Անչափահաս անձին կալանքի տանելու մղումը քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում. Նարեկ Ալոյան
«Ըստ էության հունիսի 3-ի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը բավականին հետաքրքիր և զգայուն գործ դարձավ, որովհետև բացահայտեց որոշ խորքային և ոչ խորքային խնդիրներ, որոնք կան դատաիրավական համակարգում: Թերևս, ամենաակնհայտը անչափահաս մեղադրյալի մասով խնդիրն է: Փաստացի հաստատված է, որ անչափահասը դեպքի ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնք, բնականաբար, պետք է պատճառված լինեն ոստիկանների կողմից: Այդ մասով կա հարուցված քրեական գործ, սակայն գործի քննության մասին առ այս պահը որևէ տեղեկություն չկա»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին Պարոնյան-Դեմիրճյան-Լեո փողոցների հատվածում տեղի ունեցած բախումների արդյունքում զանգվածային անկարգություններին մասնակցության հանցակազմով անցնող անչափահաս Աղասի Խաչատրյանի գործին:
Հարցին՝ ի՞նչ է արել 17 տարեկան անչափահասը, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել և ցանկանում է անպայման կալանքի տանել, փաստաբանը պատասխանեց՝ կա տեսանյութ, որտեղ երևում է, որ անչափահասը պլաստիկե դատարկ շիշ է նետում՝ հայտնի չէ՝ ում ուղղությամբ ու ինչ հետևանքներով:
«Սա ըստ էության արտահայտում է դատախազության հետևողական ցանկությունը, որպեսզի անչափահասը գտնվի կալանքի տակ: Այս պահին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվում է 5 անչափահաս անձ. զգալի դեպքերում խոսքը սպանության մասին է: Այսինքն՝ այս առումով անչափահաս անձին կալանքի տանելու մղումը քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում»,- ասաց Նարեկ Ալոյանը:
Ընդ որում, ըստ նրա, եթե խոսում ենք շիշ նետելու մասին, կան համացանցում հրապարակված բազմաթիվ տեսանյութեր, որ նույն հունիսի 3-ին առերևույթ խաղաղ պայմաններում, երբ չկա բախում, գետնին ընկած շիշը կամ այլ առարկա ոստիկանը վերցնում է և նետում ցուցարարների ուղղությամբ:
«Անչափահաս մեղադրյալը, ապագա զինվոր, հայրենասեր անհատականությունը, համարելով, որ Արցախը վտանգի տակ է գտնվում, դուրս է եկել՝ մասնակցելու խաղաղ հավաքի: 17 տարեկան ՀՀ անչափահաս քաղաքացին, հայրենասիրական մղումներից ելնելով, դուրս է գալիս՝ մասնակցելու Արցախի ինքնիշխանության, անկախության համար իրականացվող խաղաղ հավաքի: Ու այս ընթացքում, ինչ-որ պահից սկսած, տեսնում է, որ կանանց նկատմամբ բռնություն է կիրառվում, նետվում են լուսաձայնային նռնակներ, այլ առարկաներ: Նման պայմաններում անձի մոտ երկու ցանկություն կարող է առաջանալ՝ թողնել-հեռանալ, կամ պաշտպանել կանանց, եթե մենք խոսում ենք տղամարդկային արժանապատվություն ունեցող անձի մասին»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ սա անձի հոգեվիճակի վրա էական ազդեցություն ունեցող գործոն է, և նախաքննության ավարտին ինքը միջնորդություն է ներկայացրել անչափահասի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին:
Նարեկ Ալոյանը նշեց նաև, որ հունիսի 3-ի գործով իրականացնում է 5 մեղադրյալների պաշտպանությունը, և նրանցից ոչ մեկը նախկինում դատվածություն չի ունեցել. 5-ն էլ բացառիկ հայրենասեր մարդիկ են:
«Այս ընդհանուր գործի քննությունը ցույց տվեց այն կոլապսը, որում հայտնվել է մեր դատաիրավական համակարգը, ու ես անկեղծորեն ուզում եմ հուսալ ու հավատալ, որ համապատասխան ոլորտների ղեկավարները պարզապես տեղեկացված չեն ստեղծված իրավիճակից»,- ասաց Նարեկ Ալոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում