Վահագն Խաչատուրյանի օդում կախված խոստումները. հնդկական ԱԹՍ-ներ են գնելու «տեղական» պահանջարկը բավարարելու փոխարեն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նախարար եղած ժամանակ հայտարարում էր, թե հրահանգ է ստացել Նիկոլ Փաշինյանից զարկ տալու տեղական ռազմարդյունաբերությանը։
Ավելին, Վահագն Խաչատուրյանը հանրային հեռուստաընկերության եթերում հավաստիացնում էր, որ տեղական ռազմարդյունաբերությանն այնպես են զարկ տվել, որ շուտով կունենանք ԱԹՍ-ների տեղական այն ծավալի արտադրություն, որ կկարողանանք ոչ միայն բավարարել մեր ներքին պահանջարկը, այլ նաև արտահանել։
«Համոզված եմ, որ շատ մոտ ժամանակում մենք նորից հաջողություններ կարձանագրենք, մի քանի նոր տեսակի ԱԹՍ-ների արտադրություն կունենանք և, ինչո՞ւ չէ, կարող ենք ամբողջ պահանջարկը բավարարել։ Ամենակարևորը, որ տեխնոլոգիաների առումով դրանք ամբողջովին տեղական են, որակը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին»,- ասել էր ԲՏԱ նախկին նախարար Խաչատուրյանը՝ իր այս վստահեցումներով առաջացնելով տեղական ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների զարմանքը, որովհետև իրականում նրանք առնչվում էին լրիվ հակառակ փաստերին:
Ստացվում է՝Փաշինյանի Կառավարությունը ոչ թե նպաստում է ռազմարդյունաբերության զարգացմանը, այլ ընդհակառակը, բյուջեով հատկացված 5.2 միլիարդի կեսն էլ չզեկուցվող նախագծով հետ է ուղարկում բյուջե՝ ծախսելու այլ նպատակի համար։
Վահագն Խաչատուրյանի այս հարցազրույցից մի քանի ամիս անց Խաչատուրյանը դարձավ ՀՀ նախագահ՝ անկատար թողնելով ոչ միայն իր տված խոստումները, այլ նաև ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնելով տեղական ռազմարդյունաբերությամբ զբաղվողներին։
Նախկիններին տեղական ռազմարդյունաբերությունը չզարգացնելու մեջ մեղադրող Խաչատուրյանի խոստումներն ու վստահեցումները օդում կախված մնացին. տեղական ԱԹՍ-ները ոչ միայն չբավարարեցին ներքին պահանջարկը, այլ նաև չարտահանվեցին, ավելին, պարզվեց, որ ներքին պահանջարկի բավարարման համար ՀՀ-ն ինքն է անօդաչուներ գնում ուրիշ երկրից՝ Հնդկաստանից։
Հանրային հեռուստաընկերության հարթակը օդում կախված պարապ հայտարարությունների համար օգտագործած Վահագն Խաչատուրյանի ասածները հերքեց նաև օրերս հնդկական DNA առցանց պարբերականի հրապարակումը՝ տեղեկացնելով, որ Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ: Ըստ հնդկական լրատվամիջոցի՝ հունիսին այդ նպատակով Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ:
«Ադրբեջանի հետ պատերազմի ետնախորքին Հայաստանը դիմում է Հնդկաստանին ռազմական տեխնիկայի համար» խորագրով հոդվածում հնդկական թերթը վկայակոչել է անանուն հնդիկ պաշտոնյայի հաղորդած տեղեկությունները՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստան էր գնացել զենքի գնումների ցուցակով, որում եղել են նաև հնդկական դրոններ:
«Թեև քիչ բան է հայտնի ցուցակի բովանդակության մասին՝ հաստատվել է, որ անօդաչուները կարևոր տեղ են զբաղեցրել ցուցակում: Բայց ցուցակում եղել են ոչ միայն անօդաչուները՝ ինչպես հաստատեց պաշտոնյան՝ չխորանալով մանրամասների մեջ: Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի հանդեպ: 2020 թ. Հայաստանը 40 մլն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ հնդկական SWATHI ռադարներ գնելու վերաբերյալ»,- գրել էր թերթը, որը թարգմանել և հրապարակել է Արմենպրես պետական գործակալությունը։