«2018 թվականից կյանքն ավելի է վատացել․ Էն վախտ գոնե ապահով էինք մեզ զգում»․ կյանքը սահմանամերձ Կութ գյուղում

168.am-ի նկարահանող խումբն օրերս մեկնել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կութ գյուղ, որը 2021 թվականի մայիսի 12-ից հայտնվել է ադրբեջանցի զինված ծառայողների ուղիղ նշանառության տակ։

Անցնող ամիսներին թշնամին պարբերաբար կրակել է թե հայկական դիրքերի, և թե խաղաղ բնակչության ուղղությամբ։

Կութում մարդիկ ապրուստի միջոց են ձեռք բերում հողագործությամբ և անասնապահությամբ: Ավելի քան մեկ տարի է, սակայն, որ թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, դիրքավորվել է նաև Կութ գյուղից վերև՝ սարերի վրա, իր հսկողության տակ է առել Կութի արոտավայրերը: Եվ գյուղացին չի կարողանում անասուններին արոտավայր տանել, մանավանդ, որ անասունների գողության մի քանի դեպք եղել է։

Գյուղում հանդիպեցինք տիկին Գայանեին: Նա էլ ասաց, որ Կութում կյանքը դժվար է, ոչ մի աշխատատեղ չկա, անասնապահությամբ զբաղվելն էլ խնդիրներով լի է:

Կարդացեք նաև

«Շատերը անասունները վաճառում են, շատ դժվար ա, պահելու հնարավորություն չկա, արոտավայր չկա, հովիվ չկա։ Պետք է ինքդ անես, բայց այդպես էլ չես կարող ամեն օր, տան գո՞րծ անես, սա՞ր գնաս, ի՞նչ անես։ Դժվար ա շատ, ահավոր ա։ Ադրբեջանցիներն էլի թույլ չեն տալիս վերև բարձրանալ, փշալարերով կապած ա, մարդիկ չեն կարողանում սար բարձրանալ․․․

Գյուղացին առավոտ ժամը 5-ից արթնանում ա, իր անասունը հանում դուրս, հետո հողագործությամբ զբաղվում։ Տանջանքը նույնն է, ոչ մի բան էլ չի փոխվել, միակ փոփոխությունն էն ա, որ արդեն թուրքից էլ ենք վախենում, թե չէ ուրիշ բան չի փոխվել»։

Դիտարկմանը, որ գործող իշխանությունը հայտարարում էր, որ ավելի բարեկեցիկ կյանքով է ապրելու գյուղացին, կութեցի կինն ասաց, որ ոչ մի փոփոխություն էլ չկա․

«Ոչ մի բարեկեցություն էլ չկա, 2018 թվականից էս յան ավելի է վատացել։ Էն վախտ գոնե ապահով էինք մեզ զգում, հիմա էդ էլ չկա։ Թուրքը 7 կիլոմետրի վրա նստած է, գիշերը մեկ էլ տեսար՝ մտավ, ի՞նչ պետք է անես, գյուղացին ի՞նչ անի։ Ինչքան էլ ասում են՝ ապահով է, պաշտպանված ենք, բայց վախն էլի կա։ Էն վախտերը ամառը քաղաքից հյուր էին գալիս, մնում, հիմա վախենում են գան, չեն գալիս, ասում են՝ 1 օր էլ չենք մնա ստեղ»։

Հարցին՝ իշխանություններից ի՞նր պահանջ ունեք, տիկին Գայանեն հիշեց ժողովրդական հայտնի խոսքը՝ եղունգ ունես՝ գլուխդ քորիր։ Կութեցի կնոջը նաև հարցրեցինք՝ արդյոք իշխանության ներկայացուցիչներ գալի՞ս են իրենց գյուղ՝ հետաքրքրվում, թե ինչ խնդիր ու հարց ունեն, պատասխանը բացասական էր․

«Միակ շփումը «Կարմիր խաչ»-ն է, կազմակերպություններից են գալիս, թե չէ իշխանություններից մարդ չկա․․․»։

Տիկին Գայանեն ասաց, որ նախորդ տարի հունիսի 5-ին, երբ ադրբեջանցիները Կութից 80 գլուխ անասուն էին գողացել, 19-ը իրենցն էր, սակայն մինչ օրս որևէ փոխհատուցում պետության կողմից չեն ստացել։

Գյուղամիջում հանդիպեցինք երիտասարդ մի կնոջ՝ 4 մանկահասակ երեխաների մոր։ Շատ բան չցանկացավ ասել տեսախցիկի առջև, միայն դժգոհեց սոցիալական վիճակից, ապա անդրադառնալով Կութի սարերում դիրքավորված ադրբեջանցիներին՝ ասաց, որ նախորդ տարի ադրբեջանցիները կրակել էին իր ամուսնու ուղղությամբ․

«Անցած տարի, որ կրակոցներ են եղել, ամուսինս ձիու վրա է եղել, ընկել է։ Ինքը մեռնելուց է պրծել, ահավոր վիճակ էր, շատ վատ»։

Կութում հանդիպեցինք Գետաշենից տեղահանված տարեց մի կնոջ՝ 70-ամյա Սուլթանիկ տատին։ Հարցրեցինք՝ Կութում լա՞վ է կյանքը:

«Ի՞նչն է լավ, վախվխելով քնում, արթնանում ենք, որ կրակոցներ չլինեն․․․ Հետ էն թուրքերը, տենում չե՞ս, երևում չի՞ խի, տեսել չե՞ս»,- շրջվելով ու ձեռքը պարզելով դեպի Կութի սարերը՝ ասաց տարեց կինը։

Բացի անվտանգային խնդիրներից, սոցիալական ու կենցաղային խնդիրներն էլ քիչ չեն, ասաց տարեց կինն ու շտապեց տեղեկացնել՝ խմելու ջուր չունեն, իր տնից մոտ 100 մետր հեռավորության վրա է աղբյուրը, շատ կուզեր, որ օգնեին, խմելու ջուրը հասցնեին իր տան բակ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս