Ժամանակն է. ում է քցելու Փաշինյանը՝ ԱՄՆ-ի՞ն, հավաքական Արևմուտքի՞ն, թե՞ Ռուսաստանին
Հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էին ունեցել: Բլինքենը թվիթերյան սեղմ՝ ընդամենը մի քանի տողով գրառում էր արել, ասվում էր.
«Լավ քննարկում եմ ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության շուրջ։ Ես ողջունում եմ Հայաստանի դրական քայլերն Ադրբեջանին և Թուրքիային ընդառաջ։ Տարածաշրջանի երկրների միջև քննարկումներն առանցքային են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»:
Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանի հրահանգով կառավարությունը պաշտոնական ծավալուն հաղորդագրություն տարածեց.
«Քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Հաղորդագրության մեջ ասվում է՝ քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին:
Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, թե Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»:
Ըստ Հայաստանում անցկացված Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) դեռևս անցած տարվա դեկտեմբերին անցկացված հետազոտությունը ցույց էր տվել, որ հարցման մասնակիցների մեծ մասի կարծիքով «Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ», որ երկիրը կառավարվում է ի շահ որոշ խմբերի, որ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից ենտարածքային ու սահմանային հարցերը, գործազրկությունը, ազգային անվտանգությունը, որ մեծամասնությունը դժգոհ է Կառավարության և Ազգային ժողովիաշխատանքից: Ավելին, հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք էր դիտարկել նախ Թուրքիան, հետո Ադրբեջանը: Հարցմանը մասնակցած քաղաքացների շուրջ 96%-ը վստահ էր՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր է Հայաստանի ապագայի համար:
Այնպես որ, Փաշինյանը Բլինքենին ստել է, Հայաստանի հանրությունը չի աջակցում Փաշինյանի ուղեգիծը և, վստահաբար, ոչ միայն Բլինքենն այդ մասին գիտի:
Իլհամ Ալիևը, նույնիսկ նրա կինը, քաղաքական և փորձագիտական շրջանակները Փաշինյանին հորդորում են հայ ժողովրդին ասել ողջ ճշմարտությունը՝ պայմանավորվածությունների մասին: Մեհրիբանը նույնիսկ ամուսնուն խնդրել էր այլևս «Nə oldu Pashinyan» (Դե ինչ, Փաշինյան) արտահայտությունը չասել։ Ադրբեջանցիներն այն դարձրել էին երգի բառեր, երգում էին, նկարահանում ու տարածում։ CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևն ասել էր. ««Ես տեսնում եմ, որ իմ արած «Nə oldu Pashinyan?» (Դե ինչ, Փաշինյան) արտահայտությունը մեմ է դարձել։ Ես նորից կցանկանայի այդպես դիմել Փաշինյանին, բայց տիկին Մեհրիբանն ինձ տանը ասաց, որպեսզի ես այլևս չգործածեմ այդ արտահայտությունը»։
Հայ-թուրքական հանդիպումներից հետո հայկական կողմը հայտարարում է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մտադրության մասին, իսկ թուրքական կողմը այդ նույն հարաբերությունների կարգավորման է գնում նախապայմանների հսկա փաթեթով։ Թուրքիայից գրեթե ամեն օր հիշեցնում են այդ նախապայմանները:
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլունհուլիսի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում: Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանը հենց սկզբից «կարմիր գիծ» է եղել Անկարայի համար, մինչև դա չլուծվի՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող:
Մեր կարմիր գիծն ի սկզբանե եղել է Ադրբեջանը։ Մենք ասել ենք, որ «կբացենք մեր դռները» Ադրբեջանի հետ խնդրի լուծումից հետո։ Ուրախ եմ նաև, որ Փաշինյանը մեզ հետ կիսում է համանման տեսակետները տարածաշրջանային խաղաղության և համագործակցության հարցում»,-ասել է Էրդողանը։
Չավուշօղլուն բացահայտ ասում է, որ հայ-թուրքական կարգավորումն իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենց քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում՝ «Հայաստանի ժողովրդին դա դուր է գալիս, թե ոչ, սա է իրականությունը»,-ասել է նա:
Այս ամենին ի պատասխան՝ հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը որոշում են մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները, ինչպես նաև պայմանավորվում են ամենասեղմ ժամկետներում բացել ցամաքային սահմանը՝ կասկածելի երրորդ երկրների քաղաքացիների համար:Ի դեպ, ըստ Ստամբուլի մեր հայրենակիցների՝ մինչ այդ հանդիպումն արդեն երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը արդեն բացել էին:
Հայաստանի իշխանությունը, օրինակ, ի դեմս ՔՊ-ական ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի (Դիջեյ Էդոյի), ով դիջեյ-գիշերային կասկածելի փարթիների արանքում արտաքին քաղաքական հարցերով է զբաղվում Անկարայից ու Բաքվից ամենօրյա ռեժիմով հնչող պահանջները նախապայման չի համարում. «Դա նախապայման համարել չի կարելի։ Թուրքիան, ըստ էության, մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, որը, բնականաբար, մեզ համար երբևէ ընդունելի չի եղել»,-հայտարարել է նա: Քաղաքական անմեղսունակությո՞ւն, տհասությո՞ւն, թե՞ թշնամական պետությունների օրակարգերի սպասարկում: Թողնենք՝ ընթերցողին:
Ի դեպ, հուլիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի գրասենյակը:
«Պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ առաջարկը՝ աջակցելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինքենը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակումը, ինչպես Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն էր: Պետքարտուղարը նաև վերահաստատել է աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումների իրականացմանը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ աշխատանքներում՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն:
Պետքարտուղար Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,- ասվում էր պետդեպի հայտարարության մեջ:
Ալիևին մոտ կանգնած ԶԼՄ-ն անմիջապես ԱՄՆ Պետդեպին մեղադրեց «ապատեղեկատվություն տարածելու» և «ոչ կոմպետենտության» մեջ:
«Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների մասնակցության վերսկսման թեման։ Դիվանագիտական աղբյուրներից haqqin.az-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալիևի և Բլինքենի զրույցում Մինսկի խմբի մասին որևէ հիշատակում չի եղել, ինչի կապակցությամբ աղբյուրն անկեղծ տարակուսանք է հայտնել այդպիսի ակնհայտ ապատեղեկատվության փաստի առնչությամբ՝ այն ծայրահեղ անտեղի և նույնիսկ անպատասխանատու անվանելով։ Կոմպետենտ և ճիշտ չէ քննարկել մոռացված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գաղափարը»,- գրեց ադրբեջանական haqqin.az-ը:
Ըստ Բաքվի հաղորդագրության՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն արդեն ձևավորել է խաղաղ համաձայնագրի նախապատրաստման իր հանձնաժողովի կազմը և ակնկալում է, որ Հայաստանը կանի նույնը։
Ինչո՞ւ է հենց հիմա դժգոհում ադրբեջանական կողմը, այն դեպքում, երբ դեռ հունիսին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը իր հարցազրույցում ասել էր, որ «ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման»:
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպում է ՀՀ ֆինանսների նախարարի հետ, ապա նույն լրատվամիջոցին՝ «Ազատությանը» հարցազրույց է տալիս՝ ասելով, որ ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը:
Իսկ լրագրողի հարցին՝ «Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են առաջ գնալ առանց նախապայմանների, այնուամենայնիվ, Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այս պայմաններում հաշտեցումն իրատեսական համարո՞ւմ եք», Լին Թրեյսին, ըստ էության, չի հերքում նախապայմանների հարցը, ասելով.
«Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, փորձենք ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի և Թուրքիայի կողմից։ Մենք նաև տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, և կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային առաջընթաց գրանցել և տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում»:
ԱՄՆ-ն այս օրերին ինտենսիվորեն և ամեն կերպ շարունակում է Փաշինյանի կառավարությանն առաջարկել իր օգնությունը, ինչն իր հերթին նշանակում է Փաշինյանին՝ իր ամենաթանկը՝ իշխանությունը պահելու երաշխիքներ տալ՝ շեշտելով իր ազդեցությունը, տողատակերում զգուշացնում է ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունեցող երկրների հետ(մասնավորապես Ռուսաստանի, Իրանի հետ) քաղաքական խաղերի վտանգների, ռուս-թուրքական հաղորդակցությունների բացման կապակցությամբ իր մտահոգությունների մասին։
Փաշինյանը վախենում է պատմել ողջ ճշմարտությունը, չնայած այն բանին, որ ռուսական, ամերիկյան, եվրոպական, թուրքական, ադրբեջանական պաշտոնական և փորձագիտական շրջանակները թե տողատակերում, թե բացահայտ հստակ ներկայացնում են՝ ինչ է իրականում պայմանավորվել Փաշինյանը: Շատերն արդեն իսկ լուրջ կասկածներ են հայտնում Փաշինյանի և նրա թիմակիցների լուրջ գործակալական ցանցերում ընդգրկված լինելու և հակահայկական ծրագրեր իրականացնելու մեջ: Նա ոչ միայն վախենում է իշխանություն կորցնելուց, այլև անձնական անվտանգությունից: Եկել է կողմերից առնվազն մեկին «քցելու» ժամանակը. օղակը սեղմվում է և շահագրգիռ կողմերը, գերտերությունները սպասում են խոստումների իրականացմանը: Չէ՞ որ Փաշինյանի իշխանությունը գոյություն ունի բացառապես գերտերություններին տրված խոստումների շնորհիվ:
Արևմտյան ֆինասավորմամբ, դրամաշնորհներով անվերապահ աջակցություն վայելող մարդ-կուսակցությունները, այսպես կոչված՝ սորոսամերձ հասարակական կազմակերպությունները և մեդիաները, կառավարությունում, ՏԻՄ-երում, ՍԴ-ներում սողոսկած-ծվարած սորոսամերձները ատամները սրած, սվինները ձեռքներին՝ սպասում են՝ ո՞ր կողմ կթեքվի, ի վերջո, Փաշինյանը՝ Ռուսաստանի, թե՞ հավաքական Արևմուտքի: Պատահական չեն, որ տևական ժամանակ է՝ մինչ օրս անվերապահ նրան աջակցող որոշ շրջանակներ մերթընդմերթ դժգոհում են նրա գործունեությունից, կառավարությունից, առանձին գործիչներից: Գրեթե մեկ կետից հրահանգ ստացող այդ կազմակերպություններն ու անհատները մեկ օրում հականիկոլական կդառնան, երբ «ֆասի» հրահանգը ստանան: Փաշինյանը դեռ մանևրում է: Ավելին, Փաշինյանի ՔՊ-ում էլ սորոսամերձ պատգամավորներն ու կառավարության անդամները «նա ստարտ» վիճակում են:
Հիշում եք, 2021թ. հունիսին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հրապարակեց մի ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը հարբած, թե սթափ՝ մանրամասներ էր պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։
«Երբ որ ես 2018 թվականի մայիսի 12-ին գնում եմ Սոչի և էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ մեր առաջին ծանոթությունը տեղի ա ունենում: Էդտեղ՝ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, սուրճ են խմում և այլն, էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը՝ Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես և այլն, և այլն և պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես: Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասենք՝ ինչ ա նշանակում լուծել: Ու իրանք նորից պատմում են ինձ էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն: Ես ասում եմ էն, ինչ-որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն:
Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա՞, թե չէ: Չէ, բայց ասում ա, երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում է, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի, չի լինի, դա չի լինի:
Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ՝ ես հասկացա, որ իրանք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր: Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլնել:
Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք ա դուրս պրծնել։
Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր»,-Փաշինյանը պատմում էր ձայնագրության մեջ: Ներքաղաքական որոշ շրջանակներ չհասկացան, իհարկե, այդ ձայնագրության բացահայտման իմաստը, բայց որոշները հստակ հասկացան:
Այնպես որ, Փաշինյանի այն հայտարարությունը, թե հայ հասարակությունը պաշտպանում է իր «խաղաղության օրակարգը», մեծագույն սուտ է, որի, այդ թվում՝Փաշինյանի և նրա ՔՊ-ականների իրական վարկանիշի մասին տվյալներին և պատասխաններին սոցհարցումների տեսքով տիրապետում են թե ԱՄՆ, թե Ռուսաստանի, թե Մեծ Բրիտանիայի, թե Թուրքիա-Ադրբեջան, թե Իրանի իշխանությունները:
«Գժի տեղ» դնելով, կամ թե «մի քիչ նեադեկվատ թվալով», այս անգամ խնդրից չի խուսափի, կոնվեյերներից էլ դուրս չի պրծնի: Աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնք նրան բերել են իշխանության և այսքան կորուստներ բերել Հայաստանին ու Արցախին, այժմ նրանից պետք է ստանան այն, ինչի համար փնթի այդ գործչին ոչնչից հերոս են սարքել: Մի հրահանգով՝ նրա կողքին ոչ միայն իր կոռումպացված և այլասերված թիմը չի լինի, այլևս սեփական Աննա Հակոբյանը: Եկել է հատուցման և իրեն իշխանության բերող, բազմաթիվ երիտասարդների արյան, Արցախի, Հայաստանի տարածքների կորստի գնով նրան իշխանության պահող կենտրոններին պարտքերի հատուցման պահը:
Ժամանակն է: Ափսոս է երկիրը: