Հայ-ադրբեջանական պատերազմ են հրահրում. Ուկրաինայից ավելի դաժան վիճակում կարող ենք հայտնվել. Ստեփան Դանիելյան

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը Հարավային Կովկասում ԱՄՆ ակտիվությունը և այդ համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ դիտարկելիս հատուկ ուշադրություն է հրավիրում այդ երկրի ազգային անվտանգության դոկտրինում ամրագրված այն դրույթի վրա, ըստ որի՝ ԱՄՆ-ը պետք է թույլ չտա, որ առաջանա մի երկիր, որը կարող է ԽՍՀՄ-ի պես մրցել ԱՄՆ-ի հետ, իսկ այդ հարցում ԱՄՆ-ը սպառնալիք է տեսնում Ռուսաստանից և Չինաստանից, ուստի, ըստ այդ ռազմավարության, սպառնալիքները պետք է լուծել բալանս խախտելով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին, ինչպես նաև Իրանից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից բարձրաստիճան պաշտոնյաների այցերին Հայաստան, նման տեսակետ հայտնեց Դանիելյանը՝ հավելելով՝ այդ պաշտոնյաների այցերը Հայաստան ցույց են տալիս, որ այլևս գոյություն չունի նախկին երկբևեռ աշխարհակարգը, որտեղ կային դաշնակիցներ և դաշնակցային շահեր. հիմա այլ իրավիճակ է. կան ընդամենը երկրներ, որոնցից յուրաքանչյուրը լուծում է բացառապես իր սեփական շահը՝ այլ երկրի հաշվին։

«Օրինակ, «RAND Corporation» հետազոտական կենտրոնը, որը սպասարկում է ԱՄՆ պետական հաստատություններին, 2019 թվականին հրապարակել էր մի զեկույց, որով առաջարկում էր Ռուսաստանին ճնշելու համար Բելառուսում իրականացնել հեղափոխություն. դա եղավ, կետերից մյուսով առաջարկվում էր Ռուսաստանին ենթարկել տնտեսական պատժամիջոցների. դա կատարվում է այժմ, մեկ այլ կետով առաջարկվում էր Ուկրաինայում պատերազմ սկսել, ինչին ականատես ենք այժմ։ Այդ զեկույցի կետերից մեկով էլ նշված էր՝ Հարավային Կովկասում Ռուսաստանին թուլացնելու համար պետք է օգտագործել այդ տարածքում եղած հակասությունները։ Հակասություն օգտագործել՝ նշանակում է պատերազմական գործողություններ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որին արդեն կներգրավվի Իրանը»,- մեջբերելով ամերիկյան հետազոտական կենտրոնի զեկույցի կարևոր կետերը՝ ասաց Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Արևմուտքն այսօր խնդիր է դրել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, որն այս պահին Աստանայի ձևաչափով (Ռուսաստան-Իրան-Թուրքիա) չի ստացվում, հետևաբար՝ որոշել են այդ ձևաչափում ընդգրկված երկրների միջև տեսանելի բալանսը խախտել, ինչի համար հայ-ադրբեջանական պատերազմը շատ լավ առիթ է։

Կարդացեք նաև

«Ադրբեջան-Հայաստան պատերազմի դեպքում հարևան երկրները՝ մասնավորապես Իրանը, չեն կարող չներգրավվել: Օրինակ, պատահական չէ, որ Իրանից ասացին, որ Սյունիքի հարցում որևէ փոփոխություն պետք է տեղի չունենա, իսկ երբ Իրանը նման բան է ասում, դա նշանակում է, որ ունի նման ազդակներ,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ շեշտելով,- Վտանգավոր է. կան արտաքին ուժեր, որոնք հայ-ադրբեջանական պատերազմ են ուզում, ուստի կարող ենք ունենալ ավելի դաժան իրավիճակ, քան Ուկրաինայում է»։

Վերլուծաբանի խոսքով՝ այժմ Հայաստանի իշխանության վրա Արևմուտքի կողմից գործադրվում է ճնշում՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում և այնտեղից դուրս հանել ռուսներին, իսկ թուրքական աշխարհը կապել իրար՝ միջանցքով։

«Հայաստանը հիմա գտնվում է աքցանում. իշխանությունը մի կողմից վախենում է նոր պատերազմից՝ հասկանալով, որ կան շատ լուրջ ուժեր, որոնք ցանկանում են այդ պատերազմը, մյուս կողմից՝ ունի կախվածություն Ռուսաստանից՝ ոչ միայն անվտանգային հարցերում, այլ նաև՝ տնտեսական. Օրինակ, գազի գինը հասել է 2300 դոլարի, իսկ Հայաստանը գնում է գազ 180 դոլարով. դե պատկերացրեք, Հայաստանը գազը գնի 2300 դոլարով, հաջորդ օրը կյանքը կանգնելու է»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ այս խնդիրներն են պատճառը, որ աքցանում գտնվող ՀՀ-ի իշխանությունը որդեգրել է ընդամենը գործընթացները ձգձգելու քաղաքականություն՝ օրինակ, մինչև ուկրաինական պատերազմն ավարտվի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս