Ինչո՞ւ Վահագն Խաչատուրյանը չի տեսնում ռազմարդյունաբերության ոլորտի ճգնաժամը

7 ամիս Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած և բացառապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորների կողմ քվեարկած ձայներով Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը, որ մարտի 13-ին երդման արարողությունից հետո միայն ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը, օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ռազմարդյունաբերության զարգացման թեմային, հպարտությամբ վստահեցրել էր, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք արտադրում են սպառազինություն, ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքեր, որոնք շատ մոտ ժամանակներում կհամալրեն բանակի սպառազինությունը։

«Համոզված եմ, որ շատ մոտ ժամանակում մենք նորից հաջողություններ կարձանագրենք, մի քանի նոր տեսակի ԱԹՍ-ների արտադրություն կունենանք և, ինչո՞ւ չէ, կարող ենք ամբողջ պահանջարկը բավարարել։ Ամենակարևորը, որ տեխնոլոգիաների առումով դրանք ամբողջովին տեղական են, որակը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Հատկապես պատերազմով անցած պետության, բանակի պահանջները շատ խիստ են դրված։ Եվ պահանջների պատճառով է, որ որոշակի առումով ուշացումներ եղան։ Հայաստանը մեծ թվաքանակով զենքեր է արտադրում, որոնք արդեն կիրառության մեջ են»,- ասել է Խաչատուրյանը՝ դրական գնահատելով ԲՏԱ նախարարության և տեղական ռազմարդյունաբերությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների միջև համագործակցությունն ու կապը։

Ի տարբերություն Խաչատուրյանի այս լավատեսության՝ տեղական արտադրող-ԲՏԱ նախարարություն կապի վերաբերյալ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խիստ մտահոգիչ գնահատականներ էր հնչեցրել ԱՏՁՄ տնօրեն, ինչպես նաև ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը։

Նրա գնահատմամբ՝ մասնավոր ընկերություններ-ԲՏԱ նախարարություն կապը պարզապես ճգնաժամային է։

«Եթե ասեմ, որ մասնավոր ոլորտը դժգոհ է ռազմարդյունաբերական գործընթացներից, կնշանակի՝ ոչինչ չասել։ Իրականում, ինքս ճգնաժամային եմ համարում այս ոլորտում իրականացված քայլերը։ Շատ թերություններ կան՝ կապված նաև ընթացակարգերի ու սուբյեկտիվ հանգամանքների հետ, օրինակ՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն ղեկավար չունի, և այլն։ Ես կարծում եմ, սակայն, որ մենք այս բեռն այլևս չպետք է տանենք»,- շեշտել էր Չոբանյանը։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում բանակի արդիականացման, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական արտադրանքով համալրելու ուղղությամբ տարվող քայլերը բավականին թույլ էր որակել նաև Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այն, որ բանակի արդիականացման տեմպերը բավականին թույլ են, դա փաստ է։ Ռազմական արդյունաբերության ոլորտում նկատելի պետք է լինեն բարեփոխումները նաև հանրության համար, սակայն դա չկա։ Այն, որ մեկ տարուց ավելի է, Ռազմարդյունաբերության կոմիտեն չունի ղեկավար, դա էլ խոսում է այն մասին, որ իրենք չեն վստահում որևէ ղեկավարի»,- ասել էր Սեյրան Օհանյանը՝ ռազմարդյունաբերության ու բանակաշինության հարցերում ստեղծված վիճակը հետպատերազմյան Հայաստանում համարելով անընդունելի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս