, մշակույթը, ազգային խոհանոցը: Վերջին շրջանում մեծ թափով զարգանում է էքստրեմալ տուրիզմը՝ հատկապես լեռնագնացությունը:

Հարցին, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, որոնք հրատապ լուծում են պահանջում, զրուցակիցը պատասխանեց, որ պետք է զարգացնել ենթակառուցվածքները:

«Առաջնային խնդիրներից է ճանապարհների հիմնանորոգումը, դրանք լավ վիճակում չեն: Ասֆալտապատվում են, բայց ձմեռվանից հետո դրանք նորից շահագործման համար դառնում են անհարմար: Բայց նախ պետք է հնարավորինս արագ կարգավորել ավիափոխադրումների հարցը: Շատ երկրների հետ մենք չունենք ուղիղ փոխադրումներ, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում զբոսաշրջիկների համար և Հայաստանը դարձնում է ոչ մատչելի ու հասանելի երկիր»,- արձանագրում է տուրմենեջերը:

Որպես հրատապ լուծում պահանջող խնդիր՝ Լուսինե Ազիզյանը նշեց նաև զուգարանների խնդիրը: Այս հարցը տարիներ շարունակ չի լուծվում, տուրիստական կազմակերպությունները ստիպված խնդիրը լուծում են մայրուղիների վրա գործող սննդի օբյեկտների հետ պայմանավորվածություններով:

Վերջին տարիներին, հատկապես համավարակով պայմանավորված, երբ փակ էին սահմանները, մեծ զարգացում ապրեց ներքին տուրիզմը, և մասնագետի խոսքով՝ այսօր էլ շարունակում է զարգանալ:

«Թեև մեծացել են դեպի Վրաստան հոսքերը՝ պայմանավորված ծովափնյա սեզոնի բացման հետ, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքացիները մեր երկրի տեսարժան վայրեր ու հուշարձաններ շարունակում են ակտիվ այցելել: Մտածում ենք՝ փոքրիկ Հայաստանն ամբողջությամբ բացահայտված է, սակայն ամեն տարի նոր ուղղություններ, նոր հուշարձաններ ենք բացահայտում, ինչը շատ ուրախալի է»,- նշեց մասնագետը:

Անդրադառնալով ծառայությունների գներին ու մատչելիությանը, Լուսինե Ազիզյանը նշեց, որ դրսից տուրիզմի համար գները բավականին հասանելի են, դրանով էլ պայմանավորված են ակտիվ հոսքերը, իսկ ներգնա տուրիզմի առումով Հայաստանը համարվում է թանկ երկիր: Հյուրանոցների ու ռեստորանների գները համեմատվում են եվրոպական երկրների գների հետ: Շատ տնտեսվարողներ փորձում են կարճ ժամանակահատվածում մեծ եկամուտներ ստանալ: Հայաստանի քաղաքացիների համար տեղի հյուրանոցները գրեթե հասանելի չեն, իսկ դրսի այցելուների համար կան տարբեր առաջարկներ՝ համեմատաբար մատչելի բնակարաններից՝ մինչև հյուրատներ ու թանկարժեք հյուրանոցներ:

«Հայաստան այցելող օտարերկրացիների համար հատկապես հետաքրքիր է ազգային կոլորիտը, գյուղական միջավայրը, էկո սնունդը, ինչը զարգացնող խթան դարձավ հյուրատնային բիզնեսի համար»,- եզրափակեց տուրմենեջեր Լուսինե Ազիզյանը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս