ԱԱԾ-ից պարզաբանում են, թե ինչո՞ւ մինչև հուլիսի 13-ը չէին արգելում Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան
Հուլիսի 13-ի երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքն արգելող աղմկահարույց որոշումը շարունակում է մնալ ոչ միայն հայաստանյան, հանրային, քաղաքական և լրատվական դաշտի քննարկումների ծիրում, այլև սփյուռքյան և միջազգային տարբեր շրջանակներում: Ի դեպ, միջադեպի առնչությամբ զուգահեռները հասնում են մինչև 1992 թ., երբ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին արտաքսվեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու մասին որոշումից օրեր անց հրաժարվում էին մեկնաբանություններ տալ պատճառների մասին: ԱԱԾ-ից միայն նշել էին, թե «հայցվող տեղեկությունը խախտում է Մուրադ Փափազյանի անձնական կյանքի գաղտնիությունը, հետևաբար՝ այն չի կարող տրամադրվել»։
Շուրջ տասն օր անց միայն եղավ վարչապետի աշխատակազմի պարզաբանումն առ այն, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է 2021թ․ հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության դեմ կազմակերպված ակցիայի համար՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերի հիմքով:
«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- մանրամասնել էին կառավարությունից:
168.am-ի հետ զրույցում այս պաշտոնական հաղորդագրությանը հղում տվեցին նաև ԱԱԾ-ից: Բայց քանի որ շատ հարցեր այդպես էլ մնացին չմեկնաբանված, գրավոր հարցմամբ դիմեցինք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է հենց այս այցի ժամանակ կայացվել Մուրադ Փափազյանի մուտքն արգելող որոշումը, եթե սփյուռքահայ գործիչը նախորդ տարվա հունիսի 1-ից հետո պարբերաբար այցերով եղել է Հայաստանում, ովքե՞ր են միջադեպի մասնակից մյուս անձինք՝ ըստ ԱԱԾ-ի, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե նա «ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է»:
Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են. «Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն մինչև նրա վերջին այցը՝ չի սահմանափակվել, քանի որ մինչև այդ առկա տեղեկությունների վերլուծության արդյունքում «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը բացակայել են:
ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած այլ անձի վերաբերյալ տեղեկությունը չի կարող տրամադրվել՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (այն է՝ «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։- Զ․Դ․) :
Հիշեցնենք՝ մեզ հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հերքել է իրեն վերագրվող պաշտոնական մեղադրանքները՝ նկատելով. «Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարում էր, թե չի կարող փոխանցել պատճառը, որովհետև այն վերաբերում է իմ անձնական կյանքին, իսկ այսօր վարչապետի աշխատակազմը ներկայացնում է տեղեկություններ, որ ես իբրև թե կազմակերպել և ներկա եմ եղել վարչապետի դեմ 2021 թ. հունիսի 1-ին Փարիզում կազմակերպված ցույցին, ինչը բոլորովին սուտ է»:
Ի դեպ, այսօր սփյուռքահայ գործիչը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հայտնել էր, որ իր իրավունքների վերականգնման համար պայքարելու է իրավական բոլոր միջոցներով:
«Մերժում եմ այս որոշումը և պահանջում եմ Հայաստան վերադառնալու իրավունքս: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ` ոչ էլ իր վարչակարգինը: Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է, ուր կարող է մուտք գործել յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե ընդդիմադիր է իշխանությանը: Եվ այս պատճառով է, որ որոշել եմ իրավական առումով վերականգնել իրավունքս, որի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու անձս, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու հարկն ու պատշաճը: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն իսկ այս մասին նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական առումով ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք թղթածրարի հետագա հոլովույթը»,- իր գրառման մեջ նշել է Մուրադ Փափազյանը: